Կարևոր իրադարձություններ

Տեղի է ունեցել բնապահպանական ցուցապաստառների մրցույթի ամփոփիչ միջոցառումը

07 Դեկտեմբեր, 2017 19:33
Տեղի է ունեցել բնապահպանական ցուցապաստառների մրցույթի ամփոփիչ միջոցառումը

ՀՀ բնապահպանության նախարարության և Հայաստանի նկարիչների միության համատեղ կազմակերպած «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» միջոցառման շրջանակներում անցկացվող բնապահպանական ցուցապաստառների մրցույթի ամփոփիչ միջոցառումը կայացել է դեկտեմբերի 7-ին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կարևորելով էկոմշակույթի ձևավորումը՝ հուշագիր էր ստորագրվել ՀՀ բնապահպանության նախարարության և Հայաստանի նկարիչների միության միջև։ «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» խորագրի շրջանակներում իրականացվել են մի շարք միջոցառումներ։ Կազմակերպվել է նկարիչների այցը «Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Ջրվեժ» անտառպարկ։ ՀՀ բնապահպանության նախարարության հովանավորությամբ որոշվել է անցկացնել նաև բնապահպանական ցուցապաստառների մրցույթ։ Մրցույթին մասնակցել է 26 նկարիչ` ներկայացնելով 50 աշխատանք։ Ստեղծվել է մրցույթի արդյունքների ամփոփման հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են ներկայացուցիչներ Հայաստանի նկարիչների միությունից և ՀՀ բնապահպանության նախարարությունից։

Բնապահպանական ցուցապաստառների մրցույթում ուշագրավ աշխատանքներ ներկայացնելու համար 20 մասնակից պարգևատրվել է ՀՀ բնապահպանության նախարարության շնորհակալագրով։

Մրցութային հանձնաժողովի կողմից մրցանակների արժանացած 6 մասնակիցներ արժանացել են դրամական պարգևների։

Շնորհավորելով մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնելով Հայաստանի նկարիչների միությանը մրցույթի կազմակերպման համար` ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է. «Շրջակա միջավայրի հանդեպ վերաբերմունքը յուրաքանչյուր մարդու բնությունն ու էությունն է, եթե նա ներդաշնակ չէ իր բնության և էության հետ` չի կարող ստեղծել, արարել և ընդհանրապես գոյատևել և զարգանալ: Եթե դու սպառողական հոգեբանությամբ ես մոտենում` բնությունը պատժելու է, եթե դու այն դիտարկում ես որպես քո էության մի մասը, այն միջավայրը որտեղ դու և քո սերունդները պետք է կարողանան արարել և առաջ գնալ, ապա բնությունը կտա քեզ այդ հնարավորությունը»: ՀՀ բնապահպանության նախարարը հաջողված է համարել ցուցապաստառի լեզվով բնապահպանական խնդիրների ներկայացման մեկնարկը, ինչը նախադրյալներ է ստեղծել նման միջոցառումների շարունակականության համար: «Եթե ոչ նկարիչները, ապա ով պետք է ստեղծագործության լեզվով ներկայացնի բնապահպանական հիմնախնդիրները»,- շեշտել է Արծվիկ Մինասյանը և վստահություն հայտնել, որ հանրապետությունում տերեծվելիք ցուցապաստառներով հասարակությունը մասնակից է լինելու բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ բնապահպանության նախարարությանը` ոլորտի նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար և կարևորել ցուցապաստառի միջոցով բնապահպանական խնդիրների վերհանման առաջին փորձը:

Միջոցառման ընթացքում ծավալվել է մրցութային հանձնաժողովի անդամների կարծիքների քննարկում, շնորհակալալական խոսքով հանդես են եկել մրցանակակիրները։

 

Լրահոս

Դիտել ավելին