Կարևոր իրադարձություններ

8 ախտանշան, որոնք վկայում են թրոմբների առկայության մասին

25 Հունիս, 2017 21:00
8 ախտանշան, որոնք վկայում են թրոմբների առկայության մասին

Արյան մակարդումը շատ կարևոր ու բնական գործընթաց է, սակայն, երբ արյան խտացած գնդիկներն առաջանում են անոթների ներսում, կարող են ի հայտ գալ առողջական լուրջ խնդիրներ: Արյունաբանության ամերիկյան միության տվյալներով՝ գոյություն ունի թրոմբների առաջացմանը նպաստող մի քանի գործոն: Դրանք են.

 

·        ավելորդ քաշը,

 

·        հղիությունը,

 

·        նստակյաց ապրելակերպը (օրական 4 ժամից ավել նստած անցկացնելը),

 

·        ապխտած սննդամթերքը,

 

·        օրալ հակաբեմնավորիչ հաբերը,

 

·        քաղցկեղը,

 

·        վերքերը,

 

·        որոշ վիրահատությունները,

 

·        60-ից բարձր տարիքը,

 

·        գենետիկ հակվածությունը,

 

·        քրոնիկ բորբոքային հիվանդությունները (ռևմատոիդ արթրիտ):

 

Երակներում առաջացած թրոմբները կարող են խցանել որևէ անոթ և զրկել մարմնի տվյալ հատվածը թթվածնով հարուստ արյունից, ինչի հետևանքով հյուսվածքները կսկսեն դանդաղ մահանալ:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 8 ախտանշան, որոնք կարող են վկայել արյան մեջ թրոմբների առկայության մասին: Այս ախտանշանների դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժշկին՝ հետագա խնդիրներից խուսափելու համար:

 

Ուռածություն

 

Թրոմբը ճնշում է գործադրում անոթի պատերի վրա, ինչի հետևանքով այն կարող է ուռել: Նման ուռածություններ հաճախ նկատվում են ոտքերի վրա:

 

Անդադար ցավ

 

Թրոմբների առկայության մասին կարող է վկայել նաև ճնշման զգացողությունն ու բութ ցավը, որն ուղեկցում է մյուս ախտանշաններին: Կրծքավանդակի հատվածում ցավը կարող է նման լինել սեղմվածության զգացումին:

 

Մաշկի կապտավուն երանգ

 

Արյան շրջանառության խանգարման հետևանքով մաշկը կարող է գունատվել, իսկ այնուհետև ձեռք բերել կապտավուն երանգ, ինչը պայմանավորված է արյան մեջ թթվածնի պակասով:

 

Ջերմություն

 

Ջերմության զգացողությունը սովորաբար ի հայտ է գալիս ձեռքերի կամ ոտքերի հատվածում: Այս ախտանշանը կարող է ուղեկցվել առատ քրտնարտադրությամբ կամ ցավոտ զգացողություններով:

 

Զգայունության կորուստ

 

Ոտքերի ու ձեռքերի թմրածությունը ևս կարող է լինել թրոմբների ախտանշան: Սա նույնպես պայմանավորված է լինում արյան շրջանառության խանգարումով:

 

Խոսելու ունակության կամ տեսողության կորուստ

 

Գլխուղեղում արյան մակարդուկի կուտակումն անվանվում է իշեմիկ կաթված: Գլխացավերը շատ տարածված են և միայն այս ախտանշանը չի կարող վկայել թրոմբների մասին, սակայն այդ մակարդուկը կարող է առաջացնել տեսողության և խոսելու ունակության հետ կապված խնդիրներ, որոնք արդեն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:

 

Որովայնային ցավով ուղեկցվող փսխում ու փորլուծություն

 

Փսխումը կարող է պայմանավորված լինել սննդային թունավորումներով կամ որովայնում արյան կուտակումներով, ինչն էլ կարող է առաջացնել սուր ցավեր:

 

Ցավով ուղեկցվող թույլ շնչառություն

 

Թոքերում արյան մակարդուկների կուտակումն անվանվում է թոքերի էմբոլիա, սակայն այս ախտանշանը կարող է վկայել նաև սրտամկանում արյան մակարդուկի առկայության մասին: Հևոցը, ծանր շնչառությունը, կրծքավանդակի ցավը, անոթազարկի արագացումը, առատ քրտնարտադրությունը, տենդն ու արյունոտ հազը վկայում են թոքերում արյան կուտակման մասին:

 

Թրոմբոզի ախտանշաների դեպքում հարկավոր է անմիջապես դիմել մասնագետի օգնությանը՝ հատկապես, եթե այդ ախտանշանները վկայում են իշեմիկ կաթվածի մասին:

 

Թրոմբոզի բուժումը սովորաբար դեղորայքային է լինում: Բժիշկը կարող է նշանակել արյունը ջրիկացնող և մակարդուկները քայքայող դեղամիջոցներ (վարֆարին, ասպիրին և այլն), սակայն հարկ է հիշել, որ թրոմբների առաջացումը կանխելու նպատակով ոչ մի դեպքում չի կարելի ընդունել նման դեղամիջոցներն առանց բժշկի նշանակման, քանի որ այս դեպքում կարող են առաջանալ այլ՝ ոչ պակաս լուրջ բարդություններ:

 

Մասնագետները թրոմբոզից խուսափելու համար խորհուրդ են տալիս, առաջին հերթին, խուսափել նստակյաց ապրելակերպից և շատ քայլել:

 

Շատ կարևոր է նաև վիրահատություններից կամ անկողնային ռեժիմից հետո շատ շարժվելը, ուստի հարկավոր է հնարավորինս շուտ սկսել ակտիվ կենսակերպ վարել:

 

Բացի այդ, հարկավոր է ազատվել ավելորդ քաշից, կարգավորել արյան ճնշումը, հրաժարվել ծխախոտից և պարբերաբար մարզվել: Շատ օգտակար կլինեն նաև մերսումներն ու զբոսանքը:

 

Թրոմբոզի առաջացման հավանականությունը նվազեցնելու համար հարկավոր է նաև վիտամին E-ով ու Օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ սնունդ օգտագործել: Բացի այդ, անհրաժեշտ է նվազեցնել ճարպերով հարուստ սննդամթերքի գործածությունը՝ նախապատվությունը տալով թարմ բանջարեղենին:

 

Նյութի աղբյուրը՝ healthydaily.co

 

Լրահոս

Դիտել ավելին