Կարևոր իրադարձություններ

Կատակներ սիրում եմ, բայց Shabat.am-ը երբեմն չափն անցնում է. Շաբաթի հյուրը՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է (ֆոտոշարք, տեսանյութ)

11 Դեկտեմբեր, 2016 15:27
Կատակներ սիրում եմ, բայց Shabat.am-ը երբեմն չափն անցնում է. Շաբաթի հյուրը՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է (ֆոտոշարք, տեսանյութ)

Shabat.am-ը շարունակում է իր «Շաբաթի հյուրը» ծրագիրը այս անգամ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: 

-Տիկին Հակոբյան, շուրջ 8 տարի զբաղեցնում ենք Սփյուռքի նախարարի պաշտոնը, չե՞ք ձանձրացել նույն պաշտոնին մնալուց:

-Այդ հարցը լրագրողներին մի տեսակ շատ է հետաքրքրում /ժպտում է/: Ի տարբերություն մյուս նախարարությունների, որոնք արդեն շուրջ 100 տարեկան են, Սփյուռքի նախարարությունն ընդամենը 8 տարեկան է: Առնվազն 2-3 տարի հարկավոր եղավ, որպեսզի այն կայանա, հաստատվի, ծրագրեր մշակվեն, Սփյուռքը վստահություն ունենա ու գա դեպի այս նախարարություն: Կարելի է ասել, որ ընդամենը 5 տարի է, ինչ իր ամբողջ ներուժով և բոլոր ուղղություններով գործում է Սփյուռքի նախարարությունը: Ի տարբերություն մյուս նախարարությունների, որոնցում հրամաններ տալով են կազմակերպում աշխատանքը, մեզ մոտ միակ գործիքը, որով Սփյուռքի հետ աշխատում են, բանակցելն է, հարցադրումներ անելը, խնդրելը, երկխոսելը: Մինչ համահայկական կառույցները սկսեցին մեզ վստահել, բավականին ժամանակ անցավ: Սփյուռքն այնքան մեծ է և այնքան խնդիրներ կան տարբեր վայրերում, որ ամեն օր մի նախաձեռնություն է ծնվում ու սկսում ենք դրա ետևից գնալ:  Զբաղեցրած պաշտոններում ես հաճույքով եմ կատարում իմ աշխատանքը:  Գլխավոր գնահատողները  իմ երկրի ղեկավարությունն է և հանրապետության նախագահը: Եթե նախագահը և վարչապետը որոշում են, որ ես այս տեղում իմ փորձով ու գիտելիքներով պետք է աշխատեմ, ուրեմն ես կաշխատեմ: 

-Լուրեր շրջանառվեցին, որ նոր կառավարությունում ընդգրկվեցիք, քանի որ Ձեզ համար բարեխոսել է Ձեր քրոջ խնամի Սամվել Կարապետյանը: Ի՞նչ տեսակետ ունեք այս հարցի վերաբերյալ:

 -Բացարձակ անճշտություն է: Ես բոլորովին նոր երևույթ չէի հասարակական-քաղաքական կյանքում, որ Սամվել Կարապետյանը ինձ համար բարեխոսեր: Ես նախարար էի և ինչու՞ չպետք է շարունակեի իմ աշխատանքը, ի՞նչն էի տապալել, ի՞նչը չէի կարողացել անել: Մենք համեստորեն չենք բարձրաձայնում այն  հարյուրավոր և հազարավոր բարձր գնահատականների և դրական արձագանքների մասին, որոնք ուղղված են Սփյուռքի նախարարությանը և  նախարարին:

-Տիկի՛ն Հակոբյան,Դուք մաթեմատիկոսիրավաբական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր եքինչպե՞ս ստացվեց, որ դարձաք պատգամավոր, այնուհետև՝ նախարար:

- Այո, մաթեմատիկոս եմ, դասախոսել եմ Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Թե՛ համալսարանում և թե՛ հանրապետության մասշտաբով հասարակական ակտիվ գործունեություն եմ ծավալել նախկին Կոմունիստական երիտասարդական միության շրջանակներում, որում ընդգրկված էր 700 հազար անդամ, և ես ղեկավարում էին այդ կառույցը: Մեծ մասամբ հենց այդ տարիներին ձևավորվեցին իմ կազմակերպչական հմտություններն ու փորձը: Այս ամենն օգնեց, որպեսզի արդեն 1986թ. դառնայի պատգամավոր՝ Հայաստանի Գերագույն խորհրդում: Մաթեմատիկական գիտելիքները և մտածողությունը բավարար չէին պետության հիմքերի կառուցմանը մասնակցելու՝ օրենքներ հեղինակելու համար: Օրենքի նախագծերը կազմելիս ես իրավաբանների հետ խորհրդատվության կարիք էի ունենում և նրանց անընդհատ չդիմելու համար, ես  սովորեցի և ավարտեցի Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Ինձ շատ դուր եկավ իրավաբանական ոլորտը և մաթեմատիկայից զատ խորացա իրավագիտության ուսումնասիրության մեջ: 

-Սոցիալական ցանցերում վերջերս բուռն քննադատությունների արժանացաք, սակայն մեր թղթակցի փոքրիկ հարցումը Գավառում, պարզեց, որ այնտեղ Ձեզ բավականին շատ են սիրում: Ինչպե՞ս կբացատրեք այս հակասությունը:

 -Չկա տարակարծություն Երևանում և Գավառում: Ֆեյսբուքում կան կեղծված խմբեր, որոնք անհասկանալի  մարդկանց կողմից ֆինանսավորվում են և կա լրագրողների ու օգտատերերի  մի անպատասխանատու տեսակ, որը հաց է վաստակում  չլսված և չտեսնված բաներ գրելով: Հարցրեք իմ աշխատակիցներին, Կառավարման ակադեմիայի իմ ուսանողներին, միասին դուրս գանք փողոց և կտեսնեք, թե մարդիկ ինձ ինչպես են ընդունում: 

-Աշխատել և շփվել ե՞ք մեր ՀՀ վարչապետերի հետ, ու՞մ հետ էր Ձեզ ավելի հեշտ:  

-1980թ.-ից կառավարության բոլոր ղեկավարների հետ այս կամ այն կերպ աշխատել եմ՝ նաև այն ժամանակ, երբ խորհրադարանի անդամ էի: Յուրաքանչյուրն ունի իր ոճը, մոտեցումը, մեթոդները, բայց բոլորն էլ աշխատանք են պահանջել:  Վարչապետի տեսլականի հետ համապատասխանեցնում ենք մեր ծրագրերը, քայլերը, առաջնորդվում նրա կողմից առաջարկված մոտեցմամբ: Միայն դրանք են ուղղորդվում, իսկ իմ աշխատանքի ձևը և բովանդակությունը չեն փոխվում: 

-Ձեզ պատկերարցնու՞մ եք վարչապետի պաշտոնում:

-Ես ինձ որ պաշտոնում որ պատկերացրել եմ, այդ պաշտոնում էլ աշխատում եմ: Ամենաբարդ, ծանր և պատասխանատու պաշտոնն է վարչապետի պաշտոնը, քանի որ բոլոր տնտեսական, սոցիալական, մշակութային առումով սպասելիքները վարչապետից են և նա է պատասխանատու դրանց համար՝ իր թիմով, ծրագրով և գործունեությամբ:

-Ձեզ ընդգրկել էինք Շաբաթի քաղաքական կոմիքսներումնեղացել եք մեր հումորներից:

-Ճիշտն ասած այստեղ ես ուղղորդվածություն էի տեսնում: Այնտեղ նստած է հիսուն մարդ, բայց ամենաշատը փորձում էիք ինձ դերակատարություն տալ: Ես դա չեմ ընդունում: Կատակներ սիրում եմ, բայց երբեմն չափն անցնում եք, (ժպտում է) որը անձնական է և չի կարելի: Ոչ անձնական բնույթի կատակներն ինձ համար ընդունելի են:

-Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք նախարար Արփինե Հովհաննիսյանի և նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի հետ:  

-Աշխատանքային նորմալ հարաբերություններ: Այժմ Արփինեն մեր կուսակցության գործադիր մարմնի կազմում է, և շփումներն ավելի հաճախակի են դարձել: 

-Ի՞նչ խնդիրների առաջ են կանգնում սփյուռքահայերը վերջին տարիների ընթացքում:

-Սկզբում նրանք շատ մեծ ոգևորությամբ եկան Հայաստան, որովհետև տարիներ շարունակ երազել էին ունենալ անկախ, ազատ հայրենիք: 1990-ականների սկզբին այնքան մեծ էր ոգևորությունը, որ պատրաստ էին Հայաստանը ձեռքերի վրա տանել: Սակայն մենք պատրաստ չէինք նրանց ընդունել: Օրենքներ չունեինք, չգիտեինք՝ ինչ է բիզնեսը, ամեն ինչ փլուզվել էր, տնտեսական առումով կապեր և հարաբերություններ չունեինք: Սակայն այսօր պայմաններն այլ են և սփյուռքահայերը, գալով հայրենիք կարող են միայն շահել և ոչ թե վնասվել: Պատահական չէ, որ նախագահը հայտարարեց, որ սփյուռքահայը մեր երկրում չպետք է միայն բարեգործությամբ զբաղվի, այլ՝ ներդրում անի և շահ ստանա: Դրանից շահում ենք նաև մենք, քանի որ աշխատատեղեր են բացվում, աղքատությունը և արտագաղթն են կրճատվում:

Կան  սփյուռքահայեր, որոնք այստեղի օրենքները չգիտեն, երբեմն խաբվում են գործընկերների կողմից ...Նրանց մոտ թյուր կարծիք կա, որ եթե Հայաստանում են, կարող են օրենք խախտել: Իսկ մենք մտածում ենք, որ եթե սփյուռքահայեր են, ուրեմն հարուստ են և պետք է աջակցեն մեզ: Մենք այդ խնդիրներով զբաղվում ենք և բավականին հաջողել ենք:

-Խոսենք նաև Ձեր քրոջ՝ տիկին Խաչանուշի հետ: Հաշվի առնելով, որ Ձեր քույրը շատ զբաղված է լինում, այնուամենայնիվ հաջողվու՞մ է հանգստյան օրերը միասին անցկացնել:

-Ես շատ եմ ուզում, որ հանգստյան օրերը միասին անցկացնենք, սակայն չի ստացվում: Երբ ես գալիս եմ նրա մոտ, որ մի քիչ շփվենք, զրուցենք, նրան լսեմ ու նրանից ինչ-որ բան սովորեմ, նա տանը չի լինում: Հրանուշը հանգստյան օրերն անցկացնում է իր աշխատավայրում: Երբեմն, երբ հավաքվում են մեր թոռնիկները, հնարավոր է նա մի քանի րոպեով գա, երեխաներին տեսնի ու նորից վերադառնա նախարարություն:

Ես կուզենայի մի բան նկատել, երբ հարցրեցիք, թե արդյոք նա չի ձանձրացել նախարարությունից, դա նույնն է, որ ինձ հարցնեք՝ Դուք չե՞ք հոգնել ձեր երեխաներից և թոռնիկներից: Նախարարությունը նրա համար զավակի նման է, որը նա ստեղծել է և «մեծացրել»:

-Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք Ձեր քրոջ հետ:   

-Իմ ամբողջ աշխատանքը ես կառուցում եմ նրա տված մտքերի վրա: Երբ նոր էի հայտնվել այս աշխատանքում, գրեթե ոչինչ չգիտեի դրա մասին: Բայց քույրս, որը 20 տարի աշխատել է նման բնագավառներում,  ինձ շատ բան է սովորեցրել: Իմ առաջին խորհրդատուն քույրս է, երբ խնդիր եմ ունենում նրան եմ դիմում: Ես 8 տարի փոքր եմ Հրանուշից: Ինձ երկու քույրերս են մեծացրել, քանի որ մայրս դպրոցի տնօրեն էր և զբաղվածությունը շատ էր: Ես նրան անսահման շնորհակալ եմ:

(Խաչանուշ Հակոբյանը Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրենն է: Կենտրոնը բացվել է ամերիկահայ բարերարների աջակցությամբ, համահիմնադիրներն են Ռիտա Պալյանը և Հրանուշ Հակոբյանը:  Կենտրոնը զբաղվում է կանանց մոտ քաղցկեղի ախտորոշմամբ, կանխարգելմամբ և բուժմամբ):

-Տիկի՛ն Հակոբյան, ի՞նչը կամ ովքե՞ր կարող են Ձեզ նյարդայնացնել:

-Ստորությունը և ոչ ճիշտ արտահայտությունները:

-Հայաստանում ո՞ր վայրն եք ամենից շատը սիրում, որտե՞ղ կարելի է Ձեզ հաճախ տեսնել:

-Գավառը: Ծնունդով գավառցի եմ, շարունակում եմ դասավանդել Գավառի համալսարանում:

-Ի՞նչ էինք երազում դառնալ մանուկ հասակում:

-Վեցերորդ դասարանից հայրս ինձ կողմնորոշել է և այլ մասնագիտության մասին չեմ մտածել: Հայրս ասաց՝ իմ աղջիկը մաթեմատիկոս պետք է դառնա, և դա բավարար էր, որ ես այդպես որոշեմ:

-Տիկի՛ն Խաչանուշ, Ձեր մասնագիտության ընտրության հարցում որքանո՞վ է Ձեր քույրն օգնել Ձեզ:

-Խանգարել է չի օգնել /ծիծաղում են/:

Հրանուշ Հակոբյան - Բողոքիր, բողոքիր…

-Ես ուզում էի բժշկուհի դառնալ, իսկ նա խորհուրդ էր տալիս ավելի հանգիստ մասնագիտություն ընտրել: Հայրս ևս մեծ դերակատարություն ունեցավ ՝ մասնագիտության ընտրության հարցում: Ես ավելի հակված էի հումանիտար գիտելիքների ուսումնասիրությանը, բայց Հրանուշն ինձ սովորեցրեց  սիրել ճշգրիտ գիտությունները և դա ինձ օգնեց դառնալ տնտեսագետ: Ես շնորհակալ եմ քրոջս, տիկին Ռիտա Պալյանին և ճակատագրին, որ աշխատում եմ բժիշկների հետ: 

-Երեք բառով ինչպե՞ս կբնութագրեիք Ձեր քրոջը:

-Ազնվագույն, բարոյական և կարգապահ:

3 առանձին, մշտական հարցեր

-Ձեր կյանքի ամենամեծ ամոթի զգացումը ե՞րբ և ինչու՞ եք ապրել:

-Չեմ արել բաներ, որոնց համար ամաչեմ: Իսկ ընդհանրապես ամաչկոտ մարդ եմ:  Վերջերս Չեխով էի կարդում, շատ լավ բառեր է ասում՝ բարի մարդիկ պետք է ամաչել իմանան, պետք է ամաչել և՛ փոքրից, և՛ մեծից: Ես իմ շրջապատում, աշխատանքում բավականին ակտիվ, համարձակ եմ, սակայն կյանքում, մարդկային հարաբերություններում շատ ամաչկոտ եմ:

-Ո՞րն է ամենալավ նվերը, որ տվել եք և որ ստացել եք:

-Ամենալավ նվերը մայրիկիս ենք անում քույրիկներով՝ նրա ծննդյան և Մարտի 8-ի առթիվ: Իսկ ես լավագույն նվեր համարում եմ այն ծաղիկները, որոնք սիրով ստանում եմ, և որոնք ոչ թե թոշնում  են և դեն են նետվում, այլ մնում են իմ շրջապատում:

-Եթե միայն մի երազանքի համար կախարդական փայտիկ ունենայիք, ինչի՞ համար այն կօգտագործեիք:

-Իհարկե երկրի խաղաղության: Կուզենայի, որ Ղարաբաղը և Հայաստանը ձեռք ձեռքի տված կարողանային կերտել այն հայրենիքը, որին ձգտում է բոլորիս հոգին՝ «Իմ նոր հայրենիք, հզոր հարենիք»:

Հրանուշ Հակոբյանը մեզ ներկայացրեց այն բազմաթիվ նամակներից մի քանիսը, որոնք ստանում է գրեթե ամեն օր.

Թեհրանի թեմի առաջնորդի նամակից. «Միշտ ասել եմ ու շարունակում եմ ասել, որ սփյուռքի շնորհալի մեր նախարարն իր կյանքն ապրում մեղվի մեղվի փութաջանությմաբ՝ առանց դադարի և ամենից կարևորը՝ առանց հոգնության և անձանձրույթ»:

Դավթյան և Մարիամյան Կրթական Հաստատությունը շնորհակալություն է հայտնում սփյուռքի նախարարին՝ հայկական դասագրքերի հերթական խմբաքանակը Լոս Անջելես ուղարկելու և պարբերաբար ցուցաբերվող աջակցության համար:

 

 Նյութը պատրաստեցին՝ 

Մարիամ Մելքումյանը

Անուշ Մուրադյանը 

Խաչատուր Կոճիբրոյանը

 

Լրահոս

Դիտել ավելին