Կարևոր իրադարձություններ

Մինչ Հայաստանի իշխանություններն իրենց բանուգործը թողած՝ ընկղմվել են նախընտրական գործընթացների մեջ՝ հասունանում է հերթական դիվանագիտական ձախողումը. «Ժողովուրդ»

25 Մարտ, 2017 09:59
Մինչ Հայաստանի իշխանություններն իրենց բանուգործը թողած՝ ընկղմվել են նախընտրական գործընթացների մեջ՝   հասունանում է հերթական դիվանագիտական ձախողումը.  «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ Հայաստանի իշխանություններն իրենց բանուգործը թողած՝ ընկղմվել են նախընտրական գործընթացների մեջ՝ մանկապարտեզներից ու դպրոցներից մինչեւ նախարարություններ զբաղվելով ցուցակների հավաքագրմամբ ու ձայնաորսությամբ, մինչ ոչ իշխանական դաշտի ուժերը զբաղված են պարզելով, թե ով ում խաղն է խաղում եւ հրապարակավ ասելով, թե իրենց միակ թիրախը ՀՀԿ-ն է՝ միմյանց «տակն են փորում», հասունանում է հերթական դիվանագիտական ձախողումը, որի արդյունքը կարող է շատ տխուր լինել հայկական մշակույթի համար:
 
Արդեն տեւական ժամանակ է՝ ասվում է, որ Ռուսաստանում Ադրբեջանի տխրահռչակ դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին առաջադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի թեկնածու: ՄԱԿ-ն արդեն իսկ հաստատել է որ Բյուլբյուլօղլին առաջադրված 9 թեկնածուներից մեկն է եւ տարբեր գնահատականներով ունի բավականին մեծ շանսեր ընտրվելու այդ պաշտոնում: Նշենք, որ մնացած թեկնածուները Վիետնամից, Գվատեմալայից, Եգիպտոսից, Իրաքից, Քաթարից, Չինաստանից, Լիբանանից եւ Ֆրանսիայից են:
 
Հաջորդ ամիս արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի նիստում անցկացվելու են հարցազրույցներ բոլոր թեկնածուների հետ: Իսկ արդեն հոկտեմբերին տեղի է ունենալու փակ, գաղտնի քվեարկություն, որից հետո նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովը ընդունելու է վերջնական որոշումը:
 
Թերեւս ավելորդ է ասել, թե որքան անցանկալի է այդ կարեւոր կազմակերպությունում Ադրբեջանի թեկնածուի հաղթանակը: Այն էլ ոչ թե սովորական մեկի, այլ իր ընդգծված ագրեսիվ կեցվածքով հայտնի Բյուլբյուլօղլիի հաղթանակը, որը հրապարակավ հանդես է գալիս Արցախը զենքով «վերադարձնելու» կոչերով: Կարելի է չկասկածել, որ ադրբեջանական քարոզչամեքենայի այս անլռում «սոխակը» ընտրվելու դեպքում իր ամբողջ կարողություններով կլծվի հայկական մշակութային արժեքների դեմ աննախադեպ մի արշավանքի, որը զուգակցվելով ադրբեջանական նավթադոլարներով գնվող «գիտամշակութային» մտքի արտադրանքի /ինչպիսին որ արդեն իսկ շատ ակտիվորեն բաժանվում է աշխարհի բոլոր գիտական կենտրոններում/ տիրաժավորման հետ՝ կարող է շատ լուրջ խնդիրներ ստեղծել մեզ համար:
 
Եվ ահա այս հեռանկարը աչքի առաջ ունենալով՝ ի՞նչ է անում Հայաստանի դիվանագիտական կորպուսը, էլի՞ պտի ասեն, թե զանգ են կախում, ոչ թե ճառ ասում, էլի՞ պիտի կայացած փաստից հետո սկսեն անհեթեթ արդարացումներ ներկայացնել խավիարային դիվանագիտության եւ նավթադոլարներին հակազդելու անհնարինության մասին, էլի՞ մեր քաղաքագետները, փորձագետներն ու մտավորականները պիտի հայի «հետին խելքով» տարբեր ասուլիսներում իմաստուն լուծումներ առաջարկեն արդեն կայացած փաստից հետո: Լավ, ինչքա՞ն կարելի է»:
 

Լրահոս

Դիտել ավելին