Կարևոր իրադարձություններ

«Երևան սիթի» և «Հայ-բելառուսական առևտրի տուն» կենտրոնների հակահրդեհային համակարգերում խախտումներ են հայտնաբերել. ԱԻՆ

21 Ապրիլ, 2018 12:34
«Երևան սիթի» և «Հայ-բելառուսական առևտրի տուն» կենտրոնների  հակահրդեհային համակարգերում խախտումներ են հայտնաբերել. ԱԻՆ

Ապրիլի 20-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կազմակերպմամբ «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների տարահանումը» թեմայով հատուկ մարտավարական ուսումնավարժություններ են իրականացվել «Հայ-բելառուսական առևտրի տանը» և Օհանովի 21 հասցեում գտնվող «Երևան սիթի» առևտրի կենտրոնում: «Հայ-բելառուսական առևտրի տանը» իրականացված վարժանքին՝ որպես դիտորդ, հետևում էին Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԳԿԽԲՎԵԿ) երկրամասային դպրոցի դոցենտ-փորձագետ, ԳԿԽԲՎԵԿ համագործակցության պատասխանատու Վոլֆգանգ Շմիդտը և Շտուտգարտի ահազանգման կենտրոնի վերապատրաստումների բաժնի ղեկավար, կարգավար-օպերատոր Ռայ Կոլանգեն։

Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով՝ իրականացվող բազմաթիվ վարժանքների նպատակն է.
•ստուգել առևտրի կենտրոնի անձնակազմի պատրաստվածությունը հրդեհի դեպքում, մինչև արձագանքող ուժերի ներկայանալը,
•ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս,
•կատարելագործել առևտրի տան անձնակազմի և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:

Համաձայն վարժանքի սցենարի՝ հրդեհի առաջացման դեպքում առևտրի տների աշխատակիցները պետք է կարողանան իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ մինչև հրշեջ-փրկարարական ջոկատների ժամանումը՝ օգտագործելով օբյեկտներում առկա հակահրդեհային համակարգը: Հրշեջ-փրկարարների ժամանման պահին հրդեհը շարունակում է տարածվել, տարածքը ծխապատվում է, և ծխապատ գոտում կան մարդիկ:

Ուսումնավարժությանը ներգրավված ԱԻՆ փրկարար ծառայության ուժերը իրականացրեցին մի շարք օպերատիվ գործողություններ՝ հրդեհի հայտնաբերում, աշխատակիցների և հաճախորդների ազդարարում, տարահանման փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում, ահազանգում, ուժերի և միջոցների ներգրավվում, օպերատիվ փաստաթղթերի ուսումնասիրում, հրդեհի վայրի հետախուզության անցկացում, իրավիճակի գնահատում, կարգադրություններ հրդեհաշիջման գործողությունների մասին և այլն: Իրականացվել են նաև հրդեհաշիջման և ծխապատ գոտուց հաճախորդների և աշխատողների տարահանման աշխատանքներ:

Ուսումնավարժությունների ավարտին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները մի շարք խախտումներ հայտնաբերեցին երկու օբյեկտների հակահրդեհային համակարգերում: Մասնավորապես՝ բացակայում են հրդեհաշիջման ներքին ծորակները, հրդեհաշիջման պարզագույն միջոցները, հոսանքազրկման դեպքում տարահանման ելքերը փակվում են և կարող են բացվել միայն անվտանգության աշխատակիցների կողմից: 

Օհանովի 21 հասցեում գտնվող «Երևան սիթի» առևտրի կենտրոնում բացակայում է ձայնային ազդարարման համակարգը, տարահանման սխեմաները: «Հայ-բելառուսական առևտրի տանը» բացակայում է հրդեհաշիջման ավտոմատ համակարգը:

ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները բացատրական աշխատանքներ իրականացրեցին օբյեկտների անձնակազմի հետ՝ ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքների միջոցով շտկել առկա թերությունները:

Նշենք, որ ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հանձնարարությամբ՝ Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը ռիսկի վրա հիմնված ստուգումներ է իրականացնելու «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում: Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի՝ ՀՀ ԱԻՆ Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից հանրապետության տարածքում արդեն իսկ իրականացվել է 202 ստուգում և հրդեհային հետազոտություն, տնտեսվարողներին հանձնվել են թերությունները շտկելու կարգադրագրեր, միջոցառումները շարունակվում են:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին