Կարևոր իրադարձություններ

Դաշնակցությունը հիշեցրեց իր մասին, Սարգսյանն ու Կարապետյանը պատասխանեցին. «Ժամանակ»

11 Հունվար, 2018 09:02
Դաշնակցությունը հիշեցրեց իր մասին, Սարգսյանն ու Կարապետյանը պատասխանեցին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախօրեին տարածած հայտարարությամբ լեգիտիմացրել էր հունվարի 1-ից սկիզբ առած թանկացումները, մասնավորապես նաեւ բենզինի ու դիզվառելիքի շուկայում: Հանձնաժողովի այս հայտարարությունը հետաքրքիր էր ոչ միայն ինքնին որպես գնաճի գործնականում պաշտոնական կնիք, այսպես ասած՝ թույլտվություն եւ հետագա թանկացումների կանաչ լույս, այլ նաեւ որպես պատասխան ՀՅԴ-ին:

Բանն այն է, որ դրանից առաջ ՀՀԿ կոալիցիոն գործընկեր եւ կառավարության մաս կազմող Դաշնակցությունը իր բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի միջոցով հայտարարություն էր տարածել, որում խոսում էր բենզինի շուկայում հակամրցակցային համաձայնության մասին՝ գնաճի համատեքստում:

Փաստորեն, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հերքում է ՀՅԴ-ին՝ ասելով, որ չկա որեւէ հակամրցակցային համաձայնություն, եւ ամեն ինչ, այսպես ասած, արդար է: Արդար է ամեն ինչ, թե ոչ՝ այլ հարց է: Տվյալ պարագայում ներքաղաքական կամ ներիշխանական համատեքստում հետաքրքիր է, թե արդյո՞ք ՀՅԴ-ն համաձայն է, որ ամեն ինչ արդար է, եւ չկա որեւէ հակամրցակցային համաձայնություն: Միեւնույն ժամանակ հետաքրքիր է, թե ՏՄՊՊՀ արձագանքը ո՞ւմ պատասխանն է ՀՅԴ-ին՝ Սերժ Սարգսյանի՞, որի հետ ըստ էության ՀՅԴ-ն կազմել է կոալիցիա՝ դե ֆակտո, թե՞ Կարեն Կարապետյանի, որը առաջին իսկ պահից ակնհայտորեն դեմ էր ՀՅԴ-ն կառավարություն ներառելուն եւ պարբերաբար դիտողություններ էր ներկայացնում ՀՅԴ նախարարներին, ինչպես նաեւ հասավ նրան, որ ՀՅԴ ձեռքում չլինի էկոնոմիկայի նախարարության պորտֆելը:

Հնարավոր է, իհարկե, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, այսպես ասած, սեփական նախաձեռնությունն է ցուցաբերել ՀՅԴ-ին պատասխանելիս, եւ դրանում չկա քաղաքական որեւէ սլաք: Այդ դեպքում հետաքրքիր է լինելու ՀՅԴ հետագա պահվածքը:

Բանն այն է, որ Դաշնակցությունը գործնականում արդեն երկրորդ անգամ է բարձրացնում հակամրցակցության կամ մենաշնորհների հարցը: Գնաճի համատեքստում ՀՅԴ-ն այդ հարցը իր տնտեսական հետազոտությունների գրասենյակի անունից հայտարարության ֆորմատով մի քանի շաբաթ առաջ բարձրացրել է հարցը կարագի շուկայի մասով: Այժմ ահա հարցը բարձրացվում է երկրորդ անգամ՝ արդեն բենզինի շուկայի մասով: Այս անգամ ՀՅԴ-ն ստանում է պատասխան, որը, ըստ տրամաբանության, պետք է որ չգոհացնի Դաշնակցությանը: Կբարձրաձայնի՞ ՀՅԴ-ն մենաշնորհների խնդիրը երրորդ անգամ:

Այստեղ առանցքային հանգամանքը թերեւս ներիշխանական իրավիճակն է: Դաշնակցության ահազանգը հնչեց այն պահին, երբ Հայաստանի իշխանության ներսում ստեղծվել է ակնհայտորեն տարօրինակ մի իրավիճակ: Մշուշ է տոնական օրերին Սերժ Սարգսյանի, այսպես ասած, օրակարգի մասով, աշխատանքային շաբաթվա մեկնարկին վարչապետն է մեկնում արձակուրդ: Տպավորություն է, որ իշխանության ներսում տեղի է ունենում հարաբերությունների ակտիվ պարզաբանում կամ վերադիրքավորման գործընթաց, եւ այդ համատեքստում ՀՅԴ-ն թերեւս հիշեցնում է իր մասին, որպեսզի խաղն առանց իրեն չընթանա: Ահա այս համատեքստում տրվում է պատասխանը, որը քաղաքական կոնտեքստի իմաստով այլ բան չէ, քան ՀՅԴ-ին խաղից դուրս թողնելու պատասխան:

Հենց այդ հանգամանքն է էական դարձնում հարցը, թե ում նախաձեռնությամբ եւ ում հետ համաձայնեցված է ՏՄՊՊՀ-ն գործնականում պատասխանել Դաշնակցությանը: Այստեղ թերեւս արժե դիտարկել նաեւ Սարգսյան-Կարապետյան համատեղ տարբերակը, որը հնարավոր է այն դեպքում, երբ հանգուցալուծվում է վարչապետի պաշտոնի հարցը այս կամ այն կողմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին