Կարևոր իրադարձություններ

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով

22 Նոյեմբեր, 2016 14:34
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով

Նոյեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Խաչատուր Ավետիսյանի անվան Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի հիմնադիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգիչ Մուրադ Մալխասյանին:

 Ողջունելով հյուրին՝ Հրանուշ Հակոբյանը նշեց. «Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի հիմնադիր, ազգային ժողովրդական երգերի կատարող Մուրադ Մալխասյանը ամեն  ինչ անում է հայ երգը, մշակույթը,  արվեստը ոչ միայն Հայրենիքում, այլ Սփյուռքում տարածելու համար: Խաչատուր Ավետիսյանի անունը կրող համույթը դարձել է Գյումրիի անձնագիրը, և առանց այս գեղեցիկ խմբի  դժվար է պատկերացնել Գյումրու մշակութային կյանքը: Համերգներով հանդես գալով  Եվրոպայի, Ամերիկայի, Ռուսաստանի մի շարք քաղաքներում՝ նա իր ամբողջ տաղանդը, գիտելիքները նվիրում  է Սփյուռքը ոգևորելու, Սփյուռքին ուժ տալու և Սփյուռքում հայրենասիրությունը տարածելու ուղղությամբ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ անում եք դուք դրսում ապրող մեր հայրենկիցների համար: Շարունակե°ք այդքան նվիրված  մնալ մեր արվեստին, մշակույթին և մեր ազգին»:

 Նախարարն ընդգծեց, որ Մուրադ Մալխասյանը մշտապես բարձր պատրաստակամությամբ մասնակցում է ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին՝ մասնավորապես «Արի տուն» և տարածաշրջանային կրթամշակութային խնդիրների լուծմանն իրականացմանը:

 Նախարար Հրանուշ Հակոբյանը՝ Հայաստան-Սփյուռք մշակութային գործակցության բնագավառում ունեցած նշանակալի ներդրման և Խաչատուր Ավետիսյանի անունը կրող Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի հիմնադրման 30-ամյակի առթիվ Մուրադ Մալխասյանին  պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով: 

 Շնորհակալության հայտնելով նման բարձր պարգևի արժանացնելու համար՝ Մալխասյանը նշեց, որ յուրաքանչյուր նման կոչում պարտավորեցնում է, որ առավելագույնը անես Հայրենիքի և  ժողովրդի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին