Կարևոր իրադարձություններ

«Գազպրոմ Արմենիա»-ն հերքում է` իրենց գլխավոր հաշվապահը ՊԵԿ-ի հետ առնչություն չունի. «Հայկական ժամանակ»

28 Հունիս, 2017 09:39
«Գազպրոմ Արմենիա»-ն հերքում է` իրենց գլխավոր հաշվապահը ՊԵԿ-ի հետ առնչություն չունի. «Հայկական ժամանակ»

Երեկ էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում տեղեկություն հրապարակվեց, որ արդեն մեկ շաբաթից ավելի է ՊԵԿ շենքում տեղավորվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր հաշվապահ Արմեն Ունանյանը, ով ինչ-որ պրոցեսների մեջ ակտիվ դերակատարում է ստանձնել:

ՊԵԿ-ի մի աշխատակից անանուն նամակ է ներկայացրել, որի համաձայն կարոգոների գործունեության հետ կապված ՊԵԿ-ն ինչ-որ բան է որոշում կամ որոշել։ Գլխավոր բանակցողը հենց Արմեն Ունանյանն է:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության հետ կապերի եւ ԶԼՄ-ների բաժնից «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում եւ Արմեն Ունանյանը զբաղեցնում է «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր հաշվապահի պաշտոնը: «Իր աշխատանքային գործառույթներից եւ աշխատանքի բնույթից ելնելով նա, որպես գլխավոր հաշվապահ, կարող է լինել տարբեր կազմակերպություններում, որը մենք չենք կարող մեկնաբանել, բայց նշված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում»,- փոխանցեցին «Գազպրոմ Արմենիա»-ից:

Հարցին՝ Արմեն Ունանյանը որեւէ կերպ ներգրավվա՞ծ է ՊԵԿ-ի գործունեությունում, նույն բաժնից փոխանցեցին, որ ավելացնելու բան չունեն:

«Հայկական ժամանակ»-ը Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի լրատվականին գրավոր հարցում է ուղարկել, որտեղից պարզաբանում ստանալուն պես այն կներկայացնենք:

«Հայկական ժամանակ»-ն ավելի վաղ գրել էր, որ ՀՀ մաքսային ծառայությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, թե պետեկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը երկու շաբաթ է տվել այսպես կոչված «կարգոներին»՝ իրենց գործունեությունը դադարեցնելու համար:

Խոսքը այն «տրանսպորտային» ընկերությունների մասին է, որոնք ներկրումներով զբաղվող փոքր ու միջին տնտեսվարողների ապրանքներն արտերկրից տեղափոխում են Հայաստան, մութ սխեմաներով իրականացնում մաքսազերծումը եւ հանձնում դրանք ապրանքների տերերին: Դա տարիներով ձեւավորված կոռուպցիոն հստակ սխեմա է, որտեղ մաքսավորներն ու այդ «կարգոները» գործում են հանցավոր համաձայնության շրջանակներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին