Կարևոր իրադարձություններ

Ոչ մի պողոտա, որքան էլ գեղեցիկ լինի, մի քաղաքացու ցավ ու մորմոք չարժի. «Հրապարակ»

20 Հուլիս, 2017 08:52
Ոչ մի պողոտա, որքան էլ գեղեցիկ լինի, մի քաղաքացու ցավ ու մորմոք չարժի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հյուսիսային պողոտայի կառուցման հիմքում բազում մարդկանց արցունքներն ու տագնապներն են անթեղված։ Մանավանդ վտարումների առաջին փուլը Շահ Աբասի ժամանակներն էին հիշեցնում՝ սրով ու հրով, ծեծով ու ջարդով մարդկանց վռնդում էին իրենց բնակարաններից։ Հատուցումներն էլ կամայական էին․ մեկին՝ շատ, մյուսին՝ աննշան։ Ոտնահարվում էին մարդկանց սեփականության, բնակվելու, սեփական գույքն իր հայեցողությամբ տնօրինելու իրավունքները։ Այն ժամանակ դեռ համացանցն ու Ֆեյսբուքը չկային, եւ մարդկանց իրավունքները պաշտպանում էին հատուկենտ փաստաբաններն ու թերթերի լրագրողները՝ ուժերը խիստ անհավասար էին դատական կարգադրիչների, ոստիկանների, կառուցապատողների դեմ, որոնց ետեւում իշխանությունն էր կանգնած, հանձին Ռոբերտ Քոչարյանի։ Մեկ-երկու փորձ եղավ՝ դատավորների կողմից վտարվողների շահերը պաշտպանելու, նրանք անմիջապես հրավիրվեցին նախագահական եւ հետո, պատերի տակ, պատմում էին, թե ինչ բառերով է իրենց դիմել ու հրահանգավորել ՀՀ նախագահը։

 

Այլեւս ոչ ոք չհամարձակվեց դեմ գնալ իշխանությանը։ Միայն տարիներ անց, երբ այդ գործերն սկսեցին հասնել Եվրադատարան, եւ պետությունը պարտություն պարտության հետեւից կրեց, հասկանալի դարձավ, որ ոչինչ անհետեւանք չի անցնում։ Սակայն պետության դեմ կայացվող հայցերի ու մեծ տուգանքների համար, ցավոք, այն ժամանակվա իշխանությունն ու դատավորները պատասխան չեն տալիս։ Հակառակը, երբ առիթ է լինում, մեր աչքն են խոթում Հյուսիսային պողոտան՝ հանդիմանելով․ վա՞տ է, որ կառուցվեց։ Լավ է, թեեւ կարող էր շատ ավելի լավը լինել։ Բայց ոչ մի պողոտա, որքան էլ գեղեցիկ լինի, մի քաղաքացու ցավ ու մորմոք չարժի։ Նման ծրագրեր էլի կլինեն, Ֆիրդուսի թաղամասի օրինակով, բայց մարդկանց ցավեցվել պետք չէ՝ ոչ մի կառույց չարժի դրան»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին