Կարևոր իրադարձություններ

Հայաստանյան պայմաններում հնարավոր չէ ստանալ մրցունակ արտադրանք. տնտեագետ

18 Ապրիլ, 2017 10:41
Հայաստանյան պայմաններում հնարավոր չէ ստանալ մրցունակ արտադրանք. տնտեագետ

Հայաստանում վերջին տարիներին օտարերկրյա ուղղակի ներդրումներն անկման հստակ միտում են արձանագրել: Shabat.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

«Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Հայաստանն օտարերկրյա ներդրումների համար գրավիչ չէ: Առկա են ռիսկեր, քանի որ Հայաստանը տնտեսական մի այնպիսի տարածքի մաս է, որի գլխավոր դերակատարի՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ: Վերջին շրջանում Ռուսաստանի տնտեսությունը լավ օրեր չի ապրում, այնտեղից փախչում է կապիտալը: Այդպիսի տնտեսական տարածքում օտարերկրյա, ռազմավարական ներդրումներ բնականաբար չեն կատարվում»,- նշում է նա:

Հիշեցնենք, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նախորդ շաբաթ տեղի ունեցած Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ նախատեսված են մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք այս տարվա համար կկազմեն 850 մլն դոլար: Անդրադառնալով այս հարցին տնտեսագետն այստեղ երկու ուղղություն է մատնանշում. «Այս առումով առաջին հերթին պետք է նկատենք, որ խոսքը վերաբերում է արդեն իսկ իրականացված և հիմա էլ իրականացվող որոշակի նախագծերի, ծրագրերի մասին: Դրանցից են օրինակ հանքարդյունաբերության ոլորտում Ամուլսարի, Որոտանի հիդրոկասկադի՝ «Կոնտուր Գլոբալ» ընկերության կողմից իրականացվող և այլ ծրագրեր: Դրանք անընդհատ իրականացվող ծրագրեր են: Իսկ եթե խոսքը վերաբերում է նոր, լրացուցիչ ուղղություններին, ապա դրանք առայժմ, ըստ էության, հայտարարություններ են, լավագույն դեպքում՝ բանակցություններ որոշակի ընկերությունների հետ: Դրանց ռեալ իրականացման ներուժը բավականաչափ ցածր է, մոտ անհավանականությանը, բացի վերոնշյալ ռիսկերից, պատճառը նաև այն է, որ ներկայումս Հայաստանում ստեղծված պայմաններում հնարավոր չէ ստանալ մրցունակ արտադրանք և ծառայություններ: Դա նշանակում է, որ ներդումները չեն կարող փոխհատուցվել, իսկ ներդրողները բնականաբար հաշվարկում են՝ իրենց ներդրումները կփոխահատուցվե՞ն, թե՞ ոչ, դրանք եկատմաբե՞ր և մրցունա՞կ են: Մենք մի տնտեսական տարածքի մաս ենք, որտեղ չկան նոր արտադրություններ ստեղծելու պայմանները»:

Հավելենք, որ նախարար Կարայանը նշել էր, որ նախատեսվում է 3,2 մլրդ դոլարի ներդումներ բերել Հայաստան՝ առաջիկա 2-3 տարիների ընթացքում: Այս թիվն, ըստ Աշոտ Եզիազարյանի, տնտեսական միջին աճ ապահովելու համար փոքր ցուցանիշ է: «Եթե փորձենք գնահատել, թե այդչափ ներդրումներն առաջիկա տարիների համար շատ է, թե՞ քիչ, կարող ենք միանգամից ասել՝ Հայաստանում ստեղծված պայմաններում շատ քիչ է, որպեսզի հնրավոր լինի տնտեսական զգալի աճ ապահովել: Շատ քիչ լինելով հանդերձ դրա բավականաչափ մեծ մասն անիրականանալի է, պարզապես խոստումների մակարդակում է: Որպեսզի Հայաստանը քիչ թե շատ միջին տնետսական աճ ապահովի, օտարերկրյա ուղղակի ներդումները պետք է տարեկան կազմեն 1,5-2 մլրդ դոլար: Իսկ ներկայիս իրավիճակում դեռ հարց է՝ հնարավո՞ր կլինի գոնե 850 մլն-ն իրականացնել»: Տնտեսագետը հավելում է, որ ԵԱՏՄ մտնելուց Հայաստանը միայն կորցրել է, հետևաբար այս կառույցի շրջանակներում տնտեսական առաջընթացի մասին խոսելն ավելորդ է:

Հիշեցնենք, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ասաց, որ նախատեսված է Հայաստանում 3,2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրերի իրականացում: Նա նշեց՝ նախատեսված է, որ այդ ներդրումները իրականացվեն առաջիկա մի քանի տարիների ընթացքում: «Դա մի քանի տարվա ծրագիր է: Այս տարի նախատեսվում է, որ կլինի 850 մլն դոլարի ներդրումներ, որոնց ֆինանսական աղբյուրները հստակ են, իրականացնողները պարզ են: Ինչպես տեսնում եք, արդեն շատ ակտիվ քննարկվում են ներդրումային ծրագրերը, ներդրումներն արդեն իսկ իրականացվել են»: Նախարարը նշեց, որ ներդրումները հիմնականում կիրականացվեն էներգետիկայի, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության, դեղագործության, սննդի վերամշակման ոլորտում:

Անուշ Հարությունյան

 

Լրահոս

Դիտել ավելին