Կարևոր իրադարձություններ

Այս ամսվա ամենահզորները. Շաբաթի TOP 10

12 Դեկտեմբեր, 2015 12:59
Այս ամսվա ամենահզորները. Շաբաթի TOP 10

Այս ամիս ամենահզորների տասնյակում հայտնվելը մեծապես պայմանավորվեց սահմանադրական հանրաքվեի ընթացքում ունեցած դերակատարմամբ, իսկ ոմանք այստեղ են, քանի որ անկախ ամեն ինչից ամենամեծ ազդեցությունն են ունեցել հանրային գործընթացների վրա: Եվ այսպես.

 10.  Հրանտ Մարգարյան

Հին ընկերն իշխանական նոր սահմանադրության թամբի վրա դարձավ ամենաազդեցիկ մարդկանցից մեկը: Նրա թիմակիցները ջանք ու եռանդ չխնայեցին ԱՅՈ-ի հաղթանակի համար, և ակնկալվում է, որ նրանք շուտով կփոխարինեն մի քանի չհաջողված իշխանական քարոզիչների: Այս ամենի շնորհիվ իր կուսակցության 125-ամյակը նշող կուսակցապետը կշարունակի մնալ ստվերային կարդինալ, բայց շատ ավելի մեծ լծակներով:

 9.   Սեյրան Օհանյան

Նա դարձյալ ամենապահանջված մարդն է իշխանական էլիտայում, քանի որ սահմանին դարձյալ լարվածություն է, այն էլ՝ աննախադեպ: Ազգի թիվ մեկ պաշտպանը վերադարձավ այս տասնյակ՝ ի հեճուկս անձնական դաշտում ծագած բոլոր խնդիրների և նրա դեմ իրականացվող բոլոր խարդավանքների: Հետագա առաջընթացն այս տասնյակում կանխատեսելի է, քանի որ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային լարվածության ժամանակ առաջին պլան են մղվում զորավարները:

 8.   Վովա Գասպարյան

Ընդդիմության երբեմնի ամենասիրված զորավարը կարողացավ կանխել հանրաքվեն հարամելու աղոթակից և այլ ընդդիմության բոլոր փորձերը: Նա իրապես արհեստավարժ է դարձրել ոստիկանությանը, ով առանց լուրջ ցնցումների և առանց օրենսդրական խախտումների կարողանում է աշխատել նույնիսկ ամենաըմբոստ ցուցարարների հետ: Նրա ոստիկանական զորքը և ընտրացուցակները փայլուն կերպով երաշխավորեցին ԱՅՈ-ի անկասելի հաղթանակը:

 7.   Գևորգ Կոստանյան

Նրա քաղաքական կարևորությունը դարձյալ ընդգծվեց, երբ ԵՄ և ԱՄՆ դեսպանները պահանջեցին բոլոր ընտրակեղծիքների արդյունավետ ու օբյեկտիվ քննություն: Նա այս ամիս դրականորեն զարմացրեց նույնիսկ ՀԱԿ-ի առաջնորդներին, երբ կալանավորեց ընտրահանձնաժողովի կաշառատու անդամին: Նա հանրաքվեի ամփոփման նախագահական հանդիպմանը նստած էր ամենապատվավոր դիրքերում, մեր տասնյակի նույն տրամաբանությամբ՝ Վովա Գասպարյանի և Վիգեն Սարգսյանի մեջտեղում:

 6.   Վիգեն Սարգսյան

Հանրաքվեի հաղթանակը նրան նորից վերադարձրեց այս տասնյակ: Քարոզարշավի ընթացքում տեղ գտած առանձին անհամություններ և ձախողումներ այլևս էական չեն, քանի որ հաղթողներին չեն դատում: Իշխանական հաղթանակի մեջ հսկայական ներքաղաքական և միջազգային աշխատանք իրականացրած սառնասիրտ ինտելեկտուալն արժանիորեն վայելում է հաղթանակի դափնիները և պատրաստվում պաշտոնի հերթական բարձրացմանը:  

 5.   Տարոն Մարգարյան

Նա ոչ միայն արեց առավելագույնը մի շարք ընտրատարածքներում իշխանության հաղթանակի համար, այլև նախընտրական քարոզչությանն էականորեն նպաստեց մայրաքաղաքում դրական տրամադրություններ ստեղծելու բազմաթիվ ջանքերով: Նա նույնիսկ գեղասահքի շքեղ հարմարություններ նվիրաբերեց ԱՅՈ-ի հաղթանակին և հանրաքվեի նախօրեին հզորների երթով անցավ Նախագահ Սարգսյանի կողքին:

 4.   Գորիկ Հակոբյան

Նրա հակաահաբեկչական հայտնի օպերացիան ցնցեց ողջ հանրությանը և ցույց տվեց բոլորին, որ անկախ բոլոր չարախոսություններից Ազգային անվտանգության ծառայությունը պաշտպանում է հանրության և հատկապես իշխանությունների կյանքն ու առողջությունը: Ամենահմուտ իշխանավորը ոչ միայն կարողացավ վնասազերծել զինված խմբավորման բոլոր անդամներին, այլև սահմանադրական հանրաքվեի գործընթացի բոլոր վտանգավոր թշնամիներին:

 3.   Գագիկ Խաչատրյան

Մինչ բոլորը իշխանավորները կռվում էին սահմանադրական հանրաքվեի մարտի դաշտում, նա փայլուն ապահովեց այդ բանակի թիկունքը: Ֆինանսատնտեսական ծանրագույն այս պայմաններում նա դինավանագիտորեն ներկայացրեց և անցկացրեց 2016 թվականի բյուջեն: Նա արժանիորեն շարունակում է մնալ ամենահզորների եռյակում, քանի որ նրա տնտեսական հերոսությունների բազիսի վրա կառուցվեց սահմանադրական հաղթանակի քաղաքական վերնաշենքը:

 2.   Հովիկ Աբրահամյան

Միշտ ժպտադեմ և կենսուրախ Վարչապետը դաժան ու կրկնակի փորձություն անցավ այս ամիս: Բարդ տնտեսական իրավիճակում՝ վարչապետ, քարոզչությանը ներքին ու արտաքին վնասատուների պայմաններում՝ շտաբի պետ, սակայն նա, միևնույն է, կարողացավ բոլոր ճակատներում հաղթանակ ապահովել իր թիմի համար: Որքանով կգնահատվի նրա ինքնազոհաբերումն ապագայում դեռ պարզ չէ, սակայն այսօր նա շարունակում է ամուր պահպանել իր երկրորդ հորիզոնականը:

 1.   Սերժ Սարգսյան

Դարձյալ շախ և վիրտուոզ մատ բոլոր նրանց, ովքեր արդեն մտովի հրաժեշտ էին տալիս նրան: Էլ ավելի եվրոպականացնելով սահմանադրությունը և հիմնահատակ փոխելով քաղաքական խաղի կանոնները՝ նա ոչ միայն էականորեն ամրացրեց իր նախագահության վերջին տարիների դիրքերը, այլև պայծառ և հզոր ապագա նախանշեց իր հետնախագահական իշխանավարման համար: Հիմա նա արդեն կտեսնի, թե ով ինչպես աշխատեց իր հերթական հաղթանակի համար, և կգծի հաջորդ բարդ կոմբինացիաների շղթան խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

 

Այս ամիս ամենահզորների տասնյակին ընդհուպ մոտեցան, սակայն դեռևս այնտեղից  դուրս մնացին ԱՅՈ-ի հաղթանակի համար մեծ ծառայություն մատուցած Էդուարդ Շարմազանովը (փայլուն ելույթներ ունեցավ հանրաքվեի ողջ քարոզչության ընթացքում և արդեն դե ֆակտո փոխարինում է ԱԺ տարեց նախագահին), Մանվել Գրիգորյանը (ոչ միայն արդյունավետորեն ձայներ ապահովեց իշխանության համար, այլև տեղը դրեց մի քանի ըմբոստ ցուցարարի), Սուրիկ Խաչատրյանը (Սյունիքն իրենն է, ինքն էլ՝ հանրապետականինը), Մհեր Սեդրակյանը (Էրեբունու իշխանական հաղթանակը մաքուր էր ու տպավորիչ):

 

Չեն հաջողել այս ամիս պատկառելի շատ այլ այրեր: Ոչինչ, մեծ խաղի ընթացքը երբեք կանգ չի առնում: Ամեն ինչ առջևում է:

 

Շաբաթի թղթակցակազմի և իր դիտարկումները ամփոփեց ու ներկայացրեց
Տիգրան Գալստյանը

 

Լրահոս

Դիտել ավելին