Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476,5
    480,5

  • EUR

    558
    566

  • RUB

    7,95
    8,2

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

ԲՀԿ նախկին գործընկերներիս հետ շարունակում եմ պահպանել մարդկային հարաբերություններ. Շաբաթը Էլինար Վարդանյանի հետ (լուսանկարներ)

25 Սեպտեմբեր, 2016 13:36
ԲՀԿ նախկին գործընկերներիս հետ շարունակում եմ պահպանել մարդկային հարաբերություններ. Շաբաթը Էլինար Վարդանյանի հետ  (լուսանկարներ)
Shabat.amշարունակում է իր «Շաբաթը՝քաղաքական գործչի հետ» խորագիրը, որի շրջանակներում փորձելու ենք ներկայացնել մեր քաղաքական գործիչներին մի փոքր այլ տեսանկյունից, զրուցել նրանց հետ քաղաքականությունից դուրս այլ թեմաներից ևս: Մեր հյուրն այս անգամ ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանն է, ում հետ հանդիպել ենք Կասկադ համալիրում, զբոսնել ու ծանոթացել նրա երեխաների՝ Մագայի ու Միկայի հետ:

Երբ Ձեզ հեռացրին ԲՀԿ-ից, ինչպե՞ս տարաք այդ փաստը: Այդ ընթացքում արդեն համագործակցո՞ւմ էիք «Համախմբման» հետ: Ի՞նչ հարաբերություններ ունեք հիմա Ձեր նախկին կուսակիցների հետ:
 
Երբ ինձ հեռացրին ԲՀԿ-ից, «Համախմբում» կուսակցություն, որպես այդպիսին, դեռ չկար, բայց, բնականաբար, ես շատ մտերիմ հարաբերությունների մեջ էի իմ այժմյան կուսակից ընկերների հետ: ԲՀԿ անդամ նախկին գործընկերներիս հետ ես շարունակում եմ պահպանել գործընկերային և մարդկային հարաբերություններ: Համարում եմ, որ կյանքում շատ ավելի կարևոր են մարդկային հարաբերությունները: Քաղաքական և մնացած այլ կարևորությունները երկրորդական են մարդկային հարաբերությունների հետ համամեմատած: Ես շարունակում եմ շատ ավելի կարևորել մարդկային գործոնը:
 
 
Հիմա ինչպե՞ս եք Ձեզ զգում «Համախմբման» փոխնախագահի դերում: Որո՞նք են կուսակցություն ղեկավարելու բարդությունները:
 
Բարդություններ առայժմ չկան, որովհետև «Համախմբումն» ավելի շատ կոլեգիալության սկզբունքով ղեկավարվող կուսակցություն է: Շատ կուզեի, որ երբևէ ականտես լինեք մեր վարչության նիտերին. այնտեղ հնչում են բազմապիսի՝ իրար հակասող, իրարամերժ կարծիքներ և ահա այդ կարծիքների բախման արդյունքում էլ մենք կարողանում ենք, ի վերջո, կայացնել որոշում: «Համախմբումը» դրանով տարբերվում է շատ-շատ կուսակցություններից: Եվ քանի որ այստեղ հավաքված են իրականում անկեղծ և իրականում անկեղծորեն գաղափարի շուրջ հավաքված մարդիկ, թերևս, բարդությունները հաղթահարվում են:
 
 
Ժամանակին ԲՀԿ-ն էր համարվում Ռոբերտ Քոչարյանի պրոեկտը, հիմա նրա անվան հետ է կրկին կապվում «Համախմբումը» : Սա ճակատագրի հեգնա՞նք է, ի վերջո ի՞նչ կապ կա այդ կուսակցությունների ու Քոչարյանի միջև:
 
Ժամանակին ԲՀԿ-ն էր համարվում Քոչարյանի պրոեկտ, հետո ժամանակներն անցան և խոսակցությունները դադարեցին՝ այդպես էլ արմատական հիմք չունենալով: Հիմա նույնպիսի խոսակցություններ շարունակվում են: Այդ հարցը կուսակցության հիմնադրումից ի վեր այնքան է հնչել, որ կարծում եմ՝ ևս մեկ անգամ դրան անդրադառնալ, թերևս, տեղին չէ: Բայց մի բան ակնհայտ է՝ մենք ցանկացած ազնիվ մղման հետևում փորձում ենք ինչ-որ բան փնտրել: Եվ այնպես է ստացվում, որ շատ հաճախ դա այդպես էլ չի արդարացվում և գոնե պատմությունը ցույց է տալիս դա:
 
 
Ինչպե՞ս են անցնում Ձեր հանգստյան օրերը, կա՞ մի բան, որ պարտադիր է Ձեր առօրյայում աշխատանքային ժամերից հետո:
 
Աշխատանքային ժամերն այնքան էլ կարգավորված չեն և երբեմն դրանք կարող են շատ ավելի երկար տևել, քան կարելի է ակնկալել: Երեխաների դասերը և պարապմունքները ևս շատ ուշ են ավարտվում և ընտանիքով տանը հավաքվում ենք ուշ երեկոյան: Առաջին խնդիրն, իհարկե, այն է, որ պետք է հասցնել ընտանիքին կերակրել՝ ծանր աշխատանքային օրվան հաջորդում է ծանր խոհանոցային երեկոն, որից հետո արդեն հաջորդ օրվա ենք պատրաստվում: Հանգստյան օրերը ևս պարապմունքային են լինում երեխաների համար՝ թենիս, պար, գիմնաստիկա և էլի պտտվում ենք: Բայց նույնիսկ այդ դեպքում, երբ օրն անցկացնում ես ընտանիքի, երեխաների հետ, դա արդեն հոգեկան մեծ բավարարվածություն է:
 
 
Ո՞րն է եղել ամենահետաքրքիր հարցը, որ երբևէ տվել են Ձեզ Ձեր երեխաները:
 
Այսօրվա սերունդը շատ ավելի արագ է զարգանում: Իրենք շատ ավելի արագ են հասկանում, գիտակցում այն ամենը, ինչ մենք գիտակցել ենք ավելի մեծ տարիքում: Աղջիկս 8 տարեկանում հաճախ իրեն պահում է այնպես, ինչպես մենք պահում էինք 14-15 տարեկանում, երբ արդեն առկա էին երեխաներ և ծնողներ փոքրիկ հակասությունները: Մեզ մոտ արդեն այս տարիքում այդ ամենը ակնկառու է: Տղաս դեռ փոքր է է և իր հարցերն ավելի ընդհանուր են, բայց աղջկաս հարցերը տրվում են՝ պատասխաններն իմանալով հանդերձ: Նա կարծես փորձում է՝ հասկանալու թե ես ազնիվ կպատասխանեմ իրեն թե՞ կփորձեմ ինչ-որ բաներ թաքցնել:
 
 
Իսկ ինչո՞վ են զբաղվում Մագան և Միկան, ի՞նչ հետաքրքրություններ ունեն:
 
Մագան 3-րդ դասարան է արդեն, Միկան մանկապարտեզի վերջին տարքային խմբում է, հաջորդ տարի ևս դպրոցական կլինի: Տղաս զբաղվում է գիմնաստիկայով, իր հետ այլ որևէ բան չենք հասցնում: Աղջիկս հաճախում է թենիսի, պարի, շախմատի: Իհարկե, ժամանակի հետ նախասիրությունները փոխվում են: Ես չեմ ակնկալում, որ նա կդառնա պրոֆեսիոնալ պարուհի, թենիսիստ կամ շախմատիստ, բայց, ամեն դեպքում, այս պահին այդ ոլորտներն են, որ իրեն հետաքրքրում են, մենք էլ փորձում ենք աջակցել, որպեսզի բավարարի հետաքրքրությունները: Ինչ կստացվի, ժամանակը ցույց կտա:
 
 
 
Դուք ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն եք: Գախտնիք չէ, որ հենց խորհրդարանում Ձեր գործընկերների մեջ կան այնպիսիք, ովքեր մարդու իրավունքները այս կամ այն կերպ խախտում են, ինչպե՞ս եք աշխատում նրանց հետ: Ի՞նչ կուզեիք փոխել խորհրդարանում:
 
Ես, անկեղծ ասած, շատ կուզեի, որ հաջորդ խորհրդականը լիներ այլ որակի խորհրդարան: Ես չեմ ուզում առանձնացնել առանձին պատգամավորների, գործիչների, բայց ուզում եմ, որպեսզի խորհրդարանը իրականում ծառայի իր նպատակին և չլինի ՝ կոճակ սեղմելու համար կոչված խորհրդարան՝ ինչպես հաճախ անվանում ենք: Այո՛, պատգամավորների շրջանում կան ոմանք, ովքեր առաձին դեպքերում հենց խախտում են մարդու իրավունքները: Ես առանց վարանելու անդրադառնում եմ նաև այդ խնդիրներին, բայց, ցավոք սրտի, եթե երկրի օրենսդիր մարմինը հենց օրինակ չէ հասարակության համար, այդ դեպքում ակնկալել որ հասարակության մեջ այլ մոտեցումներ կլինեն մարդու իրավունքներին, միամտություն է:
 
 
Խորհրդարանում ունե՞ք ընկերուհիներ, կա՞ այդ կանացի սոլիդարությունը: Ո՞ւմ կարող եք համարել Ձեր ընկերը:
 
Ինձ համար ընկերուհի և ընկեր կոչվելու համար անհրաժեշտ է բացառիկ մտերմություն: Ես կարող եմ անվանել մարդկանց գործընկերներ և, բնականաբար, պահպանել հնարավորինս ազնիվ գործընկերային հարաբերություններ, բայց որպեսզի մարդուն համարեմ լավ ընկեր, ինքը պիտի լինի ինձ համար ստեղծված շրջանակի ներսում: Ես ունեմ բազմաթիվ գործընկերներ, բայց շատ քիչ ընկերներ: Խորհրդարանում ես ունեմ շատ մոտ ընկերներ, ովքեր այսօր իմ կուսակիցներն են և մինչ կուսացկություն ստեղծելը մենք արդեն շատ մոտ ընկերներ էիք: Իսկ կանանց հետ բացառապես գործընկերային հարաբերություններ են, որոնք խարիսխված են հարգանքի վրա: Ես կարող եմ ցանկացած հարցում լինել իրենց աջակից և նաև դիմել իրենց ցանկացած հարցով: Շատ բարձր եմ գնահատում խորհրդարանում գտնվող կանանցից յուրաքանչյուրի դերը, որովհետև նրանցից յուրաքանչյուրը որոշակի ոլորտում տիրապետում է որոշակի ունակությունների և դա, կարծես թե, փոխլրացնում է միմյանց աշխատանքը:
 
 
Ի՞նչն է Ձեզ ամենից շատ երջանկացնում և կյանքում ինչի՞ համար եք ամենից շատ շնորհակալ:
 
Ես, իհարկե, երջանիկ եմ, որ ունեմ սիրող և սիրված ընտանիք, հավատարիմ ընկերներ, բայց որպեսզի լիարժեք երջանկության մասին հնարավոր լինի խոսել, այդ երջանկությունը պետք է համահունչ լինի հասարակության երջանկությանը: Ցավոք, շատ դժվար է քեզ համարել երջանիկ, երբ քո շրջապատում կան բազմաթիվ խնդիրներ ունեցող մարդիկ: Հետևաբար, եթե փոքր երջակությունից վերանանք, ավելի մեծ երջակության պակաս կա: Դժվար է պարզապես երջանիկ լինե քո ընտանիքով, երբ մեկ այլ ընտանիքում խնդիր կա երեխաների հետ, երբ մեկ ուրիշը առողջական խնդիրներ ունի և չի կարողանում այդ խնդիրները լուծել բավարար միջոցներ չունենալու պատճառով, երբ մեկ ուրիշի երեխան պարզապես դպրոց չի հաճախում, որովհետև անհրաժեշտ պարագաներ չունի:
 
 
Ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր ամուսնու հետ: Ինչպես է նա վերաբերվում Ձեր գործունեությանը, զբաղվածությունը չի՞ խանգարում հարաբերություններին:
 
Ես, անկեղծ ասած, անչափ շնորհակալ եմ իմ ամուսնուն, որովհետև նա ըմբռնումով է մոտենում իմ աշխատանքին: Եվ շատ հաճախ, երբ առանձին դեպքերում, հարաբերություններում էմոցիաները պարզապես խեղդում են, իմ ամուսինն այդ պահին ամենալավ հանդարտեցնողն ու խորհուրդներ տվողն է: Ամուսնուս հետ ծանոթացել ենք, ես կասեի, սովորական: Ունեինք ընդհանուր ծանոթենր, իրենք, ինձ թվում է, ունեին հետին միքտ, որ մեզ կարելի է ծանոթացնել: Երբ ծանոթացանք, ամուսինս ապրում էր Մոսկվայում, շուրջ 10 տարի աշխատում էր իր մասնագիտությամբ, նա բժիշկ է: Ես Հայաստանում էի, սկզբում շփումը ինտերնատային էր՝ նոր դարի շփում (ժպտում է): Առաջին հանդիպումը Սանկտ Պետերբուրգում է տեղի ունեցել: Կարծում եմ, որ Սանկտ Պետերբուրգը նաև մեծ ազդեցություն ունեցավ՝ իզուր չեն ասում, որ սիրահարների քաղաք է: Այդպես սկսվեց մեր սիրո պատմությունը և ավարտվեց նրանով, որ ամուսինս թողեց Մոսկվայում ամեն ինչ և հետ վերադարավ Հայաստան ու այստեղ տեղծեցինք ընտանիք: Ավելին՝ Հայաստան վերադառնալուց մի քանի ամիս անց, Երևանից մեկնեց ԼՂ՝ զինվորական ծառայության, երկու տարի հոսիպտալում աշխատեց որպես բժիշկ: Իր համար այդ անցումն անսպասելի էր՝ Մոսկվայից Երևան, Երևանից Ղարաբաղ, բայց, կարծում եմ, որ դա շատ օգնեց ավելի ամուր ու փոխըմբռնումով ընտանիք ստեղծելու համար: Եթե կարելի է այդպես անվանել, ես ունեմ իմ ներդրումը հայրենադարձության գործում (ծիծաղում է):
 
 
Ո՞րն է եղել ամենակարևոր խորհուրդը, որ Դուք ստացել ու փոխանցել եք երբև:
 
Մի անգամ իմ շատ մտերիմ մարդկանցից մեկն ինձ ասաց՝ «փոքր մարդկանց փոքր գործերն արժանի չեն, որպեսզի պղտորեն քո կյանքը»: Եվ առանձին դեպքերում դա, իրականում, օգնում է, հակառակ դեպքում և՛ միջանձային հարաբերություններում, և՛ աշխատանքային հարաբերություններում շատ հաճախ «փոքր մարդկանց փոքր գործերը» կարող են ստիպել չարանալ մարդկության, աշխարհի հանդեպ: Ես փորձում եմ այդ նույն բանը փոխանցել իմ երեխաներին, որովհետև ժամանակներն այնպիսին են, որ եթե այն չարությունը, որ կա շրջապատում, նաև քո մեջ նստի, շատ բարդ կլինի և՛ քեզ համար, և՛ շրջապատի համար:
 
 
Երբ ավարտում էիք Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտը՝ իրավագետ-փորձագետի որակավորմամբ, ինչի՞ մասին էին Ձեր երազանքները ու հիմա ինչի՞ մասին եք երազում:
 
Երբ ավարտում էի, երազում էի աշխատել իրավական ոլորտում: Մտածում էի, որ միգուցե մի օր նաև դատավոր կաշխատեմ, որովհետև ցանկացած իրավագետ ուսանողի թվում է, թե դա արդարադատության կայացման կարևորագույն գործիքն է: Բայց երբ որպես փաստաբան սկսեցի ռոմանտիզմով լեցուն մուտք գործել արդարատության ոլորտ, առաջին բանը, որ որոշեցի դա այն էր, որ երբեք դատավոր չեմ աշխատելու: Բայց երազանքս, որ այն ժամանակվանից եղել և ժամանակի ընթացքում վերածվել է նպատակի՝ արդարադատության պակասի վերացումն ու արդարադատության ոլորտի կայացումն է Հայաստանում: Ամենօրյա աշխատանքում պետք է փոքր-փոքր քայլերով թեկուզ փորձել հասնել դրան: Բայց նաև հասկանում եմ, որ մենք ախր հապաղելու տեղ չունենք և հոգու խորքում գիտակցում եմ, որ միգուցե պետք է ավելի խոշոր քայլ անել ու, ի վերջո, կտրել այդ խնդիրն, անցնել առաջ:
 
 
Ձեր ո՞ր հատկանիշի համար եք հպարտ ու ի՞նչ կուզեիք փոխել:
 
Ես իմ տեսակով պայքարող մարդ եմ: Դա և՛ օգնում է, և՛ խանգարում: Կուզեի փոխել բավականին էմոցիոնալ լինելս և ցանկացած իրադարձություն սրտին մոտ ընդունելը: Թերևս, դժվար է ասել՝ դա էլ լավ է, թե՞ վատ, որովհետև և՛ խանգարում է, և՛ օգնում:
 
 
3 առանձին մշտական հարցեր
 
Ի՞նչ կփոխեիք ամենաառաջինը մեր երկրում, եթե մեկ օրով լինեիք ղեկավար:
 
Շատ բան կփոխեի, բայց, կարծում եմ, մեկ օրվա ընթացքում այդ ամենը փոխել հնարավոր չէր լինի: Մյուս կողմից՝ կարծում եմ, որ եթե լիներ բավարար կամք, պարզապես կարելի է մեկ-երկու տարվա ընթացքում կատարել բոլոր անհրաժեշտ փոփոխությունները, որպեսզի երկիրը դրվի ճիշտ ռելսերի վրա:
 
Կյանքի ամենամեծ ձախողումը:
 
Ես երկար եմ մտածել՝ ունե՞մ իմ կյանքում ձախողումներ, պարտություններ և հասկացել եմ, որ այո՛: Թեկուզ բոլորովին վերջերս՝ հուլիսին, երբ հավաքի ազատ մասնակիցների նկտամամբ կիրառվում էր բռնի ուժ, մարդու իրավունքների կոպիտ խախտում, ես հասկացա, որ դա իմ պարտությունն է: Ես հասկացա, որ 10-15 րոպեի ընթացքում կարելի է պարզապես գետնին հավասարեցնել այն ամենը, ինչի համար դու պայքարում ես: Վստահեցնում եմ, որ յուրաքանչյուր այդպիսի դեպք իմ ամենամեծ պարտությունն է, և ես շատ ծանր եմ տանում այդ պարտությունը: Պարզապես պայքարելու ունակությունն է հնարավորություն տալիս հաղթահարել այդ պարտությունները:
 
Ի՞նչ գերբնական ուժով կուզեիք օժտված լինել:
 
Չեմ մտածել, անկեղծ ասած (ծիծաղում է), բայց կուզենայի հնարավորութուն ունենալ մարդկանց ներշնչել իրենց ուժերին հավատալու ընդունակությունը:
 
 
 
Կարինա Սահակյան
 
Տաթև Այվազյան
 
Խաչատուր Էլլոյան
 
 

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին