Կարևոր իրադարձություններ

«Պալաս» առևտրի կենտրոնում հակահրդեհային ուսումնավարժության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ. ԱԻՆ

05 Մայիս, 2018 15:35
«Պալաս» առևտրի կենտրոնում հակահրդեհային ուսումնավարժության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ. ԱԻՆ

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հրամանով` շարունակվում են «Հակահրդեհային պատրաստվածության մակարդակի բարձրացման փուլի» շրջանակում  հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում իրականացվող ուսումնավարժությունները:

Մայիսի 5-ին հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանքն անցկացվեց Նոր Նորք վարչական շրջանում գտնվող՝ հասցե Գայի պողոտա 12/2, «Պալաս» առևտրի կենտրոնում` «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և քաղաքացիների տարահանումը» թեմայով:

Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Ըստ ուսումնավարժանքի պլանի մտահղացման՝ հրդեհն առաջացել էր առևտրի կենտրոնի տաղավարներից մեկում, աշխատակիցների կողմից ձեռնարկվել են անձնակազմի և հաճախորդների տարհանման, ինչպես նաև` հրդեհի մարման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չէր հաջողվել և այն տարածվել է ամբողջ սրահով:

Ծխապատ գոտում կային արգելափակված մարդիկ:

Դեպքի վայր ժամանելուց հետո հրշեջ-փրկարարների կողմից կատարվում է հետախուզություն, իրականացվում են որոնողափրկարարական, տարահանման և հրդեհաշիջման աշխատանքներ: Վարժանքին մասնակցում էին ԱԻՆ փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Ուսումնավարժությանը ներգրավված էր նաև Նոր Նորք վարչական շրջանի կանաչապատման ավտոմոբիլ-ցիստեռնը՝ հրշեջ մեքենաների լիցաքորվման համար:
Ուսումնավարժության ընթացքում ի հայտ եկան մի շարք խնդիրներ՝ կապված հակահրդեհային ազդարարման համակարգի, սարքավորումների և տարահանման ելքերի հետ: Մասնավորապես՝
ներքին հրդեհաշիջման ծորակները չեն գործում,
բացակայում է հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը,
հիդրանտները տեղակայված են շինությունից բավական հեռու և, ըստ էության, պիտանի չեն,
որոշ տաղավարներում բացակայում են հրդեհի ազդարարման տվիչները, իսկ տեղադրվածները կարիք ունեն ստուգման,
տարահանման ուղիներում առկա են դյուրավառ և այրվող նյութեր, որոնք պետք է ապամոնտաժվեն:
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին առևտրի կենտրոնի ղեկավար կազմի հետ համատեղ աշխատել հայտնաբերված թերությունների շտկման ուղղությամբ:

Ուսումնավարժանքի նպատակն էր ստուգել «Պալաս» առևտրի կենտրոնի անձնակազմի և արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաև կատարելագործել առևտրի կենտրոնի անձնակազմի և արձագանքող ուժերի համագործակցությունը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին