Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ամերիկյան համալսարանում կրթական նոր կուրս է ներդրվում

24 Նոյեմբեր, 2017 20:40
Հայաստանի ամերիկյան համալսարանում կրթական նոր կուրս է ներդրվում

Առաջին անգամ Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացմանն ուղղված կրթական հավաստագրային ծրագիր է իրականացվելու բուհում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում։

Նոյեմբերի 22-ին համագործակցության պայմանագիր կնքվեց Հայաստանի ամերիկյան համալսարանի ռեկտոր դոկտոր Ռանդալ Ռոդեսի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի կողմից։

Կրթական նոր ծրագիրն իրականացվելու է Եվրամիության կողմից ֆինանսավորող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, որի նպատակը Հայաստանում քաղհասարակության ձայնը հանրային քննարկումների ժամանակ լսելի դարձնելն է։ Այն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավարությամբ՝  5 գործընկեր կազմակերպության հետ։

«Սա եզակի իրադարձություն է Հայաստանի համար: Առաջին անգամ ՔՀԿ-ների կարողությունների զարգացման վերաբերյալ կրթական ծրագիր է իրականացվելու բարձրագույն ուսումնական հաստատության՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից։ Այս առթիվ ես շնորհավորում եմ մեր ՔՀԿ ներկայացուցիչներին»,- ասաց Կարեն Զադոյանը։

Այս դասընթացների առանձնահատկությունը կլինի այն, որ դրանք ժամանակավոր բնույթ չեն ունենա և կիրականացվեն նաև ծրագրի ավարտից հետո․ այս մասին ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի ղեկավար Սերգեյ Թանթուշյանը և վստահեցրեց, որ այս ծրագրով դասավանդելու են լավագույն մասնագետները։

Կրթական ծրագրի շրջանակներում հանրային քաղաքականությունների մշակման, հանրային բյուջեների ու քաղաքականությունների մշտադիտարկման, կոալիցիաների կառուցման և ՔՀԿ-կառավարություն կառուցողական երկխոսության թեմաներով կուսուցանվեն 120 ՔՀԿ ներկայացուցիչներ՝ Երևանից և մարզերից։  Դասընթացների ավարտին ՔՀԿ ներկայացուցիչներին բուհի կողմից կտրվեն ավարտական հավաստագրեր:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամաբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը:

Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել աշխատանքայինօրերին՝ ժամը 9.00-18.00;  հեռ.՝ 540199; ֆաքս՝ 580299; URL՝ http://www.armla.amhttp://ccd.armla.amէլփոստ[email protected]:

 

Լրահոս

Դիտել ավելին