Կարևոր իրադարձություններ

Դավոսում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական համաժողովը

23 Հունվար, 2018 13:03
Դավոսում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական համաժողովը

Այսօր՝ հունվարի 23-ին, Դավոսում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որի շրջանականերում հանդիպում են ավելի քան 60 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, գործարարներ, քաղհասարակության ներկայացուցիչներ և այլք:

Դավոսի համաժողովը կշարունակվի չորս օր։ Այս տարվա խորագիրն է՝ «Ստեղծելով համատեղ ապագա պառակտված աշխարհում»:

Համաժողովին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետը Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ:

Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև ապրանքաշրջանառությունը 2017 թվականի ընթացքում աճել է շուրջ 3,5 անգամ՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

«Այսօր ձեզ ուղղված իմ ուղերձը պարզ ու անկեղծ է՝ եկե՛ք ու բիզնեսով զբաղվեք Հայաստանում, եկե՛ք ու ներդրումներ արեք Հայաստանում: Մեր երկիրը ներդրումներ կատարելու և բիզնեսով զբաղվելու արժանի վայր է: Մենք նշանակալի բարեփոխումներ ենք նախաձեռնել տարբեր՝ պետական կառավարման, հարկային և մաքսային, կրթության ոլորտներում, մենք բարելավում ենք բիզնես միջավայրն ու մթնոլորտը՝ խթանելու տեղական ձեռներցությունն ու օտարերկրյա ներդրումների ներգրավումը: Մենք բարելավում ենք զբոսաշրջային ոլորտն ու ծառայությունները: Ու իսկապես, 2017 թվականի արդյունքները խոստումնալից են և, ընդհանուր առմամբ, մենք բավարարված ենք կատարված աշխատանքով», - ասել է վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին