Կարևոր իրադարձություններ

Վրաստանի նախագահին չի դիմավորել իր իսկ դեսպանը

13 Հոկտեմբեր, 2015 20:25
Վրաստանի նախագահին չի դիմավորել իր իսկ դեսպանը

Ալիկ Երոյանցը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում Վրաստանի նախագահին գեթ մեկ անգամ չի տեսակցել ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեն: Նա նույնիսկ չի դիմավորել այն երկրի նախագահին, որի շահերն ինքը ներկայացնում է: Վերոնշյալի հետ կապված իր վրդովմունքն է արտահայտել հենց ինքը՝ նախագահ Մարգվելաշվիլին, ով անընդունելի է համարել դեսպանի պահվածքը: Մարգվելաշվիլիի խոսքով՝ դիվանագետը պետք է պատվով կատարի իր աշխատանքը և բարձր պահի սեփական երկրի պատիվը, ուստի, ըստ վրացի նախագահի, դիվանագիտական էթիկայից զուրկ նման դեսպաններն իրավունք չունեն զբաղեցնեն այդպիսի պաշտոններ:

Վրաստանի նախագահին զայրացրել է հատկապես այն հանգամանքը, որ վերջինս ԱՄՆ է մեկնել ոչ թե անձնական, այլ պաշտոնական այցով՝ մասնակցելու ՄԱԿ-ի հոբելյանական գագաթնաժողովի միջոցառումներին: Այսինքն՝ նա հրավիրված է եղել որպես երկրի ղեկավար և իր կարծիքով՝ մի շարք կարևոր հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կամ տեսակետների մասին կարող էր օգտակար տեղեկատվություն հաղորդել ԱՄՆ-ում Վրաստանի դիվանագիտական ծառայության ղեկավարին, որը չի բարեհաճել հանդիպել Մարգվելաշվիլիին:

Հ.Գ. Ի դեպ, դեսպան Գեգեշիձեն այդ նույն ժամանակ, փաստորեն, զբաղված է եղել վարչապետ Ի. Ղարիբաշվիլիի հանդիպումների կազմակերպմամբ: Նշանակում է՝ վերջինս պարապ չի եղել, կատարել է իր պարտականությունները, բայց, այդուհանդերձ, նա պարտավոր էր համապատասխան վերաբերմունք ցուցաբերեր նաև Վրաստանի նախագահի նկատմամբ, քանի որ երկրիդ բարձրաստիճան պաշտոնյային արհամարհելը ոչ այլ ինչ է, քան սեփական երկրին վիրավորելը:
Հասկանալի է, որ Ղարիբաշվիլի-Մարգվելաշվիլի վեճը դեռևս չի հանդարտվել, բայց որ նրանք իրենց միջանձնական հարցերը տեղափոխում են միջազգային հարթություն, կարծում եմ՝ անընդունելի է:

 

Լրահոս

Դիտել ավելին