Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում 20.000 գիտնական կասկածվում է գյուլենականության մեջ

18 Դեկտեմբեր, 2017 13:15
Թուրքիայում 20.000 գիտնական կասկածվում է գյուլենականության մեջ

Թուրքիայում գյուլենականների հերթական որսն է սկսվել: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս անգամ կասկածի տակ է առնվել հայտնի ALES (Ակադեմիական անձնակազմի և հետբուհական կրթության ընդունելության) քննությունների թափանցիկությունը:

Մասնավորապես դատախազությունը կասկածներ ունի, որ գյուլենական համայնքին (FETÖ) հաջողվել է ապօրինաբար ձեռք բերել և կառույցի անդամներին բաժանել 2005-2013թթ. անցկացված բոլոր ALES քննությունների հարցաշարերը: Ինչի արդյունքնում շուրջ 20.000 ենթադրյալ գյուլենականներ հաջողությամբ հանձնել են քննություններն ու գիտական տարբեր աստիճաններ և պաշտոններ ստացել:

Դատախազության կողմից ուսումնասիրվել են նշված ժամանակահատվածում անցկացված բոլոր 16 ALES քննությունները և հաստատվել է, որ բոլոր քննությունների հարցաշարերը նախապես գողացվել են FETÖ-ի կողմից ու համայնքի ներկայացուցիչները հատուկ պատրաստվել են այդ քննություններին: Հետաքննության շրջանակներում ուսումնասիրվում են կասկածյալների մասնակցությամբ անցկացված քննություններն ու բոլոր կասկածյալների ստացած գնահատականները:

ALES-ը բարեհաջող հանձնած մի շարք կասկածյալներ քննությունների կազմակերպմամբ և վերահսկմամբ զբաղվող թուրքական ÖSYM կառույցի կողմից կրկնակի «համարժեք» քննության են ենթարկվել: Պարզվել է, որ մեծ թվով մասնակիցներ, ովքեր արտակարգ արդյունքներ են գրանցել առաջին անգամ ALES քննության ժամանակ, երկրորդ քննությունը ձախողել են: Աղբյուրի պնդմամբ՝ եղել են նաև ակադեմիկոսներ, ովքեր բարձր գնահատականներ են ստացել ALES-ի շրջանակներում անցկացված օտար լեզուների քննություններից, մինչդեռ իրականում այդ լեզուներին բոլորովին չեն տիրապետել:

 

Լրահոս

Դիտել ավելին