Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում հանգստացողների թիվը կտրուկ նվազել է. T-Online

28 Հունիս, 2016 14:58
Թուրքիայում հանգստացողների թիվը կտրուկ նվազել է. T-Online

 

Այս տարի Թուրքիայում հանգստացողների թիվը կտրուկ նվազել է՝ երկրում տեղի ունեցող ահաբեկչական հարձակումների պատճառով, հաղորդվում է ինտերնետ-ծառայություններ մատակարարող T-Online գերմանական ընկերության կայքում։

 

Զբոսաշրջությունը երկրում գտնվում է լրջագույն ճգնաժամի մեջ, և համաձայն Թուրքիայի զբոսաշրջության նախարարության պաշտոնական տվյալների՝  զբոսաշրջիկների թիվը վերջին տարում նվազել է 28,07 տոկոսով։ Ճգնաժամը, մասնավորապես, ազդել է Անթալիա նահանգի վրա, որտեղ բնակչության զգալի մասն աշխատում է զբոսաշրջության ոլորտում։ Նշվում է, որ հունիսի առաջին երկու շաբաթների ընթացքում զբոսաշրջիկների թիվն այնտեղ նվազել է մոտ 59 տոկոսով։

 

Զբոսաշրջիկների ու հանգստացողների թվի նվազման հիմնական պատճառ են հանդիսանում երկրում հաճախակի դարձած ահաբեկչական ակտերն ու հարձակումները։ Եվս մի կարևոր պատճառ է այն, որ Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել։ Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել են թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։

 

Զբոսաշրջության ոլորտում աշխատողները ճգնաժամի համար մեղադրում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած վատ ներքին ու արտաքին քաղաքականությունն ու նրա բացասական կերպարը միջազգային հանրության աչքում։

 

Լրահոս

Դիտել ավելին