Կարևոր իրադարձություններ

Օրվա կարևոր իրադարձությունները. փետրվարի 23

23 Փետրվար, 2017 18:55
Օրվա կարևոր իրադարձությունները. փետրվարի 23

Shabat.am-ը ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները.

Այսօր՝ փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ, ըստ նախնական տվյալների, փամփուշտը փողում պայթելու պատճառով մահացու բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Կատարվում է նախաքննություն: 

Այսօր՝ Բժշկական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է,որ «1000 դրամների» օրենքը կարևոր խնդիրներ լուծեց. «Մենք շատ կարևոր խնդիր լուծեցինք, ձևավորեցինք մի գործիք, որով պետությունն ու հասարակությունը յուրաքանչյուր զինծառայողին վստահություն են ներշնչում, որ դժբախտ պատարի, հաշմանդամության ձեռքբերման և մահվան դեպքում, նրա ընտանիքի կողքին կանգնած կլինեն: Այդ ընտանիքի կողքին կանգնած կլինի մեր ողջ ժողովուրդը: Մենք արդեն այսօր ունենք համակարգ, երբ զոհված սպայի ընտանիքը, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող սպայի ընտանիքը ստանալու է 82 միլիոն դրամի գումար»:

Նախարարը նաև նշել է. «Ես կարծում եմ, որ նախագահի այն խոսքերը, որ բանակում չի լինելու քաղաքական կուսակցությունների գործունեության զարգացում, պետք է ուղիղ հասկանալ: Իսկ եթե զինվորները որոշեն, որ պաշտպանության նախարարը լավ է կատարում իր աշխատանքը և քվեարկեն այն կուսակցության օգտին, որի ընտրական ցուցակն եմ ես ղեկավարում, դա իրենց քաղաքացիական իրավունքն է»:  

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Կարեն Կարապետյանի և Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցը, որի ընթացքում Հայաստանի և Վրաստանի վարչապետերն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին և դրանց զարգացման հեռանկարներին:  

Լրագրողների հետ զրույցում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտնել էր, որ վրացի գործընկերների հետ կքննարկվի նաև Լարսի այլընտրանքային ճանապարհի հարցը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ տնտեսական ցուցանիշների վերաբերյալ վիճակագրական տվյալները ոգևորիչ են, քանի որ արձանագրվել է  35 % արտահանման աճ՝ նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ, ինչպես նաև առկա է արդյունաբերության 12%-ոց աճ:

Նախարարը նշեց, որ երկրի ՀՆԱ-ի վրա այս ցուցանիշները դրական ազդեցություն կունենան՝ հավելելով, որ տնտեսական աճի վրա ազդեցության առումով կանխատեսումներ անելը դեռ վաղ է. «Նվազագույն  3.2%-ը, որ պետական բյուջեի հիմքում դրել ենք, կապահովվի, բայց տնտեսական աճի վրա ազդող գործոնները շատ են, այդ թվում նաև գյուղատնտեսության, շինարարության ոլորտները»: Դիտարկմանը, թե անցած տարեսկզբին ունեինք բարձր ցուցանիշներ, սակայն տարին ավարտվեց ընդամենը 0.2% տնտեսական աճով, հնարավո՞ր է նույնը կրկնվի այս տարի, նախարարն արձագանքեց. «Նախորդ տարի հունվարի 6.5% տնտեսական ակտիվության ցուցանիշ չենք ունեցել, եղել է 4.5%: Եղել են մի շարք գործոններ, որոնք տարվա կտրվածքով ազդել են նաև ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա: Հույս ունենք, որ այս տարի այդ գործոնները չեն լինի և ավելի բարձր տնտեսական ակտիվություն կցուցաբերենք»: 

 

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը: Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ոռոգման ոլորտում ուսումնասիրություններ կատարելառկա անհամամասնության առավել մեծ շեղում ունեցող 20 համայնքներում։ Հանձնարարվեց նաև Սևանա լճից ջրբացթողումների ընթացքում ջրի կորուստների վերաբերյալ ուսումնասիրություններ կատարել։ Կարապետյանը նկատեց, որ ջրի կորուստների մասին նախորդ տարի շատ է խոսվել, սսկայն կոնկրետ արդյունքներ՝ խնդրի լուծման համար արված քայլերի մասով, չկան։ Բնապահպանության, Էներգետիկայի և բնական պաշարների, Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին հանձնարարվեց աշխատանքներ կատարել՝ Սևանից ապօրինի ջրօգտնգործողներին օրինական դաշտ բերելու համար։ 

Կառավարության ընդունած նախագծի համաձայն  ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար նշանակված տուգանքը քաղաքացու կողմից սահմանված ժամկետում չվճարելու համար 25 և 50 տոկոսի չափով ավելացված տույժերը կվերանան մինչև այս տարվա հուլիսի 1-ը:

Հիշեցնենք, որ տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ ավելացումներ (30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում՝ եռապատկում, 60 օրվա ընթացքում չվճարելու դեպքում՝ հնգապատկում) կիրառելու ինստիտուտը ներդրվել է 2007 թվականին 

 

Լրահոս

Դիտել ավելին