Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ հենց նրանք նշանակվեցին նախարարների պաշտոնում (լուսանկարներ)

25 Սեպտեմբեր, 2016 11:00
Ինչու՞ հենց նրանք նշանակվեցին նախարարների պաշտոնում (լուսանկարներ)

Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի պաշտոնում իր գործունեությունը սկսեց կառավարության կազմի փոփոխմամբ: Դատելով նշանակված նախարարների գործունեությունից և փորձից՝ Կարապետյանը ձևավորում է տեխնոկրատների կառավարություն՝ նախարարական պորտֆելները վստահելով իրենց ոլորտում պրոֆեսիոնալների:

Առողջապահության նախարար Արման Մուրադյանին փոխարինեց մասնագիտությամբ բժիշ-անեսթեզիոլոգ, «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը: Առողջապահության նախորդ նախարարը թեև աչքի էր ընկնում իր մասնագիտական բարձր մակարդակով իր տեղը զիջեց ոչ միայն ոչ պակաս որակավորմամբ մասնագետի, այլև բիզնես մտածողության տեր մասնագետի, ով, հավելենք, հանդիսանում  է նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ: Ինչպես իր հարցազրույցներից մեկում էր Ալթունյանը նշել, նա իրեն զգում է մենեջեր, կառավարիչ-կազմակերպիչ:  

Նախարարի նման հատկանիշները, տեսականորեն անհրաժեշտ են ոլորտի բարեփոխմանն ուղղված նոր մոտեցումների կիրառման համար, մնում է գործնականում տեսնել զգալի փոփոխություններ: Կառավարության վերջին նիստին Ալթունյանի զեկույցից հետո վարչապետը հայտնեց որ եղած ֆինանսական ոչ մեծ միջոցներով պետք է ոլորտը բարեփոխել, որի առնչությամբ նախարարը նիստից հետո նշել էր. «Մենք ունենք առողջապահության համար նախատեսված գումար, ես պետք է արդյունավետությունը այդ գումարներով բարձրացնեմ»: Նման հարցերի լուծման գործում կարևոր է ոչ միայն նախարարի մասնագիտական որակավորումը, այլև նրա կամակերպչական հմտությունները, որոնց մասով նոր նախարարը բավակաչափ փորձ ունի: թերևս այս հանգամանքներով է պայմանավորված Առողջապահության նախարարի պորտֆելի հանձնումը Ալթունյանին:

Մշակույթի նորանշանակ նախարարը ևս իր ոլորտում կարևորում է գործարար միջավայրի ներդրումը և զարգացումը: Արմեն Ամիրյանը մեծ փորձ ունի և մասանագիտական երկար ճանապարհ է անցել, ինչը թերևս առաջնային պայման է իր կողմից ստանձնած պաշտոնում աշխատելու համար: Նրա՝ մշակույթի  նախարար նշանակվելու առթիվ մամուլում տեղ գտած դրական կարծիքներից կարելի է եզրակացնել, որ նա հայ իրականության մեջ ընկալվում է որպես հասարարակական-մշակութային գործիչ, որին հասարակությունը գնահատում է:  Մնում է նորանշանակ նախարարն արդարացնի իր հետ կապված հույսերը:

Գյուղնախարարի պաշտոնը Հովիկ Աբրահամյանի «կադր» Սերգո Կարապետյանից անցավ Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Իգնատի Առաքելյանին: Նախկին նախարարի օրոք գյուղատնտեսության ոլորտում կատարված արմատական դրական փոփոխությունները դժվար է հիշելը, փոխարենը կարելի է մտաբերել հասարակության կողմից ոչ միանշանակորեն ընդունված փաստը, որ Կարապետյանը ԲՈՒՀ ընդունվել էր 31 տարեկանում: Հանձինս գյուղատնտեսության նորանշանակ նախարարի, ինչպես նախորդ նախարարների պարագայում, կրկին տեսնում ենք գործարար մտածողության և փորձի տեր մարդու: 

Էկոնամիկայի նոր նախարար նշանակվեց Սուրեն Կարայանը, ով մասնագիտական մեծ փորձ է կուտակել` 90-ականների վերջից աշխատելով Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում, որտեղ տարբեր պաշտոններ է զբաղեցրել, ապա եղել ֆինանսների նախարարի տեղակալ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ: Կարայանը փոխարինեց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին, ով իր պաշտոնը ստացել էր ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության շրջանակներում: Չնայած այն հանգամանքին, որ Մինասյանը տնտեսագետ-իրավաբան է, նա նշանակվեց իր մասնագիտության հետ որևէ կապ չունեցող պաշտոնում:

Կառավարության նիստերից ակնհայտ էր մի բան՝ Կարեն Կարապետյանը չէր ցանկանում լուրջ կառույցի ղեկավարի դերում տեսնել այժմյան բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին:

Թերևս վերանշանակված նախարարներից արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի և ԱԻՆ Արմեն Երիցյանի պրոֆեսիոնալիզմը, մասնագիտական անցած ուղին և որոշակի առումով «սպիտակ» լինելու հանգամանքն էր պատճառը, որ վարչապետն ընդգրկեց նրանց իր կազմում: Նույն կարելի է ասել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի մասին: Նա նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմի անդամ էր, սակայն  բազմամյա փորձն ու ճիշտ աշխատանքը ստիպեցին, որ նա մնա այդ պաշտոնին:

Գործադիրի նոր անդամներին մեկ հանգամանք է միավորում.  նրանց անունները  չեն կապվում մութ պատմությունների հետ, ինչպես նախորդների պարագայում էր:

Այս ամենի համատեքստում անհասկանալի է մնում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի և սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի վերանշանակումները: Սա Արտեմ Ասատրյանի թվով երրորդ նշանակումն էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում: Չնայած Ասատրյանի հարուստ աշխատանքային գործունեությանը, սոցիալական հարցերը Հայաստանում մնում են ամենախոցելիների շարքում և ոլորտում բարեփոխումների բացակայությունը կասկածի տակ է դնում այս նախարարի աշխատանքի արդյունավետությունը:

Հրանուշ Հակոբյանի համար սփյուռքի նախարարի պաշտոնում վերջին վերանշանակումը թվով չորրորդն էր: Հակոբյանի աշխատանքը ևս ոլորտի զարգացման մեջ ակներև արդյունքներ չեն գրանցվել: Սակայն թե՛ Ասատրյանի և թե՛ Հակոբյանի պարագայում պետք է նշենք նրանց աշխատանքային մեծ փորձը, որը, թերևս, նկատի ունենալով է, որ վարչապետը որոշել է վերանշանակել այս գործիչներին իրենց պաշտոններում:

Աշխատանքային մեծ փորձ ասվածն ինչ-որ տեղ հարաբերական է, քանի որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Հրանուշ Հակոբյանը համար բարեխոսել էր Տաշիր Գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը, ով լավ հարաբերությունների մեջ է վարչապետ Կարեն Կարապետյանի  հետ:  

 

 

Լրահոս

Դիտել ավելին