Կարևոր իրադարձություններ

Քաղաքաշինության պետական կոմիտեն հայտարարում է «Տարվա նախագիծ և կառույց-2017» մրցույթ-ցուցահանդես

23 Հունիս, 2017 20:50
Քաղաքաշինության պետական կոմիտեն հայտարարում է «Տարվա նախագիծ և կառույց-2017» մրցույթ-ցուցահանդես

ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն հայտարարում է «Տարվա նախագիծ և կառույց-2017» մրցույթ-ցուցահանդես: Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրականացված քաղաքաշինական համալիրների, բնակելի, հասարակական, արտադրական և բազմաֆունկցիոնալ նշանակության կառույցների, ինտերիերների, ճարտարապետական փոքր ձևերի, բարեկարգման և այլ բնույթի նախագծերի հեղինակները կամ հեղինակային խմբերը:

Ինչպես հայտնեցին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, մրցույթի հաղթողներն ընտրվելու են հետևյալ անվանակարգերում.

«Ճարտարապետական կառույց» (բնակելի, հասարակական, արտադրական և բազմաֆունկցիոնալ նշանակության իրականացված շենքեր),

«Ճարտարապետական նախագիծ» (բնակելի, հասարակական, արտադրական և բազմաֆունկցիոնալ նշանակության շենքերի նախագիծ),

«Լանդշաֆտային ճարտարապետություն/դիզայն» (տարածքի ծավալատարածական կազմակերպման իրականացված նախագիծ),

«Ինտերիերի դիզայն» (բնակելի, հասարակական, արտադրական և բազմաֆունկցիոնալ նշանակության շենքերի իրականացված ինտերիեր),

«Պատմամշակութային հուշարձանի վերականգնում և վերակառուցում» (իրականացված նախագիծ),

«Լավագույն տպագիր հրատարակություն (ֆիլմ) ճարտարապետության բնագավառի վերաբերյալ»։

Մրցույթ-ցուցահանդեսի հաղթողները պարգևատրվելու են`

առաջին կարգի մրցանակ` 600 000 ՀՀ դրամ,

երկրորդ կարգի երկու մրցանակ, յուրաքանչյուրը` 400 000 ՀՀ դրամ,

երրորդ կարգի երեք մրցանակ, յուրաքանչյուրը` 200 000 ՀՀ դրամ գումարով:

Մասնակիցներին հանձնվելու են նաև մասնակցության դիպլոմներ և մրցույթ-ցուցահանդեսի կատալոգներ: Մրցանակների հանձնումը կկատարավի հանդիսավոր պայմաններում՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի դահլիճում: Մրցույթին ներկայացված աշխատանքները, արդյունքներից անկախ, ի պահ են հանձնվելու թանգարանին:

Մրցույթին մասնակցելու հայտերի վերջնաժամկետն է` 2017 թվականի սեպտեմբերի 20-ը: Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը՝ 2017 թվականի հոկտեմբերի 10-ը:

Աշխատանքները պետք է ներկայացնել Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, մուտքը՝ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի կողմից, հեռ. +374 10 52-46-30

 

Լրահոս

Դիտել ավելին