Կարևոր իրադարձություններ

Ագրամունտն ընտրել է «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» տարբերակը. Նաիրա Զոհրաբյան

26 Հունիս, 2017 18:38
Ագրամունտն ընտրել է «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» տարբերակը. Նաիրա Զոհրաբյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի մեկնարկային ելույթներում Եվրոպայի բոլոր քաղաքական խմբերը վստահ հայտարարել են, որ ԵԽԽՎ ներկայիս ղեկավար Պեդրո Ագրամունտն այլեւս չի վայելում վստահություն եւ պետք է հեռանա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Արդեն վաղը քվեարկության կդրվի համապատասխան նախագիծ, որը ենթադրում է ԵԽԽՎ կանոնակարգի փոփոխություն, ըստ որի՝ կամրագրվի հետկանչի մեխանիզմ: Հետաքրքիր է, որ այս տարիների ընթացքում ոչ ԵԽԽՎ նախագահի, ոչ գլխավոր քարտուղարի հետկանչի մեխանիզմ ամրագրված չի եղել: Այստեղ արդեն երկու ասպեկտ կա՝ բարոյական, այսինքն՝ արդյոք Պեդրո Ագրամունտը կգտնի բարոյական ուժ եւ կհեռանա, իսկ եթե ոչ, ապա գործի կդրվի իրավական ասպեկտը»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանի դիտարկմամբ՝ Ագրամունտի դեպքում ավելորդ է խոսել հրաժարական տալու մասին, քանի որ առավոտյան նրա հարցով ընթացող երկար քննարկումից տպավորությունն այն է եղել, որ Ագրամունտն ընտրել է իր համար ամենանվաստացուցիչ տարբերակը:

«Բոլորը խոսեցին ԵԽԽՎ-ում կոռուպցիայի, Ագրամունտին այլեւս չվստահելու մասին, սակայն նա կարծես ընտրել է «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» տարբերակը: Նա գիտի, որ իր վրա վետո է դրված, որ իրավունք չունի ԵԽԽՎ նիստեր վարել, բյուջեից ինչ-որ գումար ծախսել, բայց նախընտրում է երկարաձգել այս նվաստացման գործընթացը՝ փորձելով այս կերպ վարկաբեկել ԵԽԽՎ-ն: Պատահական չէ, որ իմ ելույթում ես ասացի, որ ինձ համար սպասելի էր, որ Պեդրո Ագրամունտը չի պահելու իրեն ոչ որպես քաղաքական գործիչ, ոչ որպես տղամարդ»,-եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հինգ հիմնական քաղաքական խմբերից մեկը՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, հունիսի 26-ին ձայների մեծամասնությամբ քվեարկել է ԵԽԽՎ-ի ներկայիս ղեկավար Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու օգտին:

 

Լրահոս

Դիտել ավելին