Չնայած անչափահասների մահապատիժն արգելվել է միջազգային տարբեր հրամանագրերի համաձայն, հարկ է նշել, որ ՄԱԿ-ը վերջին կազմակերպություններից մեկն էր, որը պաշտոնապես մերժեց այն։ Ինչևէ, այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իրանը, Սաուդյան Արաբիան ու Սուդանը, անչափահասների մահապատիժը չնայած ոչ օրինական է համարվում, սակայն իրականացվում է կրոնական օրենքների հիմքերով։ Այս երկրներում տղաների դեպքում մահապատժի կարող են ենթարկվել 14 տարեկան ու 5 ամսականը լրացած անձիք, իսկ աղջիկների դեպքում՝ 8 տարի ու մի ամիսը լրանալուն պես։ «Կանայք ընդդեմ մահապատժի» կազմակերպության տվյալների համաձայն՝ Իրանի իսլամական ռեժիմը 187 անչափահաս աղջիկների է մահապատժի ենթարկել 1981-1990թթ․-ին, այդ թվում՝ 10-13 տարեկան 9 աղջիկների։
Ինչևէ, արևմտյան աշխարհն անչափահասներին մահապատժի ենթարկելու երկար պատմություն ունի։
Ստորև ներկայացնում ենք պատմության ընթացքում ամենափոքր տարիքն ունեցող մահապատժի ենթարկված երեխաներին։
2011թ․-ին Բանգլադեշի Շարիապուր շրջանի գյուղացիներն անչափահաս աղջկան պոռնկության մեջ մեղադրեցին՝ պնդելով, որ Հենան մեղավոր է ամուսնացած տղամարդու հետ հարաբերություններ ունենալու համար, չնայած նրա ընտանիքը պնդում էր, որ աղջկան բռնաբարել են։ Աղջկան դատապարտեցին մտրակի 101 հարվածների։
Չնայած մահապատիժ չէր սահմանվել, մտրակի հարվածները չափազանց շատ էին երեխայի համար, ով 70 հարվածներից հետո ուժասպառ եղավ և մեկ շաբաթ անց մահացավ հիվանդանոցում։ Նա մինչև վերջ պնդում էր, որ անմեղ է։ Տարօրինակ է, սակայն, որ դիահերձման զեկույցի համաձայն՝ Հենան ոչ մի վնասվածք չի ունեցել, և նրա մահվան պատճառն ինքնասպանությունն էր։
Մայքլ Համոնդը, ով համարվում է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ տարիքով ամենափոքր մահապատժի ենթարկված անձը, ընդամենը 7 տարեկան էր, երբ նրան իր քրոջ հետ կախաղան հանեցին 1708 թ․-ին։ Իսկ նրանց հանցանքը հացի կտոր գողանալն էր։ Մահապատիժը հիշատակվում է Ուիլյամ Ռիչարդսի «Լինի պատմությունը» աշխատության մեջ։
Դատական փաստաթղթերում որպես «8-9 տարեկան նորածին» հիշատակվող Ջոն Դինը 1629թ․-ին մահապատժի ենթարկվեց Անգլիայում երկու ախոռներ հրդեհելու համար։ Հետաքրքրական է, որ չնայած դատական գործերում չի հիշատակվում զոհերի մասին, նրա մեղադրական ակտը, դատն ու դատավճիռն արվել են մեկ օրվա մեջ։
Այն ժամանակ Անգլիայի օրենքների համաձայն մահապատժի կարող էր ենթարկվել 7 տարին լրացած անձը։ Շուտով, սակայն, նրանք մահապատժի տարիքը 8-ի հասցրեցին, որն ընդունված մնաց մինչև 1963թ.-ը, երբ այն բարձրացվեց մինչև 10-ի։
Ամենաերիտասարդ աղջիկն, ով մահապատժի է ենթարկվել ԱՄՆ-ում, պիկոտ ցեղի 12-ամյա բնիկ հնդկուհի էր, ում կախաղան հանեցին 1786թ․-ին, երբ նա մեկ այլ երեխայի սպանեց։ Այժմ ենթադրվում է, որ նա մտավոր հետամնացություն է ունեցել։ Հաննան մեղադրվում էր սպիտակամորթ հայտնի ընտանիքի երիտասարդ դստերը ելակների հետ կապված վեճի պատճառով սպանելու մեջ։ Հաննային իր մայրն էր ուղարկել սպիտակամորթների տանը Նյու Լոնդոնում ապրելու և նրանց համար աշխատելու համար, սակայն որոշ տվյալների համաձայն՝ Հաննային ու իր եղբորը բռնել էին գողություն անելիս ու ստիպել առանց վարձատրության աշխատել այդ ընտանիքի համար։
Երբ երիտասարդ Էունիս Բոլեսի մարմինը հայտնաբերեցին ճանապարհին, Հաննային հարցաքննության ենթարկեցին, ով ժխտում էր սպանության մեջ ներգրավվածություն ունենալը։ Ի վերջո, քննիչները նրան տարան այն վայր, որտեղ դրված էր սպանվածի դին, որը տեսնելով՝ Հաննան սկսեց լաց լինել ու խոստովանեց իր մեղքը։ Դատարանը սպանության դրդապաճառը վրեժն է համարել այն բանից հետո, երբ սպանվածը դժգոհել է, որ Հաննան գողացել է իր ելակները։
Ջիովաննի Դի Ջիովաննին ամենաերիտասարդ մարդն է համարվում պատմության մեջ, ում մահապատժի են ենթարկել միասեռական լինելու համար։ 15-ամյա տղան ապրել է 12-րդ դարի Իտալիայում՝ դատապարտվելով «հասարակական ու տխրահռչակ պասիվ սոդոմիտ» լինելու համար։
Որպես պատիժ, Ջիովաննիին ավանակի վրա հասցրեցին Սանտա Կրոսե եկեղեցի, որտեղ նրան հասարակայնորեն ամորձատեցին, որից հետո նրան իր բնակավայրում տաք երկաթով խեղելով սպանեցին։
Էլիսը կախաղան հանվեց 1545թ․-ին 11 տարեկան հասակում, քիչ բան է հայտնի նրա ու մահապատժի պատճառների մասին:
Նրա թաղումը հիշատակվել է Շրոփշայրի Մուչ Ուենլոքի քահանա Սըր Թոմաս Բաթլերի կողմից, նրա հանցանքի մասին տեղեկությունները կորսվել են պատմության մեջ։ 2014թ․-ի հոկտեմբերին գրող Փոլ Էվանսը հրատարակեց իր «Ոգի երեխան» սպեկուլյատիվ գերբնական ռադիո բեմադրությունը, որը երեխայի մահապատժի պատմական փաստի գեղարվեստական մշակումն էր։
Չերոկի Ջեյմս Արսենը կախաղան հանվեց 1885թ․-ին Արկանզասում, երբ նա ընդամենը 10 տարեկան էր։ Հանցանքն իրականում տեղի է ունեցել 1872թ․-ին, երբ Ջեյմսն ու Ուիլյամ Փարչմիլը վեց անգամ կրակեցին մի շվեդի վրա ու նրա գանգը ջարդեցին քարով՝ կոշիկներն ու նրա փողը գողանալով։ Նրանց ձերբակալեցին՝ մեղադրելով սպանության ու կողոպուտի մեջ, նրանք փախուստի դիմեցին՝ 13 տարի խուսափելով իրենց պատիժը կրելուց։ Երբ նրանց բռնեցին, արդարադատությունն իրականացվեց միանգամից։
1944թ․-ին Ջորջ Սթինի Ջունիոր անունով 14-ամյա Հարավային Կարոլինայում ապրող աֆրոամերիկացի տղան մահապատժի դատապարտվեց երկու երիտասարդ աղջիկների սպանության համար։ Նա մեղադրվեց սպանության մեջ այն բանից հետո, երբ աղջիկների դիերը հայտնաբերվեցին դաժանորեն ծեծի բռնության հետքերով։ Դրա առաջին օրը Սթինիին տեսել են զոհերի հետ ծաղիկներ ընտրելիս։ Միայն ծնողներից հեռացնելուց ու երկար հարցաքննություններից հետո է անչափահաս տղան խոստովանել հանցանքը։ Նրա դատավարությունն ու դատավճիռը կայացվեց մեկ օրվա ընթացքում։
Մահապատիժն իրականացվեց էլեկտրական աթոռի միջոցով։ Ականատեսների վկայությամբ Սթինին հեռախոսագրքի վրա էր նստել աթոռի վրա տեղավորվել կարողանալու համար։
2014թ․-ին դատավոր Կարմեն Մուլիսն այդքան տարի անց դատը բեկանեց՝ պնդելով, որ տղան պատշաճ կերպով չի պաշտպանվել իրավաբանի կողմից և ամենայն հավանականությամբ ճնշումների է ենթարկվել ոստիկանության կողմից՝ ավելացնելով, որ գործում բացակայում են բավականաչափ ֆիզիկական ապացույցներն ու սպանության դրդապատճառը։ Մուլիսը նաև մահապատիժը որակել է որպես «դաժան ու անսովոր պատիժ»։ Դժբախտաբար, սա արդեն տղայի մահից 70 տարի հետո էր։