Shabat.am-ը շարունակում է իր «Շաբաթի հյուրը» հարցազրույցների շարքը, այս շաբաթ զրուցել ենք Անդրիաս Ղուկասյանի կնոջ՝ Անահիտ Թարխանյանի հետ:
-Տիկի՛ն Թարխանյան, 7 ամիս է անցել Ձեր ամուսնու` Անդրիաս Ղուկասյանի կալանավորումից: Վերջին անգամ ե՞րբ եք նրան տեսել և ի՞նչ վիճակում է գտնվում նա:
-Անդրիասը լավ վիճակում է, մարտական տրամադրված: Գիտեք, որ նա առաջադրվել է, այժմ պատրաստվում է ընտրարշավի: Վերջին անգամ երեկ եմ նրան տեսել: Հիմա լինելով նրա վստահված անձը՝ գրեթե ամեն օր տեսնվելու, հանդիպելու հնարավորություն ունենք՝ քարոզարշավին նախապատրաստվելու նպատակով:
-Զարմանալի էր Անդրիաս Ղուկասյանին տեսել Օհանյան – Րաֆֆի – Օսկանյան դաշինքի նախընտրական ցուցակում: Ինչպե՞ս և ու՞մ կողմից է նա ստացել առաջարկ:
-Իսկ ինչու՞ էր զարմանալի: Նա 2013թ.-ից սկսած համագործակցում է Րաֆֆիի հետ: Իրար հետ են մասնակցել նախագահական ընտրություններին, հետընտրական շրջանում ևս միասին պայքարել են: Այս երեք տարվա մեջ միասին են ձևավորել «Նոր Հայաստան» հասարակական ճակատը: Բնական է, որ Անդրիասը շարունակելու է Րաֆֆիի հետ համագործակցել: Նա Րաֆֆիի կողմից ստացել է համապատասխան առաջարկն ու սիրով ընդունել է այն, սակայն առաջիկա ընտրություններին մասնակցում է որպես անկուսակցական թեկնածու:
-Ձեր ամուսինը համարվում է Ժիրայր Սէֆիլյանի թիմակիցը, իսկ վերջինիս կողմնակիցները դեմ են ընտրություններին մասնակցելուն: Ինչու՞ պարոն Ղուկասյանը տեղափոխվեց այլ ճակատ:
-Անդրիասը երբեք չի եղել Ժիրայր Սէֆիլյանի կողմնակիցը, նրանք համագործակցել են իրար հետ «Նոր Հայաստան» ճակատի կազմում ՝ որոշակի խնդիրների և նպատակների շուրջ համաձայնության գալով: Սակայն նրանք տարբեր մոտեցումներ ունեին բազմաթիվ հարցերի և խնդիրների շուրջ՝ ներառյալ ընտրական գործընթացները: Այդ պատճառով էլ որևէ հակադրություն այստեղ չկա:
-Պատգամավոր դառնալուց հետո ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր ամուսնու գործունեությունը, չէ՞ որ նա անազատության մեջ է:
-Պատգամավոր ընտրվելուց հետո անձը ստանում է իմունիտետ և այդ պահից ազատ է արձակվում… եթե քաղաքական ընթացքը համպատասխանի Սահմանադրական օրենսդրությանը: Ավաղ, վերջին ամիսներին տեսել ենք, որ Սահմանադրությունը կարծես մի կողմ է դրված, շատ հարցերում անտեսվում է իրավապահ մարմինների կողմից:
-Ձեզ համար տարօրինակ չէ՞ր, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ընդդիմադիր դաշտ տեղափոխվելուց հետո միայն սկսեց բարձրաձայնել Հայաստանում քաղբանտարկյալների մասին:
-Հարցը սուր կերպով եք դնում, բայց չպետք է մոռանանք, որ Սեյրան Օհանյանն այնուամենայնիվ կադրային սպա է, այսինք՝ մարդ, որն իր ամբողջ կյանքը նվիրել է բանակին: Լինելով բարձրաստիճան զինվորական և իր առջև դրված ունենալով որոշակի խնդիրներ, նա այնքան էլ ազատ չի եղել արտահայտվելու այս կամ այն հարցի վերաբերյալ: Այդ պատճառով էլ, երբ խոսում ենք մեր բանակի ներկայացուցիչների մասին, պետք է հաշվի առնենք՝ միշտ չէ, որ նրանք, զբաղեցնելով բարձր պաշտոններ, հնարավորություն ունեն ցանկացած պահի արտահայտել իրենց կարծիքները:
-Անդրիաս Ղուկասյանի գործը գտնվում է Մարդու իրավունքների միջազգային դատարանում: Ի՞նչ փուլում է այն հիմա:
-Արդեն մեկ ու կես ամիս է, ինչ գործն ուղարկվել է ՄԻԵԴ, այն արդեն ընդունվել է վարույթ, սպասում ենք, որ սկսվի գործի քննությունը:
-Եթե չեմ սխալվում, ՄԻԵԴ ուղարկվող գործերը մոտ մեկ տարվա մեջ են ընդունվում: Ձեր ամուսնու պարագայում ինչպե՞ս ստացվեց, որ գործը մեկ ամսում ընդունվեց:
-Հիմնական կետը, որի շուրջ կառուցված էր այս գործը, գալիք ընտրական գործընթացներն էին, Անդրիաս Ղուկասյանի՝ քաղաքական գործիչ լինելը և այս ընթացքում այդ գործընթացներին մասնակցելը: Մեզ թվում է՝ դա է պատճառը, որ շատ արագ նայեցին, ընդունեցին գործը, կոդավորեցին այն: Այժմ սպասում ենք, որ նշանակվի դատավոր, որը քննելու է գործը:
-Ձեր ամուսինն իրեն քաղբանտարկյալ է հռչակել, հավատու՞մ եք, որ նա մի օր կթողնի պայքարի ուղին:
-Չէ… Ինձ համար դժվար է Անդրիասին պատկերացնել քաղաքական գործունեությունից ետ կանգնելիս… Դժվար է պատկերացնել, որ նա կարող է մի օր իր սկզբունքներից և նպատակներից հրաժարվել: Իսկ նրա նպատակն է տեսնել ազատ, կայացած և զարգացած Հայաստան, որի տարածքում գործում է Սահմանադրությունը բոլորի համար՝ առանց որևէ բացառության:
- Անդրիասի ձերբակալումից հետո, Ձեր շրջապատում կորուստներ եղա՞ն, քաղաքական դաշտում ու՞մ հետ եք շփվում:
- Մեզանից ոչ ոք չի հեռացել: Անդրիասն արդեն երկար տարիներ զբաղվում է քաղաքական գործունեությամբ և վերջին տարիների ընթացքում նրա և մեր ընտանիքի կողքին արդեն հավաքվել էին այն մարդիկ, ովքեր կիսում էին նրա նպատակները և տեսակետները:
Շփվում եմ Դավիթ Սանասարյանի, Արմեն Մարտիրոսյանի, Հովսեփ Խուրշուդյանի, Թամար Հովհաննիսյանի, իհարկե նաև Րաֆֆիի հետ: Ես կարող եմ նշել բազմաթիվ քաղաքական գործիչների անուններ, ովքեր թեև ակնհայտորեն չեն կանգնել Անդրիասի կողքին, բայց շատ հարցերում սատարել են, ձեռք մեկնել: Ես ամբողջ սրտով շնորհակալ եմ այն բոլոր մարդկանց, ովքեր ամենածանր պահին իրենց կողմից օգնություն են առաջարկել, երաշխավորել են Անդրիասի համար, իսկ այդպիսիները շատ են. մեր պատգամավորների գրեթե 20%-ը երաշխավորել է Անդրիասի համար դատախազության և դատարանի առջև:
Հեղինակ Մարիամ Մելքումյան
Լուսանկարները Խաչիկ Էլլոյանի և Անահիտ Թարխանյանի անձնական արխիվից