Կարևոր իրադարձություններ

Չենք կարող պնդել, որ Պերմյակովն է կատարել հանցագործությունը

18 Նոյեմբեր, 2015 14:52
Չենք կարող պնդել, որ Պերմյակովն է կատարել հանցագործությունը

Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի համար պարզ չէ Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանության դրդապատճառը:

«Մենք գտնում ենք, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության դրդապատճառը բացահայտված չէ: Մենք այս պահին արդեն գտնում ենք, որ նախաքննությամբ չի հիմնավորվել, թե նախաքննության մարմնի կողմից ձեռք բերված նյութերը  ինչքանով են հիմնավորում Պերմյակովի կողմից սպանության կատարման հանգամանքը: Բազմակողմանի,  լրիվ ու օբյեկտիվ քննության չափանիշների տեսակետից կան հարցեր, որոնց պատասխանների բացակայության դեպքում չենք կարող պնդել, որ Պերմյակովն է կատարել այդ հանցագործությունը»,-Shabat.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը:

«Մենք արդեն առիթ ունեցել ենք նշելու և մեր անհամաձայնությունը հայտնելու ռուսական կողմից Ավետիսյանների սպանության փաստով քրեական գործի հարցուցման, հարուցված քրեական գործի շրջանակներում քննության օրինականության, իրավական հիմնավորման վերաբերյալ:  Դա դեռևս մնում է օրակարգում»,-մանրամասնեց իրավապաշտպանը:

Նրա խոսքով, պարզ չէ նաև, թե ինչ իրավական հիմնավորմամբ կարող է ռուսական կողմից իրականացված քննության արդյունքները ներառվել հայկական կողմից քրեական գործի նյութերի մեջ:

«Նաև ունենք հարցեր ռուսական բազայի հրամանատարության, ՀՀ ԱԱԾ-ի և Ռուսաստանի սահմանապահների կողմից կատարված անգործության և հակաօրինական գործողությունների վերաբերյալ, որոնց չի տրվել իրավական գնահատական»,-ասաց Սաքունցը, նկատելով, որ եթե դատաքննության ընթացքում առաջ քաշված հարցերը չգտնեն պատասխաններ, ապա  դատարանի կողմից ցանկացած որոշում, որը Պերմյակովին կհամարի մեղավոր, ինքը կհարամի ոչ օբյեկտիվ:

Ինչպես հայտնել են, ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի բոլոր 7 անդամների դաժան սպանության գործը առաջիկա օրերին կուղարկվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ավետիսյանների սպանության գործով նախաքննությունը ավարտվել է հոկտեմբերի 16-ին: Հենց այդ օրն էլ սույն գործով մեղադրյալ, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին առաջադրվեց նոր մեղադրանք՝ ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն)  եւ 34-329-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելու փորձ): Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Սույն սպանության գործը բաղկացած է 26 հատորից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին