Կարևոր իրադարձություններ

«Սուրբ գիրքն ամեն օր»

17 Մարտ, 2018 13:08
Հեղինակ՝ Ռուբեն վարդապետ Զարգարյան
«Սուրբ գիրքն ամեն օր»

ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (17 մարտ 2018թ.)
ՄԵԾ ՊԱՀՔ, օր երեսունչորսերորդ
Սբ. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու հիշատակության օր

Անզգամ մարդիկ այսպես խորհեցին. «Մեր կյանքը կարճ է և ցավերով լի: Երբ մարդ հասնի իր վախճանին, ոչ մի փրկություն չկա, և չկա մեկը, որ վերադարձած լինի մահվան գերեզմանից։ Մենք պատահաբար ենք ծնվել և սրանից հետո էլ չեղածների պես ենք լինելու... Մեր անունը պիտի մոռացվի ժամանակի ընթացքում, և ոչ ոք չի հիշելու մեր գործերը։ Եվ ինչպես ամպի հետք, պիտի անցնի մեր կյանքը և պիտի ցրվի շամանդաղի նման՝ արեգակի ճառագայթներից հալածված ու քշված նրա տապից։ Արդարև, մեր կյանքը սահող ստվեր է, և ոչինչ չի կարող արգելել մարդուս վախճանը, քանզի երբ վախճանը կնքվի, այլևս ոչ ոք չի կարող վերադարձնել։ Արդ, եկե՛ք վայելենք այն բարիքները, որ գոյություն ունեն, և ինչպես մանկության օրերին, ըմբոշխնենք այն, ինչ ստեղծված է։ Եկե՛ք հագենանք պես-պես գինիներով և անուշ յուղերով, և թող գարնան ծաղիկը չանցնի մեր կողքով... Եկե՛ք անիրավությամբ բռնադատենք տնանկին, չխնայենք որբևայրուն, չխորշենք ծերի բազմամյա ալեհերությունից։ Թող մեր ուժը դառնա արդարության օրենքը, որովհետև տկարությունը որևէ բանի պիտանի չէ: Դարանակալ լինենք արդարին, որովհետև դժկամ է նա մեր հանդեպ և հակառակ մեր գործերին, նախատինք է տալիս մեզ՝ օրենքների դեմ մեղանչելու համար, և պարսավում է մեզ՝ մեր երիտասարդական մեղքերի համար։ Նախ խոստովանում է, թէ աստվածգիտություն ունի, և իր անձը Տիրոջ որդի է անվանում... Նա մեզ գարշանք է համարում և խորշում է մեր ճանապարհներից, ինչպես պղծությունից. երանի է տալիս արդարների վախճանին և հպարտանալով Աստծուն հայր է կոչում։ Տեսնենք արդյոք ճշմարի՞տ են նրա խոսքերը և փորձենք իմանալ, թե ի՛նչ է լինելու նրա վախճանը։ Եթե, արդարև, Աստծու որդի է, ապա թող Աստված պաշտպանի և ազատի նրան հակառակորդների ձեռքից։ Թշնամանքով և ծեծով խոշտանգենք նրան, որպեսզի տեսնենք նրա հեզության չափը և խելամուտ լինենք նրա համբերատարությանը։ Խայտառակ մահվան դատապարտենք նրան. արդյոք Աստված օգնական կլինի՞ նրան»։ Այսպես խորհեցին և խաբվեցին ամբարիշտները, որովհետև նրանց կուրացրել էր իրենց չարությունը։ Չճանաչեցին Աստծու խորհուրդները և չակնկալեցին ո՛չ սրբության վարձը և ո՛չ էլ ընտրեցին անարատ հոգիների պատիվը։
(Գիրք Սողոմոնի իմաստության 2:1-22)

Հիսուս ասում է.
-Եթե մեկն ուզում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից. որովհետև ով որ ուզենա փրկել իր կյանքը, պիտի կորցնի այն, և ով որ ինձ համար կորցնի իր կյանքը, պիտի գտնի այն: Ի՞նչ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի. որովհետև նա ի՞նչ փրկագին պիտի տա իր կյանքը հետ վերցնելու համար: 
Արդարև, Մարդու Որդին գալու է իր Հոր փառքով՝ իր հրեշտակների հետ միասին, և այն ժամանակ յուրաքանչյուրին պիտի հատուցի ըստ իր գործերի: 
(Մատթեոսի ավետարան 16:24-27)

 

Լրահոս

Դիտել ավելին