Կարևոր իրադարձություններ

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը կոնգրեսականներին կոչ է արել նախագահ Թրամփին հորդորել՝ հավուր պատշաճի հիշատակելու Հայոց ցեղասպանութունը

11 Ապրիլ, 2018 23:16
Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը կոնգրեսականներին կոչ է արել նախագահ Թրամփին հորդորել՝ հավուր պատշաճի հիշատակելու Հայոց ցեղասպանութունը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով աջակցության խումբը Ներկայացուցիչների պալատի իր գործընկերներին կոչ է արել միանալ իրենց արշավին և հորդորել նախագահ Դոնալդ Թրամփին՝ անտեսելու Թուրքիայի ճնշումներն ու ապրիլի 24-ին ազնվորեն և հավուր պատշաճի հիշատակելու Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:

«Էրդողանը վնասում է ԱՄՆ շահերին՝ վիրավորելով ԱՄՆ դաշնակիցներին և սպառնալով ամերիկյան ուժերին, և չնայած այդ ամենին՝ նրան իրավունք է տրվում վետո սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ Հայոց ցեղասպանության շուրջ քաղաքականության հարցում», - ասել է «Հայ դատի» հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանը:

Կոնգրեսի հայկական հարցերով աջակցության խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփիըրը, Դևիդ Թրոթը և Դևիդ Վալադոն, ինչպես նաև փոխնախագահներ Գաս Բիլիրակիսը և Ադամ Շիֆը կոնգրեսականներին ուղղված նամակում ընդգծել են.

«Հայոց ցեղասպանությունը շարունակում է կարևոր հիշեցում լինել առ այն, որ մարդկության դեմ հանցագործությունները չպետք է առանց ճանաչման և անպատիժ մնան»:

Դոնալդ Թրամփին ուղղված նամակում նրանք կոչ են արել «հավուր պատշաճի ապրիլի 24-ը նշել որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր»:

«Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ բարեկամական կապերի ընդլայնմանը, որոնք երկար ժամանակ միավորել են ամերիկացի և հայ ժողովուրդներին: Մեր համատեղ պատմության ամենահպարտ էջերից է Ամերիկայի նշանակալից դիմագրավումը Ցեղասպանությանը և հանցագործությունից փրկվածների մասին հոգ տանելը: 1915-ին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն օգնել է վավերագրել հայ ժողովրդի դաժան կոտորածը, որն իրագործվել է զանգվածային սպանությունների և բռնի տեղահանման միջոցով:

Ոգեկոչելով Ցեղասպանության զոհերի հիշատակը և կրկնապատկելով մեր ջանքերը ցեղասպանությունները կանխելու գործում՝ կոչ ենք անում ապրիլի 24-ը նշել որպես Հայոց ցեղասպանության ամերիկյան հիշատակի օր»,- ասվում է Թրամփին ուղղված նամակում:

 

Լրահոս

Դիտել ավելին