Կարևոր իրադարձություններ

Ներքին համախմբվածության խարխլման ցանկացած փորձ վտանգավոր է, այն չի կարող չազդել սահմաններում տիրող իրավիճակի վրա. Բակո Սահակյան

21 Ապրիլ, 2018 14:28
Ներքին համախմբվածության խարխլման ցանկացած փորձ վտանգավոր է, այն չի կարող չազդել սահմաններում տիրող իրավիճակի վրա. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայտարարություն է տարածել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ, որի մեջ մասնավորապես ասված է.

«Այս օրերին համայն հայության ուշադրությունը սևեռված է Երևանում և Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքներում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Արցախը չի կարող անտարբեր մնալ Մայր Հայաստանում ընթացող զարգացումների նկատմամբ և նույնպես հետևում է այդ ամենին:

Հայրենիքի համար, որը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, և որին ամեն վայրկյան սպառնում է նենգ թշնամին, ապակայունացման, ներքին համախմբվածության խարխլման ցանկացած փորձ վտանգավոր է և հղի վատագույն հետևանքներով, ինչը չի կարող չազդել անվտանգության, պաշտպանունակության և սահմաններում տիրող իրավիճակի վրա:
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր կարծիքն ու տեսլականը ներկայացնելու երկրի ներկայի ու ապագայի վերաբերյալ:Դա անքակտելի իրավունք է, որն ամրագրված է Սահմանադրությամբ: Սակայն, այդ իրավունքը պետք է իրականացվի բացառապես օրենքի սահմաններում՝ երբևիցե չմոռանալով, որ հայկական երկու պետությունների անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը եղել եւ մնում է մեր ներքին կայունությունը:

Սիրելի՛ հայրենակիցներ,
Կոչ եմ անում բոլորիդ՝ անվերապահորեն հետևել օրենքի տառին ու ոգուն, վիճահարույց հարցերը կարգավորել երկխոսության միջոցով, ցուցաբերել զսպվածության և պատասխանատվության բարձր աստիճան:
Մենք պետք է թույլ չտանք այնպիսի սխալներ, որոնց հետեւանքները կարող են ճակատագրական լինել մեր ժողովրդի եւ հայոց ազատ ու անկախ պետականության համար, որը թանկ ու գերագույն արժեք է ամեն մի հայի համար՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին