Կարևոր իրադարձություններ

Էրեբունիում դիմակավորված անձանց կողմից ցուցարարների վրա հարձակվելու առթիվ հարուցված քրգործը վարույթ է ընդունվել. ՔԿ

25 Ապրիլ, 2018 16:27
Էրեբունիում դիմակավորված անձանց կողմից ցուցարարների վրա հարձակվելու առթիվ հարուցված քրգործը վարույթ է ընդունվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել եւ վարույթ է ընդունվել ապրիլի 22-ին Էրեբունի եւ Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում դիմակավորված անձանց կողմից քաղաքացիների վրա հարձակվելու եւ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2018թ. ապրիլի 22-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երեւանի Էրեբունի եւ Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում երթ իրականացնելիս, դիմակավորված անձինք  հարձակվել են իր եւ երթի մասնակից մի շարք  քաղաքացիների վրա, քարերով, մահակներով եւ էլեկտրահարող սարքերով հարվածներ հասցրել, որի հետեւանքով երթին մասնակից անձանցից մի քանիսն ստացել են մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔԳՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Քրեական գործը քննիչի կողմից ընդունվել է վարույթ, կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները,  ենթադրյալ հանցագործություն կատարած  անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին