Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    485,5

  • EUR

    563
    571

  • RUB

    8,01
    8,26

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

ՊՆ-ն պարտվեց ԳԲԽ-ում. «ՀԺ»

11 Նոյեմբեր, 2017 09:30
ՊՆ-ն պարտվեց ԳԲԽ-ում. «ՀԺ»

ՀՀ Գնումների բողոքարկման խորհուրդը նոյեմբերի 2-ին երկու կարեւորագույն որոշում է կայացրել: Խորհուրդն, ուսումնասիրելով ֆինանսների նախարարության գրությունները, որոշել է «Լեյկոալեքս» եւ «Խաչպար» ՍՊԸ-ներին չընդգրկել գնումներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակցիների ցուցակում: Այլ խոսքով, որոշվել է չբավարարել պաշտպանության նախարարության դիմումը այս ընկերություններին սեւ ցուցակ գելու վերաբերյալ:

«Խաչպար» ընկերության խնդրի մասին ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը գրել էր: 2017 թվականին ՊՆ-ի կողմից հայտարարված թելերի մրցույթին այդ ընկերության ներկայացուցիչները մասնակցել են, հաղթող են ճանաչվել, նույնիսկ իրենց առաջարկած ապրանքի գինն են նվազեցրել, սակայն վերջում պարզվել է, որ մրցույթում հաղթել է «Ինտերմեդ» ՍՊԸ-ն իր առաջարկած 5 անգամ ավելի թանկ գնով: «Խաչպար» ՍՊԸ-ի տնօրենի խոսքով՝ տեխնիկական բնութագրերն ուղարկում են ՊՆ, իսկ հուլիսին տեղեկանում են, որ այդ բնութագրում բացթողումներ կան: ՊՆ-ն էլ իր հեթին պարզաբանմամբ էր հանդես եկել:

Գնումների բողոքարկման խորհրդի որոշումից տեղեկանում ենք, որ ՊՆ-ն իր դիրքորոշումն է ներկայացրել խորհրդին, որտեղ ասված է, թե ՊՆ-ի կարիքների համար կազմակերպված շրջանակային համաձայնագրի միջոցով  բժշկական սարքավորումների գնման ընթացակարգի մի շարք չափաբաժինների մասով 1-ին տեղը զբաղեցնող էր ճանաչվել «Խաչպար» ՍՊԸ-ն: ՊՆ-ի կարծիքով, մրցութային հանձնաժողովին ներկայացված հայտով առաջարկված ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերը չեն համապատասխանել սահմանված բնութագրերին, հետագայում շտկված տարբերակով են ներկայացվել բնութագրերը, որոնք նույնպես չեն համապատասխանել սահմանված կարգին: «Խաչպար» ընկերությունն էլ իր դիրքորոշումն է ներկայացրել, նշելով, որ պատվիրատուն էտալոնային է համարել «Ethicon» ֆիրմայի կարանյութերի հիմնական պարամետրերը: Հիմք ընդունելով գործող օրենսդրությունը, գնումների բողոքարկման խորհուրդը որոշել է.

«ՀՀ ֆինանսների նախարարության 29.08.2017 թվականի թիվ 03/26-3/15725-17 գրությամբ «Խաչպար» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով նախատեսված պաշտոնական ընթացակարգը մերժել»:

«Խաչպար» ընկերության տնօրեն Սմբատ Բալասանյանը մեր զրույցում ասաց, որ բացի սեւ ցուցակում ներառելու անհիմն պահանջից, ՊՆ-ի համապատասխան հանձնաժողովը մրցույթին մասնակցած ընկերություններին չի տեղեկացրել, թե ով է հաղթել մրցույթում: Բացի դա «Խաչպար»-ին սեւ ցուցակում ներառելու նպատակով ֆինանսերի նախարարությանը դիմելուց առաջ պետք է հանձնաժողովն արտահերթ նիստ անցկացներ եւ այդ կերպ նաեւ տեղեկացներ ընկերությանը վերջինիս դեմ ձեռկարկվող գործողությունների մասին: Սմբատ Բալասանյանի խոսքով, իրենք, տեղեկացված չլինելով, չեն կարողացել իրենց իրավունքներն արդյունավետ պաշտպանել, որի հետեւանքով էական վնաս են կրել:

Այդ մրցույթում հաղթող էր ճանաչվել «Ինտերմեդ» ՍՊԸ-ն եւ 5 անգամ թանկ ապրանք էր գնվել, քանի որ «Խաչպար» ընկերությունը չէր կարողացել մասնակցել մրցույթին, իսկ վերջիններս առաջարկած ապրանքներն արժեցել էին մոտ 5 միլիոն դրամ: Արդյունքում ՊՆ-ն 15 միլիոն դրամի ավելի էր վճարել:

Գնումների բողոքարկման խորհրդի նույն օրը կայացված մյուս որոշմամբ «Լեյկոալեքս» ՍՊԸ-ին սեւ ցուցակում ներառելու գրությունն էր մերժվել: ՊՆ-ն այս ընկերությանը սեւ ցուցակում ներառելու գրություն էր ուղարկել ֆինասների նախարարություն նույն հիմքով, որը դրվել էր «Խաչպար» ընկերության վերաբերյալ դիմումի առանցքում: «Լեյկալեքս» ընկերության փոխարեն այդ մրցույթում հաղթող է ճանաչվել նույն «Ինտերմեդ» ՍՊԸ-ն եւ ՊՆ-ին 100 միլիոն դրամի մատակարարում էր արել, մինչդեռ «Լեյկալեքս»-ը ներկայացրել էր մոտ 35 միլիոն դրամի գնային առաջարկ: Այս դեպքում էլ ՊՆ-ն 65 միլիոն դրամով ավելի թանկ գնում էր կատարել:

Արդյունքում պաշտպանության նախարարությունը անհիմն կերպով «Խաչպար» եւ «Լեյկոալեքս» ընկերություններին դուրս է թողել մրցույթից եւ գնման պայմանագիր է կնքել «Ինտերմեդ» ընկերության հետ եւ շուրջ 120 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրեր է կնքել, մինչդեռ կարող էր նույն ապրանքները գնել ընդամենը 40 միլիոն դրամով:

Ավելի վաղ գրել էինք, որ որոշ տեղեկություններով՝ «Ինտերմեդ» ՍՊԸ-ն գտնվում է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախին պետ Յուրի Խաչատուրովի ազդեցության տակ: Մամուլի հրապարակումների համաձայն էլ Յուրի Խաչատուրովի հովանավորությամբ, ավելին, վերջինիս ընտանիքի բիզնեսը սպասարկող, դե ֆակտո հենց Խաչատուրովին պատկանող հաշվապահական ընկերությունն էլ վերահսկել է ՊՆ բոլոր մատակարարներին։

Հ.Գ. Հետաքրքիր է, պետությանը պատճառված այս էական վնասի համար գլխավոր դատախազությունը քրեական գոր կհարուցի՞, թե՞ ՊՆ-ի մրցութային հանձնաժողովի գործողություններում հանցակազմի տարրեր չի տեսնի:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին