Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը գործում է «կոդային համակարգով». ՀՀԿ-ի «քյարթերն» ու նախագահի մաստեր կլասը. «Իրատես»

13 Մարտ, 2018 10:15
Սերժ Սարգսյանը գործում է «կոդային համակարգով». ՀՀԿ-ի «քյարթերն» ու նախագահի մաստեր կլասը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Բավականին հետաքրքիր մարտավարությամբ են ընթանում թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Վլադիմիր Պուտինի, թե՛ Հեյդար Ալիեւի նախընտրական արշավները:

Սկսենք Վլադիմիր Վլադիմիրովիչից. այս շաբաթ նա կրկին կդառնա ՌԴ նախագահ: Պուտինը, ըստ էության, հայտարարել էր, որ նախընտրական արշավ չի անցկացնելու, սակայն իրականում վարում է ամենաագրեսիվ, մասամբ` գրագետ քարոզարշավ, քաղաքագիտորեն ձեւակերպած` խիստ կետային թիրախավորմամբ: Ասենք միանգամից` նաեւ խիստ բարեհաջող, եւ որքան էլ անդրօվկիանոսյան նրա հակառակորդները, հատկապես Լավրովի հետ «մուկն ու կատու» խաղացող միստր Թիլերսոնը, փորձեն նոր զենքեր ցուցանող, նախահարձակ, միջուկայինից անգամ չվախեցող, չնայած «ում է պետք Երկիր մոլորակն առանց Ռուսաստանի» մետաֆիզիկական արտահայտությամբ, նախընտրական արշավ անցկացնող Պուտինին անկյուն քշել, այնուհանդերձ, թե՛ Սոլովյովի, թե՛ Կոնդրաշովի ֆիլմ-հարցազրույցները համացանցում այնքան դիտում են ապահովել, որ Լենին պապիկի եւ «ազգերի հայր» Ստալինի անձնական խոհարարի թոռնիկ Վլադիմիրը կարող է նույն ԱՄՆ-ում թեկնածու առաջադրվել ու նաեւ… ընտրվել, մանավանդ որ այդ փորձը, ի դեմս միստր Թրամփի, «ընտրել տալու», արդեն ունի:

Ասել է` Պուտինը նախընտրական այս փուլում իր հիմնական ջոկերը դարձրեց նույն համացանցը, ինչն էլ ապացույց է, որ Ռուսաստանը ժամանակի թրենդի մեջ է եւ, որքան էլ «չգիտի», թե որտեղ են «ամերիկյան սուզանավերը, որոնք կոչնչացնեն Ռուսաստանը», ինչպես կարծում է Պենտագոնի գեներալ Հայթենը, այնուհանդերձ, Պուտինը, որն ընտրվելու ոչ մի խնդիր չունի, քարոզարշավ ու մաստեր-կլաս տվեց այս փուլում` ոչ այնքան իր ընտրողի, որքան արտաքին աչքի, առավել ստույգ` ԱՄՆ-ի համար:

Սերժ Սարգսյան: Ըստ էության, վարչապետության առնչությամբ դեռ որեւէ հայտարարություն չարած Սերժ Սարգսյանը նույնպես նախընտրական քարոզչական «փուլ է ապրում»: «Կոդային» համակարգով: Այդ են ասում նրա «նոն-ստոպ» հանդիպումները հանրության տարբեր շերտերի, հնչեցրած նույնքան կոդային մտքերը` այդ հանդիպումների ժամանակ:

Այս փուլում Սերժ Սարգսյանի քարոզարշավը հիմնականում տանում է նրա թիմը, իհարկե, ոչ շատ գրագետ (զարմանալի է, թե ինչու է այս անգամ Սերժ Սարգսյանը թույլ տվել իր թիմի «քյարթ» անդամներին «գեղգեղալ» այդքան), էլ չենք ասում նրա կողմից «վաստակ ունեցող» կանանց պարգեւատրման արարողությունը, որը նույն համացանցում վերածվեց գրեթե ինկվիզիցիայի, այնուհանդերձ, դրսից եկող «ձայները», փորձագիտական կարծիքները բալանսավորում, հավասարակշռում են ներքին «կորուստները»: 

Ակնհայտ է` Սերժ Սարգսյանը խաղում է նաեւ արտաքին աչքի համար: ՈՒ թե փուլային գնահատական տանք, ապա` ԵԽԽՎ, Մյունխենյան համաժողովներում Սերժ Սարգսյանի «ցուցանած» մաստեր-կլասների շղթան եկավ լրացնելու օրերս Բեռլինում շախմատի առաջնությունում նրա ներկայությունն ու… առաջին քայլի իրավունքը: Չմոռանանք նշանների լեզուն: Ժամանակին Թուրինում առաջին անգամ հայոց շախմատային թիմի հաղթանակը «հաղթական» շարունակություն «ապահովեց» առաջին անգամ նախագահ դարձող Սերժ Սարգսյանի համար: Թե ինչ կլինի այս անգամ, դժվար է ասել, սպասել է պետք. բարդ հարցադրում է:

Եվ վերջապես, «հարգարժան օլուխը»` Իլհամ Ալիեւ անվանյալ: Նա ընտրությունների է գնում, ինչպես միշտ` «դանակը ձեռքին»: «Օլուխը» լայնածավալ զորավարժություններ է անցկացնում այս օրերին` Թուրքիո կողմից Աֆրինի գրավման ֆոնին: Նա խաղում է բացառապես ներքին լսարանի համար, ցուցանելու, որ մարդասպանի համար բոլոր օրերն էլ «մարդակերության տոն» են, իսկ թե ինչպես կգնահատի այդ ամենն արտաքին աշխարհը:

Պետք է սպասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին