Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    565
    573

  • RUB

    8,27
    8,52

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Պատուհան սարքողներ ու ծանրաձող բարձրացնողներ են աշխատում որպես դեսպան. Շաբաթի հյուրը՝ Կանադայում նախկին դեսպան Արա Պապյանն է (ֆոտոշարք)

13 Նոյեմբեր, 2016 15:39
Պատուհան սարքողներ ու ծանրաձող բարձրացնողներ են աշխատում որպես դեսպան. Շաբաթի հյուրը՝ Կանադայում նախկին դեսպան Արա Պապյանն է (ֆոտոշարք)

Շաբաթի հյուրը «Մոդուս Վիվենդի»կենտրոնի ղեկավար, Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանն է. 

-Պարո՛ն Պապյան, երկար տարիներ աշխատել եք արտաքին գործերի նախարարությունում,  եղել եք Կանադայում Հայաստանի դեսպանը: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի արտաքին քաղաքականության վիճակն այսօր:

-Գտնում եմ, որ ներկայումս վիճակն այնքան էլ բարվոք չէ, քանի որ արտաքին քաղաքականությունը որոշակի խնդիրներ պետք է լուծի, որոնք չի լուծում: Խոսքն առաջին հերթին անվտանգության հարցերի մասին է: Անվտանգության ապահովման հարցերում առաջնայինը ռազմական գործոնը չէ, ինչպես շատերին կարող է թվալ, այլ՝ քաղաքականը: Այսինք, պետք է կարողանալ հավասարակշռություն պահել աշխարհի ուժային կենտրոնների միջև, որպեսզի մեկը մյուսին հակակշռի: Լինելով փոքր երկիր՝ մենք չենք կարող հակակշռել: Ցավոք սրտի, մենք այսօր լիովին գտնվում ենք ռուսական ազդեցության տակ, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի բոլոր թշնամիները մեզ համար ևս թշնամիներ են դարձել: Այդ առումով մենք թիրախ ենք դառնում:

1990-ակաների, երբ ես աշխատում էին արտաքին գործերի նախարարությունում և 2000-ականերին, երբ դեսպան էի, այդպես չէր. մենք կարողանում էինք սերտ ռազմական համագործակցություն իրականացնել Ռուսաստանի հետ և բավականին լավ քաղաքական, տնտեսական նաև ռազմական հարաբերություններ պահպանել Արևմուտքի հետ:

-Դեսպանի պաշտոնը զբաղեցնելուց հետո պետական պաշտոններ ստանձնելու առաջարկություններ ստացե՞լ եք:

-Ստացել եմ, սակայն 2006թ. սկսած, այսպես ասած, ոչ պետական անձ եմ,  «Մոդուս վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավարն եմ: Եղել են ոչ պաշտոնական առաջարկներ պաշտոնական դիրքի համար, այսինքն, հարցրել են՝ չես ուզու՞մ վերադառնալ: Վերջին առաջարկը եղավ նոր վարչապետի նշանակվելուց հետո, երբ ինձ հաղորդագրությամբ հարցրեցին , թե արդյոք չե՞մ մտածում պետական պաշտոն ստանձնելու մասին: Ասացի՝ ոչ: Դրա մասին արժե մտածել, եթե ինչ-որ լուրջ քաղաքական փոփոխություն է ակնկալվում, քանի որ մարդը երկու բանի համար է աշխատում՝ փողի և գաղափարի: Եթե ԱԳՆ-ում ազնիվ աշխատող ես, չես օգտագործում դիրքդ և պաշտոնդ անձնական շահերիդ և բիզնեսիդ համար, առանձանպես գումարներ չես վաստակի, հետևաբար այդ առումով շահագրգռվածությունը չկար: Նախկինում մենք աշխատում էինք հիմնականում գաղափարի համար և այդ գաղափարը բավական լավ կերպով առաջ էր գնում: Այն ժամանակ մթնոլորտն էր այլ: Հարցրեք այսօր գործող բոլոր պաշտոնյաներին, դիվանագետներին, դեսպաններին, նրանք կասեն, որ մթնոլորտը փոխվել է: Նախարարությունը մեզ համար տուն էր, մենք հաճույքով էինք գնում և մարդիկ չէին ուզում աշխատանքից հետո տուն գնալ, ոգևորված աշխատում էինք: Հիմա հարցնում ես, ասում են՝ րոպեներն ենք հաշվում, որ թողնենք տուն գնանք… որովհետև իրենց աշխատանքի արդյունքը չեն տեսնում:

-Սովորաբար պետական պաշտոնյաներից հասարակությունը պահանջում է անել անհնարինը: Պետական պաշտոն զբաղեցնելու ժամանակ քննադատության թիրախ հաճա՞խ էիք դառնում: Առհասարակ ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին:

-Քննադատություններին նորմալ եմ վերաբերվում, ավելին, գտնում եմ, որ դրանք անհրաժեշտ է: Անգամ թագավորները ժամանակին խեղկատակների էին իրենց կողքին պահում, որոնց թույլատրված էր բոլորին քննադատել: Առանց քննադատության հնարավոր չէ առաջ գնալ, քանզի ինչ-որ մեկը պետք է ասի, որ ինչ-որ բան սխալ է: Շատերը խուսափում են ասել ճշմարտությունը:

Անձամբ ես չեմ հիշում, որ սուր քննադատության ենթարկված լինեմ: Ե՛վ որպես խոսնակ, և՛ որպես դեսպան աշխատելու ժամանակ բավականին սերտ հարաբերություններ ունեի որոշակի մարդկանց հետ և նրանք հնարավորություն ունեին ինձ ուղղակիորեն  ասելու, այն, ինչ մտածում էին: Իսկ քննադատությունն առաջանում է, երբ ուղիղ ասելու հնարավորություն չկա ու մարդիկ այլ միջոցներով են փորձում քննադատել:

Ինչ վերաբերում է անհնարինը պահանջելուն, մի օրինակ բերեմ: Երբ ես դեսպան նշանակվեցի Կանադայում, բոլորն ասում էին, որ անհնար է, որ Կանադան ընդունի Հայոց ցեղասպանությունը, քանի դեռ Միացյալ Նահանգները չի ընդունել: Բայց մենք որոշակի քաղաքականություն վարեցինք, և Կանադան ընդունեց: Անհնարին ոչինչ չկա, պարզապես հարկավոր է ճիշտ քաղաքականություն վարել և օգտվել հարմար, նպաստավոր պահի ընձեռած հնարավորություններից:

-Դուք դրական կարծիք էիք հայտնել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասին: Հնարավո՞ր է Ձեզ առաջիկայում պաշտպանության նախարարությունում որևէ պաշտոն զբաղեցնելիս տեսնենք:

-Չեմ կարծում: Միակ հանգամանքը, որի պարագայում կհամաձայնեի համագործակցել ՊՆ-ի հետ, դա կլիներ անկախ հանձնաժողովի ստեղծումը,  որը որոշակի հետաքննական աշխատանք կկատարեր՝ չլինելով ՊՆ-ի մաս և լինելով լիակատար անկախ: Քառօրյա պատերզամում բազում թերացումներ բացահայտվեցին, որոնք լուրջ հետազոտության կարիք ունեն: Երբ Լիբանանյան պատերզամից հետո Իսրայելը համարեց, որ իր խնդիրները բավարար կերպով չի լուծել, 55 անկախ հանձնաժողով ստեծվեցին՝ քննելու համար պատերազմի հետևանքները, բանակի թերացումները: Մեզանում ապրիլյան պատերազմից հետո մի անկախ հանձնաժողով չստեղծվեց:

Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարին, ասեմ, որ Վիգեն Սարգսյանի նշանակմամբ ես հույս էի հայտնել, որ եթե նա կարողանա կոռուպցիայի դեմ պայքարել, կկարողանա էապես փոխել իրավիճակը բանակում: Ասել էի, որ լավ է, որ նա «ներսի» մարդ չէ: Միշտ հարց է դրվում, թե արդյոք վատ չէ, որ նա քաղաքացիական անձ է: Իմ կարծիքով դա լավ է, քանի որ նա չունի որևէ հուզական կապ մյուս բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների հետ, նրանք տարիներով միասին չեն ծառայել, իսկ ընկերոջ դեմ քայլ անելը միշտ էլ դժվար է:

-ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ինչպե՞ս եք գնահատում:

-Նախ ասեմ, որ Մինսկի Խումբը ընդամենը միջնորդական առաքելություն է իրականացնում և իրենք չէ, որ հարցը պետք է լուծեն: Նրանք պետք է կողմերի տեսակետները փոխանցեն և փորձեն դրանք համադրել: Եթե Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված համաձայնություններն Ադրբեջանը չի կատարում, ապա Մինսկի խումբը ոչինչ անել չի կաորղ, նա չունի համաձայնությունների չկատարման դեպքում պատժամիջոցների կիրառման մեխանիզմ:

 

-Եթե այլ մասնագիտություն ընտրելու հնարավորություն ունենայիք, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:

-Ես կրկին քաղաքականության  հետ կապված մասնագիտություն կընտրեի: Դեռ մանկուց հետաքրքրվել եմ քաղաքական անցուդարձով:  Ոսումս շարունակեցի Արևելագիտության ֆակուլտետում, քանի որ այն ժամանակ քաղաքականության հետ քիչ թե շատ կապված այլ ֆակուլտետ չկար:

Իսկ ավելի փոքր տարիքում ուզում էի կինոռեժիսոր դառնալ: Ունեի ապարատներ և ընկերներիս հետ  բակում հավաքվում, ինչ-որ բաներ էինք բեմադրում ու նկարում:

-Ինչո՞վ են զբաղվում Ձեր ընտանիքի անդամները:

-Երկու որդիներս սովորում և աշխատում են Կանադայում: Ըստ էության, ամուսնությունից հետո կինս համարյա չի աշխատել: Կնոջս հետ համալսարանում ենք ծանոթացել, նա աշխատում էր պատմության ֆակուլտետում, իսկ ես ասպիրանտ էի: Ամուսնացել ենք 1989թ., ապրել ենք մի քանի երկրներում: Կինս միայնակ է խնամել երեխաներին: Նա այժմ երեխաներիս մոտ է, ես էլ տարին մեկ անգամ այցելում եմ նրանց: 

-Ինչպե՞ս և ու՞մ հետ եք անցկացնում Ձեր ազատ ժամանակը:

-Ես երջանիկ եմ այն առումով, որ իմ աշխատանքն իմ հայճույքն է, հետևաբար ես իմ աշխատանքից հանգստանալու կարիք չունեմ: Ազատ ժամանակ անում եմ այն, ինչ անում եմ աշխատանքիս վայրում: Առհասարակ, սիրում եմ կարդալ քաղաքական գործիչների մեմուարներ, ուսումնասիրել փաստաթղթեր, պայմանագրեր: Ազատ ժամանակս նաև ընկերներիս հետ եմ անցկանում:

-Եթե ժամանակը ետ տալու հնարավորություն ունենայիք, անցյալում ինչ-որ բան կփոխեի՞ք:

- Մանր բաներ կփոխեի, բայց մեծ առումով՝ մասնագիտության, ընտանիքի, ոչինչ չէի փոխի: Օրինակ ժամանակին հունարեն եմ սովորել, որն ինձ այդպես էլ պետք չեկավ: Դրա փոխարեն ֆրանսերեն, թուրքերեն կամ այլ լեզու կսովորեի: 

-Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

-Դժվար է մի բան նշելը: Ընդհանուր առմամբ հենց կյանքն է ամենամեծ ձեռքբերումը: Ես 55 տարեկան եմ և որևէ միտումնավոր սխալ, ստորություն չեմ արել երբևէ, չեմ թալանել, վատություն չեմ արել: Դա է ամենամեծ ձեռքբերումը:

-Ձեզ հաջողված դիվանագետ համարու՞մ եք:

- Արդյունքներից պետք է դատել: Երբ գնացի Կանադա, երեք խնդիր էի դրել իմ առջև՝ Ցեղասպանության ճանաչումը Կանադայի կողմից, որը տեղի ունեցավ: Հաջորդը  դեսպանության՝ շատ վատ վիճակում գտնվող շենքի վերանորոգումն էր՝ առանց պետբյուջեից մի լումա ծախսելու, որը ևս իրագործվեց : Եվ վերջապես, Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման խնդիրը կար, որը  բավականին առաջ էր մղվել, բայց մերոնց սխալների հետևանքով այդ հարցը մնաց առկախ: Նշեմ նաև, որ ես միակ դեսպանն եմ եղել, որն արժանացել է Կանադայի պատվո շքանշանի, պարգևատրվել եմ նաև կանադահայ համայնքի կողմից:

-Արտաքին քաղաքականության մեջ գրացած մեր անհաջողությունների պատճառն ի՞նչը կամ ովքե՞ր են:

-Այստեղ մի քանի խնդիրներ կան: Առաջին լուրջ խնդիրը հավասարակշռության խախտումն է: Երբ դառնում ենք հակաարևմտյան և պրոռուսական, բնականաբար Արևմուտքի ուժերը պետք է սկսեն մեր դեմ աշխատել: Մյուսը Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների սրացումն է, որի դեպքում պահանջվում է ավելի նուրբ դիվանագիտություն: Երրորդը կադրային նշանակումներն են: Վերջին 5-10 տարում դեսպանների նշանակումներին եթե նայենք, կտեսնենք, որ գրեթե պրոֆեսիոնալ դեսպան չկա: Պատուհան սարքողներ ու ծանրաձող բարձրացնողներ են աշխատում որպես դեսպան: Մինչդեռ դիվանագիտությունը լուրջ մասնագիտություն է: Դիվանագիտության մեջ սխալներն ու հաջողություններն ուղղակիորեն չեն երևում, և նրանց  թվում է, թե կարող են ամեն մեկին նշանակել: Արդյունքում լինում են բազմաթիվ բաց թողնված պահեր, որոնք դիվանագետները կարող էին հմտորեն օգտագործել:

-Եթե Ռուսաստանը դերակատարություն չունենար Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, ի՞նչ փուլում կլիներ հակամարտության կարգավորման գործընթացը:

-Նույն փուլում կլիներ: Պարզապես եթե ռուսները քիչ զենք վաճառեին Ադրբեջանին, այսքան մարդ չէր զոհվի, Ադրբեջանն էլ գուցե Ապրիլյան պատերազմը չսանձազերծեր: Սակայն մեծ առումով ամեն ինչ նույնն էր մնալու:

-Հայաստանի Հանրապետության երեք նախագահներից ո՞վ է հաջողություններ գրանցել արտաքին քաղաքականության մեջ:

-Տեր-Պետրոսյանն՝  իր բոլոր թերություններով հանդերձ, եղել է նախագահ, որի օրոք մենք հաղթել ենք պատերազմում, ընդ որում նկատեք, ես ասում եմ՝օրոք և ոչ թե՝ շնորհիվ: Այստեղ արդեն մոտեցումը երկակի է. մի մասն ասում է, որ հաղթել ենք Տեր-Պետրոսյանի շնորհիվ, մյուս մասը, օրինակ որոշ գեներալներ, պնդում են, որ նա զանգել և հրահանգել է, որ իրենք առաջ չգնան, այլապես մերոնք կարող էին ավելի առաջ գնալ: Մենք այսօր կարող էինք ավելի հաղթական դիրքերի վրա լինել: Նույնն էլ Քոչարյանի առումով: Լայն իմաստով երեքն էլ ձախողել են, քանզի 25 տարվա ընթացքում մենք ունեցել ենք անկումներ՝ ժողովրդագրական, արտադրական ոլորտներում, մենք ամեն տարի ավելի քիչ ենք կառուցել, քան երկիրը կորցրել է, չենք ստեղծել անկախ էներգետիկ համակարգ, առհասարակ որևէ անկախ բան չենք ստեղծել: Միակ դրական գործընթացն այն է, որ Ղարաբաղը դեռ պահում ենք:

-Մի քանի հարց էլ ուղղենք Ձեր մանկության ընկերոջը՝ Աշոտ Գևորգյանին: Պարո՛ն Գևորգյան, քանի՞ տարվա ընկերներ եք:

-Ընկերություն ենք անում առաջին դասարանից, արդեն 48 տարի է: Միասին ուսանել ենք ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում, միասին ծառայել ենք Աֆղանստանում՝ որպես ռազմական թարգմանիչներ: Եվ բնականաբար, բազմաթիվ լավ ու վատ օրեր ենք միասին անցկացրել: Արայի լուսահոգի հայրն ինձ ընդունում էր ինչպես սեփական որդուն: Մեր ընտանիքները ևս շատ մտերիմ են: Չնայած հեռավորությանը՝ մեր երեխաները և կանայք կապի ժամանակակից միջոցներն օգատգործելով  մշտապես շփման մեջ են: Մեր ընկերությունը վերածվել է բարեկամության. ես Արայի երեխաների քավորն եմ:

-Ինչպիսի ՞ հիշարժան դեպք կհիշեք Ձեր և Պապյանի կյանքից:

-Մեր կյանքի ամենահետաքրքիր, թեկուզև բարդ ու ծանր տարիները եղել են Աֆղանստանում ծառայության տարիները: Հիշարժան դեպքեր շատ են եղել, նշեմ դրանցից մեկը: Մենք այնքան մտերիմ էինք, որ երբ ես Աֆղանստանում էի, իմ փոխարեն Տյառնըդառաջի տոնին իմ նշանածի տուն Արան գնաց:

-Ի՞նչ է հարկավոր ընկերությունն ամուր պահելու համար:

-Գաղափարապես և բնավորությամբ ընդհանուր գծեր են պետք, որպեսզի ընկերությունը կայուն լինի: Երկուսս էլ խիստ հայրենասեր ենք եղել փոքր տարիքից սկսած: Ես մշտապես շատ եմ ոգեշնչվել Արայի գաղափարներով:  Մեր ընկերությանը բնորոշ է ազնվությունը, անկեղծությունը:

-Դուք ի՞նչ կասեք, պարոն Պապյան:

-Ընկերության մեջ ամենակարևորը վստահությունն է:

-Պար՛ոն Գևորգյան, արդյո՞ք պաշտոնը փոխել է Ձեր ընկերոջը:

-Բացարձակապես: Մեր հարաբերությունների մեջ երբևէ ոչինչ չի փոխվել: Մանկուց միասին մեծանալով, համալսարանում ուսանելով,ապա նեղ օրերին գնդակոծության տակ կիսաքաղցած օրեր անցկացնելով շատ բաներ ենք միասին հաղթահարել և չեմ կարծում, որ ինչ-որ բան մեր հարաբերությունները կկարողան փոխել:

-Ձեր կյանքի ամենամեծ ամոթի զգացումը ե՞րբ և ինչու՞ եք ապրել:

- Չեմ կարողանում կոնկրետ դեպք մտաբերել: Եղել են՝ կենցաղային դեպքերի հետ կապված… Բայց կարող եմ ասել, որ այնպիսի լուրջ սխալ արարքներ չեմ արել, որոնց համար ամաչեմ:

-Ո՞րն է ամենալավ նվերը, որ տվել և ստացել եք:

-Նյութական առումով չեմ կարողանում հիշել: Ընդհանրապես, ինձ համար ամենամեծ նվերը մարդկային հարաբերություններն են: Վերջերս Աշոտի 55-ամյակն էինք տոնում Աղվերանում ՝ընկերներով ու ընտանիքներով: Հարցն այստեղ այն չէր, թե ինչ նվիրեցինք, այլ այն հարաբերությունները, շփումները՝ միասին ուրախանալը, ուտել-խմելը, պարելը… Հենց դա է ամենակարևորը: 

-Եթե միայն մի երազանքի համար կախարդական փայտիկ ունենայիք, ինչի՞ համար այն կօգտագործեիք:

-Էլի մասնագիտության հետ կապված պետք է ասեմ: Հիմա զբաղվում եմ Վիլսոնի իրավարար վճռով և որպեսզի կարողանանք այն միջազգային դատարան տանել, իրավաբաններ վարձել, անհրաժեշտ են 4-5 տարի և  4-5 միլիոն դոլար: Այդ գումարը կուզենայի, որ այդ կարևոր գործն անեի: Կուզենայի, որ հայտնվեր մեկը, ով պատրաստ կլիներ հինգ տարում հինգ միլիոն դոլար տրամադրել այդ գործի համար, որը ենթադրում է Հայաստանի հողային իրավունքները միջազգային դատարանում բարձրացնելու հնարավորություն:

 

 

Նյութը պատրաստեցին՝ 

Մարիամ Մելքումյանը

Անուշ Մուրադյանը

Խաչատուր Էլլոյանը 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին