Կուսակցության նպատակն է Հայաստանը դարձնել ժամանակակից, մրցունակ պետություն. Վիկտոր Դալլաքյան
23 Դեկտեմբեր, 2016 14:36
Այսօր կայացավ «Երրորդ Հանրապետություն» կուսակցության 7-րդ արտահերթ համագումարը: Վիկտոր Դալլաքյանը նշեց, որ այսօր Հայաստանը կանգնած է ոչ միայն պետականության, այլև հայրենիքը կորցնելու վտանգի առաջ:
Փոխնախագահը նշեց, որ կուսակցության ծրագիրը բաղկացած է շուրջ 50 էջից, որտեղ ամրագրված են փոքր ու միջին բիզնեսի խթանման, գյուղատնտեսության առաջընթացի, համատարած աղքատության հաղթահարման, գործազրկության մեղմացման ուղիները: Կուսակցության առաջ դրված նպատակներն են Հայաստանը դարձնել ժամանակակից, մրցունակ պետություն, նպաստել ԼՂ զարգացմանը, անվտանգությանն ու միջազգային ճանաչմանը առավելագույնս նպաստել:
«Կուսակցությունը գտնում է, որ միայն ժամանակակից մրցունակ պետության կառուցումը կարող է դառնալ երաշխիք, որ Հայաստանը միջազգային ասպարեզում ընկալվի բացառապես սեփական շահերով առաջնորդվող, կայուն, բազմաբևեռ քաղաքականություն իրականացնող ինքնիշխան երկիր»,- հայտնեց նա:
Այնուհետև միաձայն ընդունվեց կուսակցության ծրագիրը, կանոնադրությունը: Բանաձևի ընդունումից հետո կուսակցության վարչության նոր կազմն ընտրվեց, հիշեցվեց, որ կուսակցության նախկին նախագահ Էդուարդ Անտինյանը հրաժարական է ներկայացրել, և վարչությունը միասնաբար կուսակցության նախագահ ընտրեց Վիկտոր Դալլաքյանին: