Կարևոր իրադարձություններ

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում

13 Հոկտեմբեր, 2015 20:55
Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում

Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
Քննարկվեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա բաժինների 2015 թվականի ինն ամիսների գործունեության արդյունքները, որոնք ներկայացրեց վարչության պետ Աշոտ Կարապետյանը:
Վլադիմիր Գասպարյանը հիմնականում դրական գնահատեց մայրաքաղաքի ոստիկանների աշխատանքը՝ միաժամանակ ուշադրություն հրավիրելով ծառայության մեթոդաբանությունը մշտապես կատարելագործելու և արդիականացնելու անհրաժեշտությունը:
Ոստիկանության պետը կրկին կարևորեց գործնական պարապմունքների նշանակությունը, հատկապես երիտասարդ կադրերի պատրաստության, նրանց նախորդ սերնդի փորձը հաղորդելու, ժամանակակից ոստիկանի ձևավորման գործընթացում:
Վլադիմիր Գասպարյանը բարձրացրեց ոստիկանության աշխատանքը սկզբունքորեն վերափոխելու խնդիրը՝ ընդգծելով, որ չկան ի սկզբանե պատրաստ լուծումներ, և ոստիկանն իր գիտելիքների ու պատրաստականության շնորհիվ միայն կկարողանա արդյունավետ գործել բոլոր իրավիճակներում:
Վլադիմիր Գասպարյանը կարևորեց անչափահասների հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու առաջնահերթությունը՝ նկատելով, որ չնայած դեռահասների հետ տարվող ծավալուն աշխատանքին և դպրոցական տեսուչի ինստիտուտի կայացմանը, կոնկրետ օպերատիվ աշխատանքը անչափահասների շրջանում կատարելագործման կարիք ունի, ինչին կարելի է հասնել հիմնվելով նաև ոստիկանության վետերանների վրա, որոնք այսօր չափազանց օգտակար ու գնահատելի գործ են կատարում:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին:

 

Լրահոս

Դիտել ավելին