Կարևոր իրադարձություններ

Քաղաքացիական զգեստներով բերման ենթարկելու գործողություն իրականացնող անձինք ոստիկանության ծառայողներ են. Աշոտ Ահարոնյան

20 Ապրիլ, 2018 12:36
Հեղինակ՝ Աշոտ Ահարոնյան
Քաղաքացիական զգեստներով բերման ենթարկելու գործողություն իրականացնող անձինք ոստիկանության ծառայողներ են. Աշոտ Ահարոնյան

Պայմանավորված Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի մասնակիցների կողմից հասարակական կարգը խախտող խմբային գործողություններով, ոստիկանությունը ներկա պահին իրականացնում է ոչ միայն հասարակական կարգի պահպանության, այլև հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման, խափանման գործողություններ: Նշված գործողությունների ընթացքում ոստիկանությունը կարող է օգտագործել նաև այլ ուժեր: 
Հայտարարում ենք, որ քաղաքացիական համազգեստներով բերման ենթարկելու գործողություն իրականացնող անձինք ոստիկանության ծառայողներ են, որոնց գործողությունների համար ամբողջ պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը: 
Հիշեցնում ենք, որ վերջին օրերին ոստիկանությունը հրապարակել է մեկ տասնյակից ավելի հայտարարություններ և հաղորդագրություններ, որոնք տարածվել են նաև զանգվածային լրատվության միջոցներով: Մասնավորապես, բազմիցս նախազգուշացվել է, որ փողոցներ փակելը, երթևեկությանը խոչընդոտելը, ինչպես նաև այդպիսի գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության օրինական պահանջները չկատարելը իրավախախտումներ են, որոնք կկանխվեն և կխափանվեն ոստիկանական հարկադրանքի միջոցներով:
Ոստիկանությունը պարզաբանում է հավաքի իրավախախտ մասնակիցներին, որ ոստիկանության կողմից վերը հիշատակված բազմաթիվ նախազգուշացումները, կոչերը և հայտարարությունները դրանք հրապարակելու ուժով արդեն իսկ հանդիսանում են պաշտոնապես ներկայացված օրինական պահանջներ, որպիսի փաստի առկայությամբ՝ դրանց չկատարումը իրավաչափորեն հանգեցնելու է բացասական իրավական հետևանքների:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին