Իրավապաշտպան Արթուր Սաքունցը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ցեղասպանության թեման շատ ցավոտ ու շատ զգայական թեմա է, որ թույլ տա մնաս անտարբեր:
Բայց մարդկության, մարդկային քաղաքակրթության դեմ ուղղված այդ ծանր հանցագործության հետ կապված կա մի քանի կարևոր դասեր, որոնք չպետք է մոռացության տրվեն:
Առաջին, ցեղասպանության միակ ու հիմնական պատճառը տվյալ պետությունում անկախ կրոնական, էթնիկական, ազգային, սեռային, սոցիալական, քաղաքական և այլ հատկանիշների մարդու իրավունքների նկատմամբ պատասխանատվության բացակայությունն է, իրավական և ժողովրդավարական ինստիտուտների անարդյունավետությունը կամ բացակայությունը:
Երկրորդ, ցեղասպանության կանխարգելման միակ հնարավորությունը իրավական պետության կայացումն է, սեփականության իրավունքի անձեռնմխելիության ապահովումը, խոսքի, կարծիքի, կրոնական և քաղաքական հայացքների ազատ արտահայտման և իրականացման ազատության ապահովումն է, տնտեսական գործունեության ազատության և մրցակցության ապահովումն է, պետության կողմից սոցիալական պարտավորությունների պատշաճ գիտակցումն ու իրականացումն է, իշխանությունների տարանջատման և հակակշռման սկզբունքների գոյությունն է, մեկ կուսակցության մենաշնորհի բացառումն է...
25 տարվա ընթացքում մենք դեռևս չենք կարողացել կայացնել ցեղասպանությունը կանխող պետություն, դասերը լավ չենք սերտել ու հասկացել:
Հնարավոր ընդդիմադիրների կողմից ենթադրյալ հակափաստարկների դեմ հայտնեմ, որ 20-րդ դարի ամենադաժան ցեղասպանություններից էր Կամբոջայի վարչախմբի` Պոլ Պոթի գլխավորությամբ մոտ 3 մլն կամբոջացիների ոչնչացումը:
Այսինքն, էթնիկ նույնությունը երաշխիք չէ բնաջնջման բացառման համար:»