Կարևոր իրադարձություններ

ՏԻՄ ընտրություններ. թեկնածուների գերակշիռ մասին առաջադրել է ՀՀԿ-ն, «Ելք»-ն առաջադրումներ չունի

06 Հոկտեմբեր, 2017 19:00
ՏԻՄ ընտրություններ. թեկնածուների գերակշիռ մասին առաջադրել է ՀՀԿ-ն, «Ելք»-ն առաջադրումներ չունի

Հայաստանի 10 մարզերի 49 համայնքներում 2017թ. նոյեմբերի 5-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Նոյեմբերի 5-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն նաև Արարատի մարզի Արտաշատ, Սյունիքի մարզի Գորիս և Լոռու մարզի Շիրակամուտ համայնքներում:

Թեկնածուները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև հոկտեմբերի 11-ը:

Արտաշատի, Գորիսի և Շիրակամուտի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին թեկնածուների մասնակցության վերաբերյալ տեղեկանք ԿԸՀ կայքում առայժմ չկա, սակայն մյուս համայնքների հերթական ընտրություններին թեկնածուների մասնակցության վերաբերյալ տեղեկանքն արդեն կայքում տեղադրված է:

ՏԻՄ հերթական ընտրություններին տարբեր մարզերի քաղաքներում թեկնածուների գերակշիռ մասին առաջադրել է իշխող Հանրապետական կուսակցությունը: Առաջադրված մյուս թեկնածուներն անկուսակցական են կամ ինքնաառաջադրված ՀՀԿ-ականներ: Միայն Սյունիքի մարզի Սիսիան համայնքում գործող քաղաքապետի հետ կպայքարի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրած թեկնածուն: Խորհրդարանում ներկայացված մյուս երկու քաղաքական ուժերը` «Ելք» դաշինքն ու ՀՅԴ-ն քաղաքներում համայնքի ղեկավարի պաշտոնի համար դեռևս որևէ թեկնածուներ չեն առաջադրել: ՀՅԴ-ն մի քանի գյուղական համայնքներում թեկնածուներ առաջադրել է, իսկ «Ելք» դաշինքն անգամ գյուղերում դեռևս առաջադրումներ չունի: ԲՀԿ-ն, բացի Սիսիան քաղաքից, մի քանի գյուղական համայնքներում ևս թեկնածուներ առաջադրել է:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն անկուսակցական Հովհաննես Ալեքսանյանը և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Կարեն Եղիազարյանը, ով Ապարանում հայտնի «Գնթունիք» խանութի սեփականատերն է:

Արարատի մարզի Արարատ քաղաքի քաղաքապետի պաշտոնում իրենց թեկնածությունն են առաջադրել ՀՀԿ-ական, գործող քաղաքապետ Հայկ Հայկյանը և անկուսակցական Արտյոմ Պողոսյանը:

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն երկու ՀՀԿ-ական թեկնածուներ և մեկ անկուսակցական թեկնածու: Ճամբարակ համայնքի ղեկավարի պաշտոնում իրենց թեկնածությունն առաջադրել են անկուսակցական Վազգեն Ադամյանը, ՀՀԿ-ական, Ճամբարակի գործող քաղաքապետ Յուրիկ Ավալյանը և ՀՀԿ-ական Վիգեն Սահակյանը, ով ինքնաառաջադրվել է: Վիգեն Սահակյանը նախկինում եղել է Գեղարքունիքի մարզի Թթուջուր համայնքի ղեկավարը:

 

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն միանգամից երեք ՀՀԿ-ականներ, որոնցից երկուսն ինքնաառաջադրվել են: Իշխող կուսակցությունը Վարդենիսի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրել է գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի թեկնածությունը, ՀՀԿ-ականներ Կարեն Մկրտչյանը և Արամ Հարությունյանն ինքնաառաջադրվել են:

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի համայնքի ղեկավարի պաշտոնում առայժմ առաջադրվել է մեկ թեկնածու` Սասուն Խեչումյանը: Նրա թեկնածությունն առաջադրել է իշխող ՀՀԿ-ն: Նույն պատկերն է նաև Ստեփանավան քաղաքում: Առայժմ միակ գրանցված թեկնածուն գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Միքայել Ղարաքեշիշյանն է:

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, ում թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն և անկուսակցական Արտավազդ Ալեքսանյանը:

Սյունիքի մարզի Կապան քաղաքի համայնքի ղեկավարի պաշտոնում թեկնածություն են առաջադրել երկու ՀՀԿ-ականներ: Կապանի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը և Կարեն Հակոբյանը: ՀՀԿ-ն Կապանում կսատարի գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին:

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արթուր Սարգսյանը և ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանը: Նույն մարզի Քաջարան քաղաքում առայժմ առաջադրվել է մեկ թեկնածու` գործող քաղաքապետ Մանվել Փարամազյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին