Կարևոր իրադարձություններ

«Դիակը չվերադարձնելու հանգամանքը Ադրբեջանն օգտագործում է իր հակահայկական քարոզչության համար»

14 Հունվար, 2017 18:48
«Դիակը չվերադարձնելու  հանգամանքը Ադրբեջանն օգտագործում է իր հակահայկական քարոզչության համար»

Միջազգային կառույցների կողմից շարունակվում են կոչեր հնչել Հայաստանին՝ ադրբեջանցի դիվերսանտի դին ադրբեջանական կողմին վերադարձնելու կապակցությամբ:

Հիշեցնենք, որ 2016թ. դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի կատարած դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով զոհված ադրբեջանցի զինծառայող Չինգիզ Սալման օղլու Ղուրբանովի դին դեռևս գտնվում է հայկական կողմի մոտ: Հավելենք նաև, որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով զոհվել էին երեք հայ զինվորներ:

Դիվերսանտի դին Ադրբեջանին վերադարձնելու կոչերով հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:

Հայաստանի կողմից ադրբեջանցի դիվերսանտի դին չվերադարձնելու, միջազգային կազմակերպությունների համապատասխան կոչերի վերաբերյալ Shabat.am-ը զրուցեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ:

«Պատկան մարմիններն անշուշտ պատճառներ ունեն դին չվերադարձնելու համար- նշում է Շիրինյանը՝ հավելելով,- կարևորն այս հարցում մեր պետական շահը հաշվի առնելն է և ոչ թե լսելը, թե միջազգային կազմակերպություններն ինչ աղմուկ են բարձրացնում»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք դրանից չեն վատթարանա Արևմուտքի հետ հարաբերությունները՝ քաղաքագետը նկատում է. «Միջազգային կառույցները պետք է ակտիվ լինեն դիվերսիաների կանխման հարցում, որտեղ սակայն նրանց ձայնը չենք լսում: Նրանք պետք է դատապարտեն ագրեսիան, ինչը չեն անում: Ստացվում է՝ այդ բոլոր կոչերը ոչ թե պատճառի, այլ հետևանքների դեմ են»:

Քաղաքագետը նկատում է՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանն առիթը բաց չի թողնում աշխարհի առաջ Հայաստանը որպես ագրեսոր և օկուպանտ ներկայացնելու համար, դին չվերադարձնելու հանգամանքը ևս փորձելու է օգտագործել իր հակահայկական քարոզչության համար:

Մյուս կողմից էլ Շիրինյանն ընդգծում է՝ հարկավոր է ըմբոստ լինել. «Ողորմելի կոտորված լինելն անշուշտ վատ է, իսկ նման կարգավիճակի չհասնելու համար հարկավոր է նաև ագրեսիվ լինել, կամք դրսևորել, իսկ մեր գործողությունները պետք է լինեն անհամաչափ, քանզի նախկինում իրականացված համաչափ գործողությունները բերեցին պատերազմի: Խաղաղապաշտությունը ոչ մի օգուտ չի տվել մեզ: Անհրաժեշտ է ընդգծել, որ ադրբեջանցիներն իրենք են նախահարձակ եղել, եթե չգային, չէին խփվի»:

Քաղաքագետը հիշեցնում է. «ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացի ժամանակ, եվրոպական քաղաքակիրթ մայրաքաղաքում՝ Բուդապեշտում, քաղաքակիրթ ժողովրդի աչքի առաջ հայ սպա դաժանաբար սպանվեց, ի՞նչ արեց միջազգային հանրությունը՝ նավթով փոխանակեց ոճրագործին: Այժմ ադրբեջանցի դիվերսանտի դին վերադարձնելու կոչեր են հնչեցվում, ո՞րն է պատճառը, միգուցե ադրբեջանցու դիակից նավթի հո՞տ է գալիս»:

Անուշ Հարությունյան

 

Լրահոս

Դիտել ավելին