Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում աշխատող 25 բժիշկներ իրենց փորձը փոխանակեցին Հայաստանի գործընկերների հետ

14 Հոկտեմբեր, 2015 19:50
ԱՄՆ-ում աշխատող 25 բժիշկներ իրենց փորձը փոխանակեցին Հայաստանի գործընկերների հետ

ԱՄՆ-ում աշխատող 25 բժիշկներ 10 օրերի ընթացքում աշխատել և իրենց փորձն են փոխանակել Հայաստանի իրենց գործընկերների հետ: Այս մասին հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

«ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից և ամերիկացի բժիշկներին ուզում եմ շնորհակալությունս հայտնել այս օրերին հայաստանյան առողջապահական համակարգի համար կատարած աշխատանքի համար», - հանդիպմանն ասաց Սերգեյ Խաչատրյանը:

ԱՄՆ-ում բնակվող հայազգի և ամերիկացի բազմափորձ բժիշկների և մասնագետների պատվիրակության այցը տեղի է ունեցել Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ և ՀՀ Նախագահի ու ՀՀ առողջապահության նախարարի հրավերով:

«Առաջին անգամ այս առաքելությամբ Հայաստանում մեր գտնվելը հիմնաքար ստեղծեց: Հուսով ենք, որ այն կլինի ամուր, որի հիման վրա հարատև կլինի Հայաստան-Սփյուռք համագործակցությունը, և մենք հնարավորություն կունենանք մեր ներդրումը կատարել մեր հայրենիքի բարգավաճման գործում»,- ընդգծեց Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանը:

Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոսը նաև բարձր գնահատեց ինչպես պատվիրակության անդամ հայազգի բժիկների, այնպես էլ ամերիկացի բժիշկների պատրաստակամությունը` կտրվելու իրենց աշխատանքից և իրենց լուման ներդնել Հայաստանի բժշկության զարգացման գործում:

Արձագանքելով ՀՀ Նախագահի` «Տարածքների համաչափ զարգացման» ծրագրին և նպատակ ունենալով նպաստելու մարզերի առողջապահական համակարգերի արդիականացմանը` խումբն առանձնակի կարևորել է մարզերի բուժաշխատողների մասնագիտական կարողությունների բարձրացումը։ Բժիշկների պատվիրակությունն իր առաքելությունն իրականացրեց հանրապետության տարբեր մարզերում` կատարելով անհատույց բժշկական խորհրդատվություններ, վիրահատություններ` փոխանցելով մասնագիտական փորձը, կազմակերպելով դասընթացներ:

ՀՀ առողջապահության նախարարության հետ նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն ամերիկյան մասնագետներն աշխատել են Երևանում և ՀՀ Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում՝ կատարելով խորհրդատվություններ, վիրահատություններ և սադախոսություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին