Կարևոր իրադարձություններ

Եթե Աստված ցանկանա մեզ նորից երեխա պարգևել, ես շնորհակալ կլինեմ. Շաբաթը՝ Զարուհի Փոստանջյանի հետ (լուսանկարներ, տեսանյութ)

20 Մարտ, 2016 18:05
Եթե Աստված ցանկանա մեզ նորից երեխա պարգևել, ես շնորհակալ կլինեմ. Շաբաթը՝ Զարուհի Փոստանջյանի հետ (լուսանկարներ, տեսանյութ)

Shabat.am-ը սկսում է նոր «Շաբաթը՝ քաղաքական գործչի հետ» խորհագիր, որի շրջանակներում փորձելու ենք ներկայացնել մեր քաղաքական գործիչներին մի փոքր այլ տեսանկյունից, զրուցելու նրանց հետ քաղաքականությունից դուրս տարբեր թեմաներից:

Մեր խորհագրի առաջին հյուրը ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է, որի հետ մեր հանդիպումը համընկել է  Ծաղկազարդի օրվա հետ: Պատգամավորի և նրա երկու կրտսեր դուստրերի՝ Գրետայի ու Լուիզայի հետ հանդիպել ենք Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում: 

Մեզ հետ զրույցում Գրետան ու Լուիզան պատմեցին, որ մայրն իրենց համար առաջին հերթին ընկեր է: Աղջիկները չեն սիրում, որ իրենց մայրիկը աշխատանքի բերումով միշտ ուշ է գալիս տուն, բայց հասկանում ու սիրում են նրա աշխատանքը ու գիտեն, որ իրենց մայրը փորձում է օգնել ժողովրդին: Նրանց խոսքով, տիկին Փոստանջյանը հոգատար, պարտաճանաչ ու բարի մայրիկ է:

-Տկն. Փոստանջյան, հանգստյան օրերն անցկացնելու ավանդական տարբերակ ունե՞ք, ի՞նչ հանգիստ եք նախընտրում:

-Հիմնականում հանգստյան օրերն անցկացնում եմ տանը: Լավ եղանակի դեպքում՝ բնության գրկում: 

Հանգստյան օրերին ի՞նչ եք պատրաստում, ունե՞ք ֆիրմային ուտեստ, որին սպասում է ընտանիքը:

-Ազատ ժամանակ փորձում եմ պատրաստել նոր ճաշատեսակ, որի բաղադրտոմսը վերցնում եմ համացանցից: Երբեմն հավանում են, երբեմն` ոչ: 

-Դուք 4 աղջիկների մայր եք, ընդունված է, որ հայկական ավանդական ընտանիքներում տղա զավակ ունենալը նախապայման կամ գոնե շատ ցանկալի երևույթ է: Ցանկություն, մտադրություն կա՞ նորից մայրանալու` այս անգամ արդեն որդի ունենալու համար:

-Ցանկալի է, որ և´ տղաներ, և´ աղջիկներ լինեն: Երեխայի ծնունդը Աստծո ձեռքերում է: Աստված ինչ կամենում է, պետք է ընդունես երախտագիտությամբ: Եթե Աստված ցանկանա մեզ նորից երեխա պարգևել, ես շնորհակալ կլինեմ: 

-Ո՞րն է Ձեր մանկության ամենալուսավոր հուշը, որ մինչև օրս պահում եք:

-Ինչ հիշում եմ իմ մանկությունից, լուսավոր է, այդ իսկ պատճառով ընգծված, արտառոց իրադարձություն չեմ կարող մտաբերել: 

-Պատգամավորի կարգավիճակը երբևիցե խանգարե՞լ է Ձեր ազատությանը:

-Ո՛չ, ազատությունը ինձ համար գերագույն պայման է լիարժեք ապրելու համար: 

-Դուք շատերի սիրելի քաղաքական գործիչն եք Հայաստանում, հետաքրքիր է, թե համաշխարհային գործիչներից ու՞մ քաղաքական հայացքներն եք Դուք կիսում:

-Հայկական ազգային գաղափարախոսության անփոխարինելի բարձունք մեր մեծ գրող Րաֆֆիի, ինչպես նաև համաշխարհային մտածողներ Էլիոնորա Ռուզվելտի և Գոլդա Մեյեռի կյանքը և հայացքներն ինձ համար ուսանելի են: 

-Հետաքրքիր է, ՀՀԿ-ից ունե՞ք ընկերներ կամ գոնե շփում կա՞ խորհրդարանից դուրս:

-Ո՛չ, ընկերներ չունեմ ՀՀԿ-ից:

-Խորհրդարանում ունե՞ք սիրելի պագամավոր:

-Ես սիրում եմ բոլոր մարդկանց: Եթե անդրադարձ կատարեմ նրանց մասնագիտական կարողությունների գնահատմանը, պետք է ասեմ, որ 131 պատգամավորներից առնվազն 30-ն արդյունավետ պետական համակարգի առկայության դեպքում կարող են լինել շատ հմայիչ և սիրված: 

-Ձեր քաղաքական կարիերայի գագաթնակետը ո՞րը կարող է լինել:

-Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի քաղաքացին: 

-Ո՞վ է Ձեր բոլոր ժամանակների կանացի իդեալը:

-Հայ կինը` ի դեմս իմ տատիկների:

-Սիրելի բույրը, բրենդը:

-Lanvin Eclat D’arpege 

-Որտե՞ղ կուզեիք անցկացնել Ձեր հանգստյան օրերը:

-Իմ հանգստի նախընտրելի վայրը ջրի ափն է: 

-Ո՞րն է եղել ամենակարևոր խորհուրդը, որ ստացել ու տվել եք երբևէ:

-Եթե ունես հնարավորություն` երբեք մի մերժիր օգնության ձեռք մեկնել: 

Մեր մշտական հարցերը՝

-Ի՞նչ կփոխեիք ամենաառաջինը մեր երկրում, եթե մեկ օրով լինեիք ղեկավար

-Մեկ օրով հնարավոր չէ ոչինչ փոխել:

-Կյանքի ամենամեծ ձախողումը:

-Ես պայքարի կողմնակիցն եմ, իսկ ով պայքարում է, նա չի կարող ձախողել:

-Ի՞նչ գերբնական ուժով կուզեիք օժտված լինել:

-Չդադարել սիրել և սիրել անսահման:

Եվ վերջում ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ Զարուհի Փոստանջյանը պատասխանում է մեր համաքաղաքացիների հարցերին:

 

Կարինա Սահակյան

Խաչատուր Էլլոյան 

 

 

Լրահոս

Դիտել ավելին