Կարևոր իրադարձություններ

Արցախի վարչապետը կարևորել է ՀԲԸՄ Եվրոպայի կառույցի ներկայացուցիչների անմիջական շփումը Արցախի հետ

23 Ապրիլ, 2017 20:54
Արցախի վարչապետը կարևորել է ՀԲԸՄ Եվրոպայի կառույցի ներկայացուցիչների անմիջական շփումը Արցախի հետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ապրիլի 23-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի կառույցի մի խումբ ներկայացուցիչների, ովքեր Արցախ են ժամանել ՀԲԸՄ «Եվրոպան հանուն Արցախի» ծրագրի շրջանակներում։

Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ԱՀ վարչապետը ողջունել է ՀԲԸՄ նախաձեռնությունը՝ կարևորելով կառույցի ներկայացուցիչների անմիջական շփումը Արցախի հետ, ինչն ամուր հիմք կհանդիսանա հետագա համագործակցության համար:

«Բարով եք եկել ձեր հայրենիք, դուք մեր դեսպաններն եք Եվրոպայում: ՀԲԸՄ դերը մեծ է Արցախում. անկախության հռչակումից ի վեր այն ակտիվորեն գործում է այստեղ: Հատկանշական են կառույցի աշխատանքները կրթության ոլորտում, և մենք ակնկալում ենք ավելի մեծ մասնակցություն թե՛ այդ և թե՛ այլ հնարավոր ուղղություններում: Կառավարությունը պատրաստ է առավելագույնս աջակցել ձեր բոլործրագրերին, այդ թվում՝ Արցախն արտասահմանում ներկայացնելու ձեռնարկումներին»,- ասել է վարչապետը:

Ա. Հարությունյանը պատվիրակության ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել Արցախի սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացվող ծրագրերի, սպասվող արդյունքների և դրանցում Սփյուռքի ունեցած դերի վրա:

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին: ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի ղեկավար Նիկոլա Տավիտյանը ներկայացրել է «Եվրոպան հանուն Արցախի» ծրագրի մանրամասները և պատրաստակամություն հայտնել ավելի սերտ համագործակցել Արցախի պետականկառույցների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին