Կարևոր իրադարձություններ

«Արձանային» արձագանքներ. «Հայոց աշխարհ»

26 Մայիս, 2016 10:03
«Արձանային» արձագանքներ. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է. «Հանրային հարթակներում, կարելի է ասել, «արձանագրային» վիճակ է: Այն իմաստով, որ վերջին օրերին, որքան էլ տարօրինակ թվա, բուռն քննարկումներ, անգամ վիճաբանություններ են ծավալվել արձանների վերաբերյալ: Ոչ թե առհասարակ, այլ միանգամայն կոնկրետ:
  

Չէին հասցրել մարել օրերս բորբոքված կրքերը ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի՝ օրերս Ավանում բացված արձանի վերաբերյալ, երբ երեկ, ոչ պակաս թափով, խոսքուզրույց ծավալվեց Գարեգին Նժդեհի՝ արդեն տեղադրված և Մայիսի 28-ին՝ Հայոց անկախ պետականության վերականգնման օրը «բացվելիք» արձանի շուրջ:
  

Երեկ արդեն «քլնգոցի» սլաքը ուղղվեց դեպի Գարեգին Նժդեհի արձանը: Քավ լիցի, մեծ գործչի անցյալը փորփրելուն բանը կարծես չհասավ: Մանավանդ որ Գարեգին Նժդեհի կյանքն ու գործունեությունը բազմակողմանի ուսումնասիրված են:
  

Այստեղ արդեն այլ հարցադրումների վրա է շեշտը դրվում՝ ինչո՞ւ արձանը չի տեղադրվում հենց Գարեգին Նժդեհի անունը կրող հրապարակում: Ի դեպ, այնտեղ մինչև այժմ էլ կանգուն է խորհրդային տարիներին տեղադրված բոլշևիկ-հեղափոխական Սուրեն Սպանդարյանի արձանը:
   Քննադատական արձագանքների մեկ այլ առիթ տվեց այն, որ շատերին Գարեգին Նժդեհի արձանը հիշեցրել է ռուսական ցարերից Պետրոս Առաջինին: Ու ասենք, որ եթե միայն լուսանկարները դիտես, հեռվից նայելիս, իրոք, նման զգացողություն է առաջանում, թե՝ Պետրոս Առաջինն է պատկերված: Սկսեց արծարծվել հարցը, թե ինչո՞ւ Գարեգին Նժդեհը սուրը ձեռքին չի պատկերված կամ, ասենք, ձիու վրա և այսպես շարունակ:
   Հարկավ, արձանի հեղինակ, քանդակագործ Գագիկ Ստեփանյանը լրագրողներին սկսեց պարզաբանել, թե ինչու է այսպես կամ այնպես: Ասենք, ինչու է Գարգեին Նժդեհը պատկերված աջ ձեռքը ներքև ուղղած: Քանի որ, ինչպես դժվար չէ երևի առանց հեղինակի բացատրության էլ հասկանալ, նա «ցույց է տալիս» պատվանդանի վրա գրված իր արտահայտություններից մեկը:
   Առհասարակ այս «արձանային» աշխույժ քննարկումները մի կոնկրետ բան են հուշում: Այն, որ մրցութային մոտեցումները, թերևս, բավարար չեն նման հարցերի կանոնակարգման համար: Այո, համապատասխան մրցույթներ են եղել, հանձնաժողովներում ընդգրկված մասնագետները քննարկել են, որոշում ընդունել: Բայց միգուցե արժե, հետագայի համար, նման դեպքերում նաև հանրային քննարկում էլ կազմակերպել: Այժմյան բուռն արձագանքները հենց նման հետևության են մղում:
   Արժե սրա մասին էլ խորհել, մանավանդ որ առաջիկայում էլի արձաններ են տեղադրվելու»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին