Կարևոր իրադարձություններ

Ալբերտ Բաղդասարյան. «Քաղաքական գործընթացներ՝ հագեցած բլեֆներով, շանտաժով, խաբեությամբ». «Փաստ»

23 Նոյեմբեր, 2017 08:00
Ալբերտ Բաղդասարյան. «Քաղաքական գործընթացներ՝ հագեցած բլեֆներով, շանտաժով, խաբեությամբ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ ՌԴ–ն որոշակի քայլերի կդիմի՝ վերլուծական շրջանակներում կանխատեսելի էր: Ռուսական կողմն, ի վերջո, գործի դրեց պետական քարոզչամեքենան, որի միջոցով Հայաստանին մեղադրեց նաև Ուկրաինայի ուղին բռնելու մեջ: «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի անդամ, ԳԽ նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանի խոսքով՝ ՌԴ–ն ունի իր պարզ, ուղղագիծ քաղաքական կուրսը, որը փորձում է իրագործել հազար ու մի փորձված, ինչպես նաև վերջին շրջանում նոր մշակումներով «թարմացված» միջոցներով:

«Պուտինը փորձում է վերականգնել ռուսական կայսրական սահմաններն ու ազդեցությունը նոր, հիբրիդային պատերազմներով: Այդպիսով փորձում է վերադառնալ նաև միջազգային հարց լուծողների «ակումբ»: Եթե մինչև Պուտինը թուլացած, քանդման եզրին հասած ՌԴ–ն ամեն ինչ անում էր գոնե ազդեցություն պահել–վերականգնելու համար, ապա այժմ Պուտինն ամեն ինչ անում է նաև ֆիզիկապես վերանվաճելու Այսրկովկասը: Ու որպես այդ ծրագրի իրականացման հիմնական միջոց հանդես է գալիս Հայաստանն իր Արցախյան խնդրով: Մոսկվայի համար կարևոր է Ադրբեջանի վերատիրման հարցը, որին հայկական հողերը զիջելու միջոցով պետք է հասնի: Սակայն Ապրիլյան լայնամասշտաբ բախումներն իրենց արդյունքով Մոսկվային ցույց տվեցին, որ չնայած ՀՀ–ի ու Արցախի իշխանությունների դրածո լինելուն, վերոնշյալ հարցում այս իշխանություններն անզոր են: Նրանք անառարկելի ու բացարձակ ազդեցություն չունեն առաջնագծի շարքային զինվորի և միջին սպայակազմի վրա: Ու երբ «հողեր հանձնելու ու ռուսական զորքը Արցախում տեղակայելու» գլխավոր պահանջի շրջանակներում Մոսկվայի թելադրանքով «խաղատախտակին» հայտնվեց վարչապետ Կարեն Կարապետյանը, որպես դամոկլյան սուր Ս. Սարգսյանի հետագա իշխանավարմանը, պարզվեց, որ Մոսկվան այստեղ անմիջական ենթակայության հզոր քաղաքական բազա չունի: Համարյա բոլոր «ռսասեր» կուսակցություններին ու անհատներին Ս. Սարգսյանն «իրենով է արել»»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ա. Բաղդասարյանը՝ նկատելով, որ Մոսկվայի հրահանգով լեգիտիմ իշխանափոխության համար Կ. Կարապետյանը զրկված է իրական քաղաքական հենարանից:

«Սա հասկացել են բոլոր «խաղացողները»: Եվ բացի քաղաքական հենարանները, հատկապես տոտալիտար ՀՀԿ–ն «իրենով անելուց», Ս. Սարգսյանը նաև արտաքին ճակատում, ԵՄ–ի հետ ստորագրվելիք ոչ ազդեցիկ համաձայնագիրն է առաջ մղում, որպես իրեն բարեկամական, արտաքին այլընտրանքային ուժ: Մի խոսքով՝ բազմակողմանի քաղաքական գործընթացներ՝ հագեցած բլեֆներով, շանտաժով, խաբեությամբ, փոխադարձ «քցոցիներով», և այդ բոլորը փաթեթավորված միջազգայնորեն ընթացող եռանախագահության արտաքնապես քաղաքակիրթ գործունեության շղարշով: Ու քանի որ Կրեմլը հասկացել է, որ իր աճեցրած այս մի նախագահը չի կարողանում իրականացնել իր հիմնական ծրագիրը, բայց նաև «ամուր է նստած գահին», անցնում է արդեն իր սիրած տապոռային մեթոդին», նշեց նա՝ հավելելով, որ Գարեգին Նժդեհի պետրոսառաջինակերպ արձանի տեղադրման, ֆաշիստներին աջակից լինելու այսքան ուշացումով հղումները, և արդեն նաև Ս. Սարգսյանի հենարան ՀՀԿ–ի ֆաշիստական լինելու մասին բարձրացված կիսապաշտոնական հիստերիան հենց այս քաղաքական տրամաբանության շրջանակում է:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին