Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանի պայմանը Արմեն Սարգսյանին. «Ժամանակ»

10 Փետրվար, 2018 10:05
Ծառուկյանի պայմանը Արմեն Սարգսյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երեկ արձագանքելով Արմեն Սարգսյանի նախագահական թեկնածության վերաբերյալ հարցին, պատասխանել է, թե կարծիք եւ դիրքորոշում կհայտնեն նրա հետ հանդիպումներից հետո: Ամենաուշագրավը Ծառուկյանի պատասխանում սակայն այն է, որ նա ակնարկել է Արմեն Սարգսյանի հետ առանձին հանդիպելու մասին: Խոսքը նաեւ խմբակցությունից առանձին հանդիպման մասին է:

«Ասել եմ՝ կհանդիպեմ առանձին եւ՛ Արմեն Սարգսյանի, եւ՛ իմ թիմակիցների հետ, բոլոր թիմակիցների տեսակետը, առաջարկը կլսեմ ու մենք մեր որոշումը կասենք, դուք կիմանաք»,- հայտարարել է Ծառուկյանը, ինչից կարելի է ենթադրել, որ բացի «Ծառուկյան» խմբակցության հետ հանդիպումից, կլինի նաեւ Ծառուկյան-Արմեն Սարգսյան առանձին հանդիպում: Համենայնդեպս, Գագիկ Ծառուկյանը հայտնում է այդպիսի մտադրություն, իսկ գուցե նաեւ պայմա՞ն՝ Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ քվեարկելու մասին:

Հետաքրքիր է, Սարգսյանն ինքը ունի՞ խմբակցությունից բացի Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու ցանկություն: Արմեն Սարգսյանը երեկ հանդիպել է «Ելք» դաշինքին եւ մեկնել Արցախ: Հետաքրքիր է, որ «Ծառուկյան» դաշինքի հետ հանդիպումը, կարծես թե, ձգվում է: Սարգսյանը արդեն հանդիպել է խորհրդարանի չորս խմբակցությունից երեքին, բացի «Ծառուկյան» դաշինքից: Արդյո՞ք դա նշանակում է, որ կան չպարզաբանված խնդիրներ այդ կապակցությամբ, թե՞ Սարգսյանի համար հենց ընդունելի չէ նաեւ առանձին Ծառուկյանի հետ հանդիպումը:

Իսկ ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանն ինքը այդպիսի հանդիպում ակնկալում կամ պայման առաջադրում: Դա զուտ այսպես ասած կարգավիճակ ընդգծելո՞ւ հարց է, երբ, այսպես ասած, նախագահի թեկնածուի հատուկ հանդիպում կլինի Ծառուկյանի հետ, թե՞ ԲՀԿ առաջնորդը ունի Արմեն Սարգսյանի հետ առանձին ֆորմատով քննարկելու շատ կոնկրետ հարցեր, որոնք չի ցանկանում լղոզել խմբակցության ֆորմատում, կամ այդ ֆորմատում քննարկելը ինչ-ինչ այլ պատճառներով է դիտում աննպատակահարմար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին