Կարևոր իրադարձություններ

Մալխաս. «Ոնց նվագում եմ, այդպես էլ ապրում եմ». «Փաստ»

29 Հուլիս, 2017 07:35
Մալխաս. «Ոնց նվագում եմ, այդպես էլ ապրում եմ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատ հաճախ քաղաքի պատմությունը կերտում են ոչ միայն դեպքերն ու իրադարձությունները, այլև մարդիկ: Նրանք իրենց տեսակով, կենսակերպով ու աշխատանքով ստեղծում են մթնոլորտ ու տրամադրություն: Նրանցով ես ճանաչում քաղաքն ու նրա կյանքը: Երևանի համար նման մարդկանցից է Լևոն Մալխասյանը կամ ինչպես ընկերներն են ասում` Մալխասը: Հենց նա էլ մեր այսօրվա հյուրն է:


– Երեք երազանք եմ ունեցել: Առաջինը` ցանկանում էի այցելել ԱՄՆ և տեսնել այն սև երաժիշտներին և լսել այն սև երաժշտությունը, որով սովորել եմ, որը նվագել եմ և որի հետ ծանոթացել եմ միայն ձայնապնակներով ու տեսագրություններով: Ցանկությունս իրականացավ 1990–ին: Մեկնեցի Նյու Յորք և Վաշինգտոն: Այցելեցի մոտ 17 ջազ ակումբ, որտեղ նվագում էին և՛ աստղեր, և՛ երիտասարդ ջազմեններ, և՛ էքսպերիմենտատորներ: Երկրորդ երազանքս համաշխարհային աստղերի, լեգենդների մասնակցությամբ Երևանում միջազգային ջազ փառատոն անցկացնելն էր: Դա հաջողվեց 1998–ին` կազմակերպեցի առաջին փառատոնը, որին մասնակցում էր շուրջ 10 երկիր, ներկա էին Նյու Օռլեանի վետերանները, «New York Voices» հանրահայտ համույթը: Համանման փառատոներ անցկացվել են նաև 2000–ին և 2006–ին: Եվ վերջապես` 30 տարի երազել եմ ջազ ակումբ ունենալ: Ընկերներիս շնորհիվ երազանքս կատարվեց: Ես մենակ չէի կարող այն ստեղծել, դա շատ մեծ ֆինանսների հետ է կապված: Այստեղ եմ բերել իմ ողջ գրադարանը, ձայնադարանը, որ այսքան տարի հավաքել եմ: Դրա շնորհիվ բացի կենդանի կատարումներ լսելուց ուսանողները, ջազի սիրահարները ծանոթանում են ջազային արվեստի հետ:

– Երևի օրվա մեծ մասն այնտեղ եք անցկացնում:

– Ոչ, հիմնականում երեկոյան եմ գնում: Բայց երբեմն այնտեղ եմ լինում նաև ցերեկային ժամերին, երբ խմբերը պարապում են: Ունենք 7 խումբ, ամեն մեկն ունի ելույթի իր օրը: Բայց որոշները մեզ մոտ չեն աշխատում, պարզապես գալիս պարապում են: Ակումբը նաև դրա համար է: Ի սկզբանե այն մտածված էր նման երաժշտական հանդիպումների, համատեղ նվագելու համար: Jam session–ները, հանդիպումները դառնում են ավանդույթ: Սա ջազ ակումբի առօրյան է:

– Գիտեմ, որ հայտնի շատ մարդիկ են ձեզ մոտ հյուրընկալվում:

– Այո: Մի անգամ գիշերվա ժամը 12:30 եկավ Միշել Լեգրանը` ջազի, կինոերաժշտության լեգենդներից մեկը: Եկավ, լսեց մերոնց, իսկ իմ հայտարարելուց հետո, որ մեր ակումբում է նման պատվավոր հյուր, բեմ բարձրացավ և մեկ ժամ նվագեց մեր երաժիշտների հետ: Մեզ մոտ եղել է հայտնի դասական, նաև ջազային դաշնակահար Դենիս Մացուևը, նրան հրավիրել էր մեր կոնսերվատորիայի ռեկտորը: Մեզ մոտ եղել է Ջերոն: Մեր ակումբում հյուրընկալվել և նվագել է հայտնի սաքսոֆոնահար, 80–ամյա Ֆելիքս Սլովաչեկը, ում անունը 30–40 տարի առաջ թնդում էր ողջ Եվրոպայում: Կ.Օրբելյանի 80–ամյակի առիթով մեզ մոտ հյուրընկալվեցին Լարիսա Դոլինան և Էռնա Յուզբաշյանը, երկուսն էլ մեր երաժիշտների հետ jam session արեցին: Երևան այցի ընթացքում մեզ հյուր են եկել Չի Կորեոն, «New York Voices» խումբը: Մի քանի տարի առաջ Երևան էր այցելել Մայքլ Ջեքսոնի եղբայրը` Ջերեմի Ջեքսոնը: Նա բասկիթառահար է: Երբ նրան ասել էին մեր ակումբի մասին, շտապել էր մեզ մոտ: Մեր ակումբի հյուրերից է եղել լեգենդար սաքսոֆոնահար Բենի Մաուկին: Բացի երաժիշտներից «Մալխաս» ջազ ակումբ են այցելում նաև արվեստագետներ: Մեր հյուրերից է եղել Վախթանգ Կիկաբիձեն, ով շատ երկար նստեց, իսկ վերջում դրվատանք հայտնվեց մեր ջազի մասին: Հյուրընկալել ենք Սվյատոսլավ Բելզային, հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանին, դերասաններ Արմեն Ջիգարխանյանին, Վլադիմիր Մաշկովին: Մեզ մոտ եղել է Մաքսիմ Գալկինը, նա մի լավ շշկռվել էր: Եկել են «Comedy club»–ի բոլոր տղաները: Երկու անգամ հյուրընկալել ենք Քըրք Քըրքորյանին: Էլ չեմ ասում, որ հայտնի մարզիկներն էլ են եկել: Մեկ անգամ մեզ մոտ եղել է հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաևֆը: Հյուրընկալվել են բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամը, Վիկ Դարչինյանը, ծանրորդ Յուրի Վարդանյանը:

– Գիտեմ, որ «Մալխաս» ջազ ակումբ են գալիս նաև քաղաքական գործիչներ, օրինակ` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

– Սկսենք նրանից, որ Լավրովն իմ ընկերն է և ջազ շատ է սիրում: Ու ամեն անգամ Երևան այցելելիս անպայման գալիս է մեր ակումբ: Նույնը կարող եմ ասել Կոնստանտին Զատուլինի մասին: Նա էլ Երևան յուրաքանչյուր այցի ժամանակ պարտադիր գալիս է: Նստում է, խմում իր մի բաժակ ռոմը, ծխում սիգարը, ջազ լսում և գնում: Ռոբերտ Քոչարյանն էլ էր շատ գալիս:

Շատ է մեզ մոտ եկել մեր հայտնի մոսկվաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը, ով ինձ համար նախևառաջ արվեստասեր մարդ է: Նույնիսկ Մոսկվայի իր աշխատողներին է ակումբ բերում և կորպորատիվ երեկույթներ կազմակերպում: Գալիս է նաև «Росгосстрах»–ի նախագահ Դանիլ Խաչատուրովը: Մի անգամ իր աշխատակիցներին նստեցրել էր ինքնաթիռ ու բերել մեր ակումբ:

– Ձեր այցելուները գալիս են ջա՞զ լսելու, թե Մալխասին հյուր:

– Իմ բոլոր թվարկած մարդիկ գալիս են ջազ լսելու: Բայց կան այնպիսիք, ովքեր գալիս են պարզապես Մալխասին հյուր: Դրանք հիմնականում երևանցիներն են:

– Երևի տանտերը հյուրընկալ է, այդ պատճառով էլ գալիս են:

– Միգուցե: Բայց ինձ ուրախացնում է մեկ այլ փաստ` շատ երիտասարդներ են գալիս: 4–5 հոգով գալիս–նստում են, մինչև գիշերվա 1–2–ը ջազ լսում: Այդ երիտասարդներն էլ հո իմ ընկերները չե՞ն` հին երևանցիները: Նրանց կեսից ավելին ինձ չի էլ ճանաչում: Գալիս են լսելու իրենց սիրած ջազմենին:

Քանի որ սա ակումբ է, մեր այցելուներից շատերը մասնակցում են jam session–ների: Եթե վստահ են իրենց երաժշտական ուժերին, կարող են բեմ բարձրանալ և նվագել: Մի անգամ ԵԱՀԿ–ի դիտորդներ էին եկել: Մեր երաժիշտներին լսելուց հետո 50 տարեկան մի գերմանացի հանեց իր կլառնետը և սկսեց մերոնց հետ նվագել: Մի անգամ էլ սև–սև մազերով երկուսը բարձրացան բեմ, ոչ ճանաչում ենք` ով են, ինչ են, որ երկրից են, շեփորն ու թմբուկը հանեցին ու սկսեցին նվագել: Պարզվեց Անթիլյան կղզիներից էին:

– Փաստորեն ջազի սիրահարները շատ են:

– Այո, բայց ես երկրի «ջազաֆիկացման» կողմնակից չեմ: Ամենևին: Քանի որ ջազը կամերային ժանր է: Այն կոմերցիոն չէ, ինչպես փոփը, էստրադան, նույնիսկ դասականը: Ջազը որոշակի ունկնդրի համար է: Այն ստադիոնային, զանգվածային ժանր չէ: Օրինակ, ամբողջ տարի ես համալիրում համերգ չտվեցի, որովհետև ջազը մարդաշատ վայրեր չի սիրում: Մեկ–մեկ գալիս, ինձ ասում են` տեղը պուճուր չի՞: Այ բալամ, ջազը չի սիրում մեծ դահլիճ: Դահլիճում կարող ես հոբելյան նշել, փառատոն անցկացնել: Բայց միևնույն է` դրանից հետո գալիս ես ակումբ ու մինչև լույս մնում:

– Ասում են` ջազը տարբերվում է երաժշտական մնացած ժանրերից: Այդպե՞ս է:

– Իհարկե: Ջազը տարբեր կերպ է թարգմանվում: Դրա թարգմանություններից մեկն է` կյանք, այսինքն` անընդհատ փոխվող և չկրկնվող: Այն ինչպե՞ս կարող է նմանվել որևէ ժանրի: Ջազն ունի ամենահետաքրքիր նորություններն արագ կլանելու հատկություն: Այն շատ ճկուն է: Դրա համար էլ ապրում է: Ջազն օրենք չունի: Որքան ձայնագրություն արել եմ, արել եմ մեկ դուբլից: Ցանկացած պահի տրամադրությունս կարող է փոխվել և նույն գործը կարող եմ նվագել բոլորովին այլ կերպ: Սա իմպրովիզացիա է: Ես ինչպե՞ս կարող եմ իմպրովիզացիան կրկնել:

– Կյանքո՞ւմ էլ եք սիրում իմպրովիզներ անել:

– Ոնց նվագում եմ, այդպես էլ ապրում եմ: Իմ մեջ ոչ մի կոնկրետ բան չկա: Ես ազատ եմ իմ շարժման, կյանքիս, ապրելակերպիս մեջ: Ջազմենը հոգով ազատ է, նրան չի կարելի դնել կաղապարների մեջ: Առանց կեղծ համեստության կարող եմ ասել, որ ինձ տարբեր բարձր պաշտոններ են առաջարկել: Ոչ մի բանի ոչ մի օր չեմ համաձայնել: Ես էդ գործում չկամ: Ջազմենը երևի իրավունք չունի պաշտոն ունենալ: Ես ինչպես կարող եմ մինչև առավոտվա 4–5–ը jam session նվագել, իսկ առավոտվա 9–ին փողկապ կապել ու ժողովի գնալ: Խախտված բիոռիթմով եմ ապրում: Ցերեկը քնում եմ, որ գիշերը կարողանամ աշխատել: Եթե ջազմեն ես` ունես քո կյանքի ձևը: Ու էդ ձևը ոչ մի պաշտոնի համար չեմ խախտել ու չեմ խախտի: Ջազն իմ կյանքն է, և ես նրան ոչ մի անգամ չեմ դավաճանել:

– Որքան գիտեմ երաժշտական կրթություն չունեք: Ինչպե՞ս մտաք ջազի աշխարհ:

– 14–15 տարեկանում ջարդուխուրդ եղած ռադիոընդունիչով լսեցի աստվածային երաժշտություն: Հետագայում իմացա, որ դա 20–րդ դարի լավագույն դաշնակահար–ջազմեն Օսկար Պետերսոնն է: Նա եղել է իմ միակ ուսուցիչը, որին մինչ այսօր ուսումնասիրում եմ և չեմ կարողանում մինչև վերջ բացահայտել:

– Ջազի ազատությունը կարո՞ղ է նմանվել քաոսի կարգուկանոնին:

– Քաոսը միայն երևութական է: Ջազն ունի իր որոշակի պարտադիր կետերը, որոնք պետք է իմանաս: Եթե ուզում ես ջազ նվագել, պետք է թեման անգիր իմանաս: Իմպրովիզներն այդ թեմայի շուրջ են: Ռոքից, ռաբիզից, դասականից, ժողովրդականից, ֆոլկլորից` իմպրովիզացիայի քո մտածելակերպին համապատասխանող ամենալավ տարրերով կարող ես թեման մեկնաբանել:

Եթե կարող ես` բեր թող դուդուկն էլ նվագի, շվին էլ նվագի: Բայց հայկական ժողովրդական գործիքների հետ պետք է չափազանց զգույշ լինել, որովհետև վուլգարության գիրկն ընկնելն այս դեպքում շատ հեշտ է: Հայկական ջազն այն է, երբ դարերով եկած ժողովրդական մելոսն արտացոլվում է քո նվագի մեջ: Ցանկացած երկրում, որտեղ նվագել եմ, 10 րոպե հետո ասել են` դաշնակահարն Արևելքից է: Այսինքն, բոլորովին պարտադիր չէր, որ կողքս քյամանչա լիներ, որ ասեին` այս ջազմենը Հայաստանից է:

Եթե ներքուստ պատրաստ ես, եթե ունես քո ներքին երաժշտական փիլիսոփայությունը, իսկ իմպրովիզացիայի զգացումդ պատրաստ է դա ջազի համար յուրովի մշակել, ապա կարող ես վերցնել ցանկացած երաժշտություն` դասական, ժողովրդական, ռաբիզ, ռոք:

– Չե՞ք վախենում այսպես ասած քարացած, դասական դարձած ստեղծագործություններին նոր շունչ հաղորդել:

– Ոչ: Բայց ես անհամոզիչ եմ համարում, երբ դասականը նվագում են ջազ մեկնաբանությամբ: Որովհետև դրանք այնքան կատարյալ են, որ կարող ես ընկնել իմ ասած վուլգարության մեջ: Նույնը վերաբերում է ժողովրդական ֆոլկլորին: Ամեն ինչ չէ, որ կարելի է ջազային ձևով մատուցել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին