Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները քննարկել են ցեղասպանությունների կանխարգելման քայլերը

13 Մարտ, 2018 21:48
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները քննարկել են ցեղասպանությունների կանխարգելման քայլերը

Պաշտոնական այցով Ստոկհոլմ ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 13-ին հանդիպեց Շվեդիայի Թագավորության արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմին:

Ողջունելով հյուրին՝ Շվեդիայի ԱԳ նախարարը նշեց, որ մեծապես կարևորում է Հայաստանի հետ ընդլայնված համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում, ինչն արտացոլվել է վերջին տարիներին ավանդական դարձած փոխայցելությունների և քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ այցելության ընթացքում նոր պայմանավորվածություններ ձեռք կբերվեն հայ-շվեդական բարեկամական համագործակցության առավել խորացման և ընդլայնման նպատակով։

Էդվարդ Նալբանդյանը և Մարգոտ Վալստրյոմը գոհունակությամբ արձանագրեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջև ամուր և բարեկամական համագործակցություն է ծավալվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, ակտիվ են միջխորհրդարանական կապերը:

Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարները քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում մտքեր փոխանակվեցին առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային, շրջակա միջավայրի պաշտպանության, վերականգնվող էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության խորացման շուրջ: Նախարարները կարևորվեցին իրավապայմանագրային դաշտի կատարելագործման անհրաժեշտությունը:

Կողմերն արժևորեցին Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և նշեցին, որ այն նոր լիցք կհաղորդի փոխշահավետ համագործակցության ընդլայնման համար:

Էդվարդ Նալբանդյանը Մարգոտ Վալստրյոմին ներկայացրեց հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և դրա շրջանակներում նախատեսվող գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Երկու արտգործնախարարները քննարկեցին ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերը և այդ համատեքստում անդրադարձան Հայաստանի և Շվեդիայի նախաձեռնություններին։ Էդվարդ Նալբանդյանը Մարգոտ Վալստորմին նվիրեց շվեդ միսիոներուհի Ալմա Յոհանսոնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ մարդասիրական գործունեության մասին պատմող գիրքը։

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապաես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը։

 

Լրահոս

Դիտել ավելին