Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    554
    562

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Բժշկուհին՝ պապիլոմային վիրուսի դեմ պատվաստանյութի մասին. «Հայկական ժամանակ»

12 Դեկտեմբեր, 2017 10:15
Բժշկուհին՝ պապիլոմային վիրուսի դեմ պատվաստանյութի մասին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մեկնարկել է մարդու պապիլոմային վիրուսի դեմ պատվաստումների գործընթացը: Բայց մեր այցելած երկու մանկական պոլիկլինիկաներում էլ պարզ դարձավ, որ ոչ ոք դեռեւս չի ներկայացել պատվաստում ստանալու:

Մեկում շահառուներին հրավիրել էին եւ սպասում էին, մյուսում դեռ չէին էլ հրավիրել:

Երեւանի N2 բուժմիավորման N1 մանկական պոլիկլինիկայի մանկաբույժ Աննա Սիմոնյանն ասաց, որ դեռեւս որեւէ երեխայի չեն հրավիրել պատվաստում ստանալու, որովհետեւ չնայած առողջապահության ոլորտի պատասխանատուները հայտարարել են, որ գործընթացը մեկնարկելու է դեկտեմբերի 11-ին, բայց համապատասխան հրաման իրենք չեն ստացել:

«Մեզ ոչ մեկը ոչ մի պաշտոնական հրաման չի տվել: Ամեն դեպքում այսօրվա՝ դեկտեմբերի 11-ի վերաբերյալ ոչ մի կոնկրետ բան դեռ չկա: Մեր պոլիկլինիկայում ոչ մի մանկաբույժ երեխա չի կանչել»,- ասաց բժշկուհին:

Պատվաստանյութը, սակայն այստեղ արդեն ստացել են: Նաեւ պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների վերաբերյալ զրույցներ են ունեցել ծնողների հետ:

«Խոսել ենք, զրուցել ենք: Անընդհատ ենք խոսում: Այնպես չէ, որ բոլորը միանշանակ գոհ են պատվաստումից, ինչպես բոլոր նորարարություններից՝ սկզբում: Բայց երբ որ հրաման լինի, սկսենք նորից խոսել, արդեն կտեսնենք»,- նշեց նա:

Իսկ հարցը, թե բժշկուհին ինքը պատվաստման կողմնակի՞ց է, միանշանակ պատասխան չստացավ:

-Միանշանակ ձեզ չեմ կարող ասել: Ժամանակին ես իմ աղջկան ուզում էի տանել մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստելու, երբ այդ պատվաստումը դեռ ընդգրկված չէր պատվաստումների ազգային օրացույցում ու վճարովի էր: Ուղղակի ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Իրեն չկարողացա համոզել:

-Իսկ հիմա դուք կասկածներ ունեք եւ լրիվ վստահ չե՞ք, որ պատվաստումը ճիշտ է:

– Չեմ կարող որեւէ հաստատ բան ասել ձեզ: Տասը տարին մի քիչ… Բայց իրոք դա պաշտպանում է այնպիսի հիվանդությունից, որ Աստված չանի, առաջանա: Դաժան հիվանդություն է քաղցկեղը: Միայն անունը բավականին դաժան է:

-Այսինքն՝ քաղցկեղից պաշտպանում է, բայց ուրիշ վտանգներն էլ չեք բացառո՞ւմ:

-Ցանկացած պատվաստում իր վտանգները, իր բարդություններն ունի: Այդ որ ասվում է անպտղություն է առաջացնում, ես դրան չեմ հավատում եւ չեմ վստահում նման խոսակցություններին:

Ուղղակի, ինչքան հասկացա՝ այնքան էլ վստահ չեք, որ ճիշտ է երեխաներին պատվաստելը:

-Պատվաստելը ճիշտ է, բայց քանի որ պատվաստանյութի ժամկետը տասը տարին է, դա է ինձ մի քիչ… Թե չէ այո, ճիշտ է: Նորից եմ կրկնում, բոլոր պատվաստումներն ունեն թույլատրելի տոկոսային բարդություններ:

Մանկաբույժ Աննա Սիմոնյանը, երբ խոսում է պատվաստանյութի տասը տարվա ժամկետի մասին, նկատի ունի դրա գոյությունից մինչեւ օրս անցած ժամանակը, որը նրա կարծիքով, փաստորեն քիչ է՝ պատվաստանյութի առավելություններն ու թերություններն ամբողջովին բացահայտված լինելու համար:

«Արաբկիր» մանկական պոլիկլինիկայում նույնպես մեր այցելության պահին որեւէ մեկը չէր եկել պապիլոմավիրուսի դեմ պատվաստվելու: Մանկական բաժնի վարիչ Կարինե Հովսեփյանը վստահ էր, որ անպայման գալու են, եւ պատվաստվողները մեծամասնություն են կազմելու:

«Պատվաստվելու են 2004 թվականի հուլիսի մեկից մինչեւ դեկտեմբերի 31-ը ծնված աղջիկները: Մենք նախօրոք արդեն պատրաստել ենք մեր ցուցակները՝ ովքեր են մտնում այդ տարիքային խմբի մեջ: Դրանք տրված են տեղամասային մանկաբույժներին, բուժքույրերին: Նրանք արդեն հայտնել են ծնողներին, եւ հույս ունեմ, որ մենք այսօր արդեն կունենանք հաճախում: Այս պահին մեր պոլիկլինիկայում ունենք 120 երեխա, որոնց 13 տարին լրացած է եւ ենթակա են պատվաստման»,- ասաց Կարինե Հովսեփյանը:

Երբ պոլիկլինիկայի բուժաշխատողները զանգահարել են նշված տարիքի աղջիկների ծնողներին՝ երեխաներին հրավիրելու պապիլոմավիրուսի դեմ պատվաստվելու, ստացել են թե՛ դրական եւ թե՛ բացասական արձագանքներ:

«Կա ե՛ւ դրականը, ե՛ւ կա բացասականը: Իհարկե, մեր տարածքում դրականը ավելի շատ է, որովհետեւ մեծ աշխատանք կատարվել է, մեր ժողովուրդը բավականին գիտակից է, եւ համոզված եմ, որ մեզ մոտ մենք կունենանք պատվաստումների մեծ ընդգրկվածություն»,- կարծիք հայտնեց մանկական բաժնի վարիչը: Նա, ի դեպ, առանց վարանելու հայտարարեց, որ երեխային պապիլոմավիրուսի դեմ պատվաստելը ճիշտ ընտրություն է եւ չպետք է բաց թողնել պետության ընձեռած այդ կարեւոր հնարավորությունը:

Պատվաստվելու հրավիրված, բայց դեռ վարանող ծնողներն, ըստ նրա, կարող են իրենց աղջիկներին պոլիկլինիկա տանել նաեւ հունվար-փետրվար ամիսներին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվահամարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին