Կարևոր իրադարձություններ

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանի խորհրդարանի նախագահի ներկայացուցիչներին

23 Օգոստոս, 2017 13:24
Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանի խորհրդարանի նախագահի ներկայացուցիչներին

Պիքֆայայի Ս. Աստուածածին վանական համալիրում, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն օրերս ընդունել է Լիբանանի Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի երկու ներկայացուցիչներին։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Լիբանանի քրիստոնեա-իսլամ երկխոսության հայ համայնքի ներկայացուցիչ Ժան Սալմանյանը։ Հյուրերը, առաջին հերթին, Վեհափառ Հայրապետին ներկայացրել են Խորհրդարանի նախագահի ողջույններն ու բարեմաղթությունները, և ապա Նորին Սրբությանն են փոխանցել Մուսա Սատրիին նվիրված հիշատակի հանդիսության պաշտոնական հրավերը։

Հանդիպմանը քննարկվել են Լիբանանի ներքին կյանքը հուզող հարցեր և հատկապես Բեքայի և Արսելի շրջաններում տիրող ապահովական ընդհանուր կացությունը։

Այս առիթով, Արամ Ա-ն ողջունել է լիբանանյան բանակի արի կեցվածքը ի խնդիր Լիբանանի անկախության, պաշտպանության ու բոլոր շրջաններում անվտանգության ամրապնդման։

Նշենք, որ վերոհիշյալ հանդիսությանը մասնակցել են Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Շահե Եպս. Փանոսյանն ու Ժան Սալմանյանը։

Նույն օրը, Հայրապետը հեռախոսային կապ հաստատելով շնորհավորել է Միջին Արևելքի Եկեղեցիների խորհրդի ընդհանուր քարտուղար Միշել Ջալխին, Անթոնին համալսարանի նախագահ ընտրվելու առիթով։ Վերջինս Վեհափառ Հայրապետին հրավիրել է համալսարան դասախոսություն կարդալու:

 

Լրահոս

Դիտել ավելին