Կարևոր իրադարձություններ

«Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, որ կարող է պատժել Արցախ այցելողներին». քաղաքագետ

11 Հունվար, 2017 18:30
«Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, որ կարող է պատժել Արցախ այցելողներին». քաղաքագետ

Արցախ այցելած ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին բելառուսական իշխանություններն արդեն որոշում կայացրել են: Այս մասին բլոգերի հիմնադրած “Живой журнал” կայքում գրառում է կատարել Եկատերինա անունով օգտատերը, որը ներկայացել է որպես նրա ընկերուհի: «Ալեքսանդրը հայտնել է, որ մի քանի օր առաջ մեկուսարանում ուժային կառույցների ներկայացուցիչներն իրեն իրազեկել են, որ արտահանձնման մասին որոշումը արդեն կայացված է: Որոշում է կայացվել, որ նրան Բաքու հասնելուց հետո ուղարկելու են Իսրայել»,-գրել է վերջինս:  

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Լապշինին Ադրբեջանին արտահանձնելուց հետո, նա պետք է առանց Բաքվի թույլտվության Արցախ այցելելու համարներում հայցի Իլհամ Ալիևից, որն էլ բավարարելու է բլոգերի խնդրանքը:

Ռուս բլոգերի հնարավոր արտահանձնման, Ադրբեջանի պահանջի իրավական հիմքերի և հետապնդած նպատակների մասին Shabat.am-ը զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:

-Արդյո՞ք Ադրբեջանն իրավասու է քրեական պատասխանատվության ենթարկել օտարերկրյա քաղաքացու, ինչպե՞ս է նա հիմնավորում իր պահանջը:

-Ադրբեջանում գործում է օրենք, ըստ որի եթե օտարերկրյա քաղաքացին առանց ադրբեջանական իշխանությունների համաձայնության այցելում է Արցախ, ապա նրա դեմ հարուցվում է քրեական գործ: Բացի այդ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն ունի տխրահռչակ «Սև ցուցակ», որում ընդգրկված են անձիք, ովքեր առանց Բաքվի թույլատրության այցելել են Արցախ: Նմանատիպ օրենք ունի նաև Վրաստանը, սակայն ի տարբերություն վերջինիս, որն այսպիսի սկանդալներ չի հրահրում, ադրբեջանական իշխանությունները միտումնավոր սկանդալներ են հրահրում և այժմ որպես դրա վառ օրինակ ականատեսն ենք հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեպքին:

Ես լսել եմ  կարծիքներ, որ Լապշինի ձերբակալությունն Ադրբեջանի համար խայտառակություն է, սակայն ինքս կարծում եմ, որ սա խայտառակություն է նաև մեզ համար: Նույն ադրբեջանական իշխանություններին հաջողվում է Հայաստանի՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ գործընկեր Բելառուսի միջոցով հաշվեհարդար տեսնել այն մարդու  նկատմամբ, ով այցելել է Արցախ:

Սրա բացասական հետևանքը կլինի այն, որ այսուհետ Արցախ ավելի քիչ մարդիկ կայցելեն, ավելի քիչ մարդիկ կբարձրաձայնեն Արցախ կատարած իրենց այցի մասին:

Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ իր ուժը, բոլորին ապացուցել, որ նա կարող է անել այն, ինչ ցանկանում է՝ այդ թվում կարող է պատժել Արցախ այցելողներին՝նվաստացնելով վերջիններիս և պարտադրելով ներողություն խնդրել Բաքվից:

-Արդյո՞ք Հայաստանը պետք է շահագրգռված լինի Լապշինին Ադրբեջանին չհանձնելու հարցում:

- Չնայած որ Լապշինը Ռուսաստանի,Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի է, այս հարցն ավելի շատ մեզ պետք է հետաքրքրեր, քանի որ, ինչպես նշեցի, մոտ ապագայում հնարավոր է մարդիկ խուսափեն Արցախ այցելելուց:

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը պետք է ամեն ինչ անի՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ Ադրբեջանը բարբարոս է: Մինչդեռ մեր ԱԳՆ-ի կողմից այդ ուղղությամբ կատարվող աշխատանքը  չի երևում: Ես սա համարում եմ մեր դիվանագիտության ձախողումներից մեկը:

Նշեմ նաև, որ Լապշինի հարցով ավելի շատ զբաղված է Իսրայելը:

-Ալեքսանդր Լապշինը ոչ միայն Իսրայելի, այլ Ռուսաստանի քաղաքացի է: Արդյո՞ք իր քայլերով Ադրբեջանը չի փորձում «մեսիջ» ուղարկել նաև Ռուսաստանին:

-Ադրբեջանը վաղուց է Ռուսաստանին մեսիջներ ուղարկում: Հիմա Բաքվի բանտերից մեկում պահվում է հայազգի մի երիտասարդ, որը ՌԴ քաղաքացի է և Ռուսաստանը երկար ժամանակ է չի կարողանում կամ չի ուզում նրան ազատել Բաքվի բանտից: Ինչպես միշտ ադրբեջանական կողմը, շինծու գործեր կազմակերպելով, նման մարդկանց մեղադրում է թմրամիջոցներ տեղափոխելու և վաճառելու մեջ:

-Եթե խնդրին նայենք Ալիև-Լուկաշենկո մտերիմ հարաբերությունների տեսնկյունից, ի՞նչ պատկեր կունենանք:

 -Հենց այդ տեսանկյունից էլ պետք է նայենք: Հեյդար Ալիևի շքանշանը ստանալիս Բելառուսի նախագահը բացեիբաց հայտարարեց, որ ինքն անպայաման վարձահատույց կլինի Ադրբեջանին այդ շքանշանի համար: Եվ նա տարբեր կերպ վարձահատույց է լինում՝ Լապշինին է պատրաստվում հանձնել Ադրբեջանին, չի մասնակցում Սանկտ-Պետերբուրգում ՀԱՊԿ գագաթաժողովին՝ քվորում չապահովելու համար և ՀԱՊԿ քարտուղար չի ընտրվում Հայաստանի ներկայացուցիչը: 

 Անուշ Հարությունյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին