Կարևոր իրադարձություններ

Չեմ հավակնում համարելու, որ լավագույնն եմ, ով կարող էր ստանձնել նախարարի պաշտոնը. Շաբաթը Արփինե Հովհաննիսյանի հետ (լուսանկարներ)

04 Սեպտեմբեր, 2016 12:27
Չեմ հավակնում համարելու, որ լավագույնն եմ, ով կարող էր ստանձնել նախարարի պաշտոնը. Շաբաթը Արփինե Հովհաննիսյանի հետ (լուսանկարներ)

Shabat.am-ը շարունակում է իր «Շաբաթը՝քաղաքական գործչի հետ» խորագիրը, որի շրջանակներում փորձելու ենք ներկայացնել մեր քաղաքական գործիչներին մի փոքր այլ տեսանկյունից, զրուցել նրանց հետ քաղաքականությունից  դուրս  այլ  թեմաներից ևս:

Մեր հյուրն այս անգամ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն  է, ով հանդիպմանը եկել էր իր կրստեր քրոջ՝ Լիա Հովհաննիսյանի հետ: Նախարարը, քրոջ խոսքով, ընտանիքում շատ հոգատար է, բարի, շատ նուրբ հոգի ունի ու միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնել: Թեև քույրերի միջև տարիքային տարբերությունը կազմում է գրեթե 8 տարի, բայց նրանք ընկերուհիներ են՝ չկա թեմա, որ չքննարկեն: Լիան ևս մասնագիտությամբ իրավաբան է, ավելին՝ նրան դասավանդել է հենց քույրը:

 

-Տիկին նախարար, Դուք, կարելի է ասել«Սառցե թագուհու» կերպարի հետ եք ասոցացվում. մշտապես լուրջ եք, կարելի էասել՝ խիստ: Պաշտո՞նն է թելադրում իրկանոնները, թե՞ բնավորության մեջ գերակշռում են իսկապես այդ գծերը:

-Առաջին անգամ են ինձ նման բնորոշում տալիս, թեև, բնավորությանս խիստ լինելու մասին կարող են վկայել տարբեր մարդիկ: Բնավորությունս բավականաչափ խիստ է: Պահանջկոտ եմ թե՛ իմ նկատմամբ, թե՛ դիմացինների նկատմամբ: Իրականությանը համապատասխանում է այդ խիստ կերպարը, բայց դա բոլորովին չի խանգարում մարդկային անմիջական շփմանը: Ուսանողներս, աշխատակիցներս կվկայեն այդ մասին: Պահանջկոտությունը սկսվում է ինձնից և տարածվում նրանց նկատմամբ: Բնորոշմանն այդքան չեմ համաձայնվի, որովհետև «Սառցե թագուհու» կերպարին բնութագրական են ոչ թե խիստ կամ լուրջ լինելը, այլ մարդամոտության կամ մարդկային հատկանիշների, էմոցիաների բացակայությունը: Ինքս ինձ չեմ բնութագրի այդ տեսանկյունից: Երբ մարդիկ քեզ չեն ճանաչում, բավականին հեշտ է տալ տարբեր բնութագրություններ և այդ տարբեր բնութագրությունները կարող են քեզ համապատասխանել ամբողջությամբ կամ ոչ այնքան, բայց փաստ է՝ չես կարող բոլորին ամեն ինչ ապացուցել: Թերևս՝ պետք էլ չէ:

-Ինչպե՞ս եք սովորաբար կազմակերպում հանգստյան օրերը: Կա՞ մի բան, որ պարտադիր է Ձեր առօրյայում աշխատանքային ժամերից հետո:

-Հատկապես վերջին շրջանում ինձ մոտ բավական բարդ է ստացվում աշխատանքային ժամերից հետո որևէ բան կազմակերպելը, որովհետև աշխատանքային գրաֆիկը չնորմավորված է և ամենևին չի ավարտում 6-ին կամ 7-ին, այլ լավագույն դեպքում՝ 9-ին կամ 10-ին: Պետք է հասցնել աշխատաքային պարտականությունները, այսօրվա գործը վաղվան չթողնել, որովհետև այդ գործը ամենօրյա բնույթ է կրում: Հանգստյան օրերին, իսկ դա սովորաբար լինում է միայն կիրակի օրը, պարտադիր ծրագրի մեջ մտնում է մի շարք սրահներ այցելելը: Դա միակ օրն է և նույնիսկ օրվա մի քանի ժամը, որ կարող եմ ինձ հատկացնել, ինչ-որ գործեր փորձել հասցնել տան հետ կապված: Պարտադիր ծրագրի մեջ է մտնում մայրիկիս կամ քրոջս հետ որևէ տեղ այցելելը, որովհետև իրենք էլ գիտեն,  որ երկուշաբթիից շաբաթ օրերին ինձ վրա հույս դնելը լավագույն ձեռնարկը չէ, քանի որ կարող է ուղղակի կես ժամ առաջ զանգահարեմ ու ասեմ, որ խորհրդակցության եմ մտնում: Դրա համար իրենք էլ ավելի հակված են գործերը կիրակի օրերին կազմակերպել:

-Ձեզ մշտապես տեսնում ենք խնամված, գեղեցիկ տեսքով, կառավարության նիստերին մշտապես վառ գույների մեջ եք: Ինքնուրո՞ւյն եք ընտրում Ձեր կերպարները, թե՞ կան մասնագետներ, ովքեր աշխատում են Ձեր ոճի վրա:

-Իմ կերպարների և ոճի վրա աշխատող որևէ մեկը չկա: Անկեղծ ասած, ես նույնիսկ դրա ժամանակը  չեմ կարող ունենալ: Չեմ ուզում դրական կամ բացասական բնութագրել մասնագետի հետ խորհրդակցելը, բայց կարող եմ հավաստիացնել, որ որևէ մեկը ինձ չի օգնում: Ես ինքս վառ կերպարների սիրահար եմ՝ իհարկե, որքանով դա կարող է համադրվել պաշտոնի, տարիքի, կոնկրետ միջավայրի և այն իրադարձության հետ, որին դու մասնակցում ես: Այսինքն՝ այդ ամենը փորձ է արվում համադրել՝ եթե ստացվում է, լավ, եթե չի ստացվում, դա էլ է բնական:

-Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք Ձեր մայրիկի հետ՝ մայր ու աղջիկ, թե՞ ընկերուհիներ: Դժվար չէ ՞միևնույն համակարգում աշխատելը:

-Միևնույն համակարգում չենք աշխատում. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ստորաբաժանումները արդարադատության նախարարության ենթակայության տակ չեն, այլ քաղաքապետարանի և նշանակումն ու ազատումն էլ կատարավում է քաղաքապետի, համայնքի ղեկավարների կողմից, բայց, բնականաբար, արդարադատության նախարարությունը՝ որպես այդ ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմին, ունի որոշակի լիազորություններ: Տարիների ընթացքում մեր  հարաբերությունները պահպանել են որոշակի կայունություն՝ կորիզի տեսանկյունից, բայց որոշակի փոփոխությունների ևս ենթարկվել են՝ թե՛ իմ աշխատանքի բնույթով, թե՛ որոշակի այլ հանգամանքներով պայմանավորված: Կարող եմ ասել, որ ավելի շատ ընկերուհիներ ենք, որովհետև ես համարում եմ, որ մայրն ամենասրտացավը կարող է վերաբերվել այն խնդիրներին, որոնք ունի իր դուստրը:  Դու կարող ես մինչև վերջ ազնիվ ու անկեղծ լինել՝ չմտածելով թիկունքից հնարավոր հարվածների մասին: Եվ դրա համար եթե խորհրդի կարիք ունեմ կամ անգամ ուզում եմ բարձրաձայն մտածել, մայրիկիս հետ եմ կիսվում:

Բայց, բնականաբար, աշխատանքային գործունեությամբ պայմանավորված, ես նաև աշխատում եմ տուն չբերել աշխատանքային հոգսերս ու մի շարք խնդիրներ, որոնք տանը քննարկելու ենթակա չեն  և պիտի աշխատավայրում մնան: Հաճախ բանավիճում ենք շատ հարցերի շուրջ՝ իր մոտեցումները տարբերվում են իմ մոտեցումներից: Մայրիկս իմ ամենամեծ քննադատն է, որևէ մեկը ինձ այնքան սուր կամ բաց չի կարող քննադատել , որքան նա: Նա միշտ որևէ իրավիճակում  ավելի հակված է ինձ տեսնել  «մեղավորի»  կարգավիճակում , քան դիմացինիս՝ փորձելով առաջին հերթին իմ մեջ տեսնել սխալը: Հաճախ նույնիսկ  վիրավորվում եմ, ասում եմ՝ «մա՛մ, բայց այս իրավիճակում հաստատ ես ոչ մի բանում մեղավոր չէի», ասում է՝ «այ, դու որ էսպես անեիր…»: Կարծում եմ, որ հաճախ նա ոչ թե իրականում մտածում է, որ ես ինձ սխալ եմ պահել, այլ  դա ուղղված է զգոնությանն ու սթափությանը: Կարծես ինչ-որ մեկը զանգակի պես միշտ կողքիցդ ասի՝ «զգույշ եղիր, այստեղ դու կարող ես սխալ լինել»:  Ինքս  էլ չափազանց ինքնաքննադատ եմ՝ շատ լավ գիտեմ թե՛ իմ բացթողումները, թե՛ թերությունները: Ես հայելու առաջ երբեք ինքս ինձ սուտ չեմ ասում, սա ամենակարևորն է, որովհետև եթե դու ինքդ քեզ ես սկսում խաբել, արդեն լրջագույն խնդիրներ ես ունենում հետագա ճանապարհդ շարունակելու և հաջողելու հարցում: 

-Երբ նոր էիք նշանակվել արդարադատության նախարարի պաշտոնին, շատ էին կարծիքները, թե այդ համակարգում կինը չի կարող գործը գլուխ բերել: Որո՞նք են եղել այն դժվարությունները, որոնք դեռևս հաղթահարում եք: Եվ ի՞նչ «գին եք վճարել» այս բարդ ու պատասխանատու աշխատանքը ստանձնելու ճանապարհին:

-Ես դա «գին» չէի անվանի, ես դա կանվանեի ջանքեր, ընդ որում՝ ջանքեր, որոնք ուղղված են եղել ոչ թե ինչ-որ պաշտոն ստանձնելուն, այլ որոշակի փոփոխություններ իրականացնելուն: Իրավացի եք, այն դժվարությունները կամ խոչընդոտները, որոնք ես հաղաթահարել եմ, կամ հաղթահարում եմ առ այսօր, դրանք ավելի շատ մեր հասարակության մեջ առկա շատ խորը նստվածք ունեցող կարծրատիպեր են: Ես չեմ հավակնում համարվելու, որ ես գերազանցում եմ շատ տղամարդկանց կամ լավագույնն եմ, ով կարող էր այդ պաշտոնը ստանձնել, ամենևին ո՛չ, բայց ես համարում եմ, որ ունեմ  ծրագրեր, ցանկություններ և հնարավորություն այդ ամենը կյանքի կոչելու: Դա չի նշանակում, որ իմ մեկնակետն, ի սկզբանե, պիտի լինի թերահավատության մեջ, իսկ դա այդպես է. թերահավատությունը հայ հասարակության մեջ միշտ ուղեկցում է կնոջը՝ հատկապես եթե այդ կինը բարձր պաշտոն է զբաղեցնում և այնպիսի ոլորտում է, ինչպիսին արդարադատության ծանրագույն ոլորտն է, որտեղ կան կառույցներ, որոնք տարիների ընթացքում կայացել են, ունեն լրջագույն, արմատացած խնդիրներ, որոնք մեկ օրում կամ մեկ ժամում չես կարող լուծել: Շատերը միանգամից արմատական փոփոխություններեն ակնկալում: Կան որոշ արմատական քայլեր, որոնք արվել են, օրինակ՝ պրոբացիայի համակարգի ներդրումը, բայց կան խնդիրներ, որոնք հնարավոր չէ շատ արագ կամ նույնիսկ մեկ տարվա մեջ հաղթահարել:

-Մինչև ո՞ւր են հասնում Ձեր նպատակները. պատգամավոր, նախարար… Ձեր կարիերայի գագաթնակետը ո՞րը կարող է լինել:

-Չեմ համարում, որ իմ նպատակները կարիերայի շրջանակներում են սահմանափակվում, և ես կարիերայով է, որ պիտի իմ նպատակների գագաթնակետին հասնեմ: Ինձ համար անչափ կարևոր նշանակություն ունի մասնագիտական աճը և դա ինձ համար կարևորվում է հատկապես ԵՊՀ-ում իմ գիտական-մանկավարժական գործունեությամբ, որը ես կատարում եմ սիրով, բոլորը դա գիտեն: Ես ինձ ամենաիրացվածը և լիարժեքը զգում եմ ԵՊՀ-ում՝ լսարան մտնելիս, իմ ուսանողների միջավայրում, որտեղ զգում եմ նաև այն հայացքները, այն շնորհակալությունը, որը գալիս է առ քեզ գիտելիքի կամ վերաբերմունքի համար:  Իհարկե, կարիերան, պաշտոնը նշանակություն ունեն, բայց ես դրանց վերաբերվում եմ որպես աշխատանքի, որը ցանկանում եմ կատարել ու լավ կատարել: Որևէ պաշտոն  հարատև չէ և այդ պաշտոնի առկայությամբ կամ բացակայությամբ չեմ դատում իմ նպատակների գագաթնակետին հասնելը: Չեմ էլ ուզում ասել, որ կա դրա գագաթնակետը. նպատակները հարատև են ու փոփոխուն: Անընդհատ առաջ է պետք շարժվել՝ պահպանելով դիմագիծդ, արժեհամակարգդ և սկզբունքներդ: Սա ամենակարևորն է:

-Սա , ի վերջո, տղամարդկանց աշխարհ է, թե՞ կանայք այն արդեն դարձնում են իրենցը:

-Եթե աշխարհը սահմանափակենք փոքրիկ Հայաստանով, ապա ՀՀ-ում միշտ էլ եղել է պատրիարխալ հասարակություն, ես կասեի՝ ավելի տղամարադկանց թեքումով հասարակություն: Հարցի պատասխանը կար նախորդ՝ նախարար նշանակվելու մասին հարցում. քննարկվում էր միայն հանգամանք՝ սեռ  ու տարիք, ուրիշ ոչինչ : Մասնագիտական մոտեցումներ, պրոֆեսիոնալիզմ, աշխատասիրություն, ոչինչ չի քննարկվել առահասարակ, միայն ավելի շատ քննարկվել է սեռային պատկանելիության հարցը՝ ի՞նչ պիտի անի կին նախարարը այդ ոլորտում: Բայց ես կարծում եմ, որ մեր կանայք՝ նոր սերունդն էլ հատկապես շատ լավ հնարավորություններ ունեն ցույց տալու, ապացուցելու, որ եթե կինը զբաղվում է իր սիրելի աշխատանքով և դա անում է պրոֆոսիոնալ կերպով, ապա նա կարող է մրցակցել տղամարդկանց հետ ու իր խոսքն ասել և փորձել այնպես անել,  որ աշխարհի մի փոքրիկ անկյունում այդ աշխարհը դառնա կանանցը: Իսկ իրականում, ես կարծում եմ, որ աշխարհը բոլոր նրանցն է, ովքեր իրենց գործը սիրում և անում են պատվով:

-Ձեր անձնական կյանքը մշտապես ուշադրության կենտրոնում է, չեմ կարող չհետաքրքրվել՝ ինչպիսի՞ տղամարդ եք պատկերացնում Ձեր կողքին, ի՞նչ պարտադիր հատկանիշով պիտի նա օժտված լինի:

-Անկեղծ ասած, ես ոչ թե պատկերացումներով եմ առաջնորդվում, այլ իրականությամբ: Երբեք ինչ որ առանձնահատուկ պահանջներ տղամարդկանց չեմ առաջադրել: Բայց անչափ կարևորում եմ ինքնավստահություն ունեցող տղամարդկանց, որոնց մոտ դա չի վերածվում նարցիսիզմի՝ ընդ-որում չհիմնավորված նարցիսիզմի: Անչափ կարևորում եմ մեծահոգությունը  և բարդույթավորված չլինելը՝ դա  անչափ կարևոր է ներդաշնակության և հարաբերությունները ճիշտ կառուցելու համար. երբ քո որևէ ասածը իր մոտ   չի ընկալվում ճիշտ հակառակ կերպով ու նույնն էլ իր ասածի դեպքում: Դա պայմանավորված է մարդկանց աշխարհընկալմամբ և երևույնթներին ավելի լայն նայելու կարողությամբ: 

- Հայ կանայք առավել հաճախ ընտանիքը գերադասում են ամեն ինչից, պատրա՞ստ եք հանուն ընտանիքի հրաժարվել Ձեր կարևորագույն ձեռքբերումներից:

-Իսկ ո՞վ է ասել, որ այդ ձեռքբերումներն ու ընտանիքը իրար պարտադիր հակասում են: Դա տղամարդկանց բանաձևում է, իրենց շահերից բխող հարցադրում: Ինչ-որ  հարաբերություն կառուցելու համար՝ ընկերական, աշխատանքային, անձնական , ընտանեկան, իրար  պահանջներ չպետք է առաջադրել: Զիջումները բնական են տրվում՝ իրավիճակն այնպիսին է լինում, որ ակնհայտ է դառնում է, որ այդ իրավիճակում ճիշտ դա է: Հակառակ պարագայում այդտեղ չկա ընտանիք, չկա իրար հասկանալ, չկա փոխըմբռնում: Բայց  չի նշանակում, որ մարդիկ իրար հետ պիտի խոսեն վերջնագրերով, ուլտիմատումներով կամ միանգամից պարզեն՝ դու ինչի՞ է պատրաստ, ի՞նչ կզիջես: Դրանք միշտ լինում են փոխադարձ սկզբունքով, երբ մարդիկ հասկանում են, թե իրենց ընտանիքի համար ինչն է կարևոր: Ես բացառություն չեմ այս առումով, բայց ինձ թվում է՝  որևէ մեկին  հաճելի չէ, որ իրեն, ի սկզբանե, մոտենան այսպես՝ քո հետ ընտանիք կկառուցենք, եթե դու հրաժարվես այսինչ բանից: Ցանկացած  մարդ ունի անձնական կյանքում երջանկության իր բանաձևը: Հավատացած եղեք՝  կան կանայք, աղջիկներ, որոնք երջանիկ են զգում, երբ իրենց ինչ-որ բան սահմանափակում են: Դրանից իրենք ուղղակի համարում եմ, որ սիրված են, որովհետև եթե չեն թողնում տնից դուրս գալ, գնալ խանութ, ուրեմն այնքան ցանկալի ու սիրված են… Դա էլ իրենց բանաձևն է: Համարում եմ, որ ամեն մարդ ինքն է իր ճանապարհով առաջ շարժվում:

Ես իմ ճանպարհը չեմ պատրաստվում կառուցել ու չեմ էլ մտածում, որ երբևէ պիտի կառուցեմ այնպես, որ ինչ-որ մեկը միակողմանի պահանջներ առաջադրի ու այդ պահանջներն առաջադրելու ճանապարհով ես կառուցեմ իմ ընտանեկան երջանկությունը: Դա այնքան նուրբ, անձնական, կարևոր ու խորը երևույթ է, որը պատկանում է միայն այդ երկուսին ու  այս երկուսը պիտի որոշեն՝ ո՞րն է ճիշտը իրենց համար, ոչ թե հասարակությունն՝ իր կարծրատիպերով: Ի վերջո, հասարակությունն ապրում է իր կյանքով, իր հունով է ընթանում ամեն ինչ. օրինակ՝ ֆեյսբուքում շարունակվում են ինչ-որ թեմայով  լուտանքներ տեղալ, մեկ այլ տեղ շարունակում են գովեստի խոսքեր հնչեցնել, բայց այդ երկուսի կյանքը ընթանում է իրենց բանաձևով ու ուղիով:

-Ի՞նչն է Ձեզ  ամենից  շատ երջանկացնում և կյանքում ինչի՞ համար եք ամենից շատ շնորհակալ:

-Ես միշտ համարել եմ, որ երջանկությունը պահեր ու ակնթարթներ են, այն մշտական ստատիկ վիճակում չի գտնվում: Ինձ շատ բան կարող է երջանկացնել՝ օրինակ այդ պահին ասված բարի խոսքը, բարի հայացքը, ինչ-որ մեկի ուրախությունը, որը ես եմ պարգևել կամ նույնիսկ եթե ես չեմ պարգևել, հաջողված աշխատանքը, աշխատանքի ստացված արդյունքը, իմ աշխատակցի ոգևորությունը:  Ինձ երջանկություն շատ պարզ, մարդկային, պրիմիտիվ բաներ կարող են  պարգևել, ու ես շնորհակալ եմ հնարավորության համար՝տեսնելու, գնահատելու այդ ամենը և, ինչու ոչ,  հաճախ հնարավորություն ունենալու ստեղծելայդ երջանկության ակնթարթները՝ թե՛ իմ,  թե՛ ուրիշի համար:

-Դուք զբաղվում եք նրանով, ինչին հավատում եք, թե՞ փորձում եք հավատալ նրան, ինչով զբաղվում եք:

-Յուրաքանչյույրը, ով ուզում է  հաջողել ինչ-որ բանում, պիտի հավատա նրան, ինչ ինքը անում է: Մի շատ պատկերավոր օրինակ բերեմ՝ անձը, որը շտապում է գետի մի ափից մյուս ափն անցնել, մոտենում է թիավարին ու խնդրում իրեն արագ փոխադրել: Երբ նստում է նավակի մեջ, նկատում է, որ թիերից մեկի վրա գրված է «աշխատանք», մյուսի վրա՝ «հավատ»: Հարցնում է, թե ինչո՞ւ է գրված «աշխատանք»  ու«հավատ», թիավարը  բացատրում է, որ հավատը իր հոգևոր սնունդն է, աշխատանքը՝ մարմնական կարիքների բավարարման համար է: Մարդը, որ աշխատանքի էր շտապում, ասում է՝ լավ աշխատանքի հատվածը հասկանում եմ, հավատն ինչո՞ւ ես գրել, այդ պահին թիավարը բաց է թողնում  է թիերից մեկը, որի վրա գրված էր «հավատ» ու նավը դադարում է շարժվել, տեղում սկսում է պտտվել, առաջ չի գնում: Իմաստությունը ցույց է տալիս, որ եթե դուչ հավատաս այն աշխատանքին, որը կատարում ես, տեղում դոփելու ես: Ես  միշտ ուզում եմ հավատալ նրան, ինչն  ինքս նախաձեռնել եմ ու անում եմ. այդ դեպքում ստացվում է, որ դու անզիվ ես ու անկեղծ: Այդ դեպքում դու հաջողում ես:

-Ո՞րն է եղել ամենակարևոր խորհուրդը, որ Դուք ստացել ու տվել եք երբև, կամ գուցե կա խորհուրդ, որը կուզեիք տալ:

-Ինձ համար ամենակարևոր խորհուրդներից մեկը ՝ «երբեք չփորձել համեմատվել ինչ-որ մեկի հետ»: Միակ  մարդը, ում հետ ես պիտի համեմատվեմ, դա ես եմ նախկինում և դա ես եմ՝ ապագայում:  Որևէ մեկը  անցյալով կամ ապագայով չի առաջնորդվում, իրականությունը ներկան է, բայց այդ ներկայում ես  որևէ մեկի հետ չեմ համեմատվում, միայն ինքս ինձ հետ՝ փորձելով հաղթահարել դժվարություններն ու շտկել թերությունները, սովորել իմ սխալների վրա:

-Իսկ անցյալից կա՞ մի բան, որ պահել եք, բայց վաղուց ժամանակն էր բաց թողնել:

-Երևի թե՝ ոչ: Տարիներ առաջ, երբ ընթերցում էի Ռեմարկի «Երեք ընկերը», մի շատ հետաքրքիր միտք ինձ հանդիպեց ու այդ միտքը ինձ միշտ ուղեկցում է: Մոտավորապես այսպես է հնչում խորհուրդը՝  «Սրտիդ երբեք մոտ ոչինչ մի ընդունիր: Երբ սրտիդ ինչ-որ բան մոտ ընդունես, կցանկանաս ուժով պահել, իսկ ուժով պահել ոչինչ հնարավոր չէ»: Եթե ինչ-որ բան ժամանակն է բաց թողնել, այն պիտի գնացած լինի, ինձ մոտ չպիտի լինի: Ես ուժով ոչինչ չեմ պահում: Անգամ եթե ցանկանամ պահել, այս միտքը միշտ ինձ բալանսի է բերում՝  ոչնչից պետք չէ կառչած լինել, որովհետև երբեք չգիտես հաջորդ պահին ինչ է լինելու:

-Եթե պատկերացնենք, որ մարդը միջինում պայմանական ապրում է 50  տարի, ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում, ի՞նչ կանեիք, որպեսզի Ձեր կյանքն ավելի լիարժեք լիներ:

-Մի հետաքրքիր բան ասեմ Ձեզ՝ ես հիմա էլ ինձ լիարժեք եմ համարում, կյանքիս բանաձև այն է, որ պիտի փորձել յուրաքանչյուր օրդ ապրել այնպես, ինչպես դա քո վերջին օրն է՝ մի քիչ խտացված, բայց պիտի փորձել: Անգամ եթե 50 տարի լիներ, կամ 30-40 տարի, ոչինչ չէի փոխի, որովհետև իմ կյանքում բնական ու օրինաչափ ճանապարհով է ընթացել ամեն ինչ ու ես ինձ լիարժեք եմ զգում, հիմա էլ լիարժեք եմ՝ դեռ չհատելով 50-ի և նույնսիկ 40-ի շեմը և դա համար որևէ հատուկ ինչ-որ փոփոխություն դժվար թե անեի: Թերևս Էլ ավելի հոգատար կլինեի յուրաքանչյուր օրվա, մարդկանց ու մարդկային արժեքների նկատմամբ:

-Եթե հետ գնանք մանկություն, կհիշե՞ք ամենալուսավոր ու երջանիկ հուշը, որ մինչև հիմա չի մոռացվել:

-Ես շատ երջանիկ մանկություն եմ ունեցել և հիշողություններ շատ կան, բայց կա մեկը, որ մայրիկս էլ է հաճախ պատմում: Մեր տան կողքը գրադարան կար՝ շատ հեռու չէր, բայց անհրաժեշտ էր փողոց անցնել դրա համար էլ մայրս մտահոգվում էր՝թողնի թե՞ ոչ: Այսօրվա պես հիշում եմ, մանկությանս ընկերուհիներից մեկի՝ Վարդուհու հետ էինք գնում, մամայի անձնագիրը գաղտնի վերցրել էի, որ գրադարանից գրքեր վերցնեմ: Քանի որ տեսողության հետ խնդիր եմ շատ վաղ տարիքից ունեցել, հաճախ մայրս  չէր թողնում գրքերի մեծ քանակություն բերել : Ես տասը տարեկան էի: Մայրս խոհանոցում ճաշ էր պատրաստում, անձնագիրը պահած տեղից թաքուն վերցրի, գնացի գրադարան: Հիշում եմ, որ երբ վերադարձա տուն, վրաս բարկացավ: Մայրս միշտ պատմում է, որ եկել եմ տուն, դուռը բացել է, դեմքս չի երևացել, որովհետև գրքերը շարած եկել էի: Բարկացավ, որ անձնագիրն առանց իրեն ասելու վերցրել, գնացել եմ, ու որպես  ինձ արդարացում փոխանակ ասեմ՝ «մա՛մ, մի ամսում կավարտեմ, միանգամից շատ գիրք բերեցի», ասել եմ՝«մայրի՛կ, խնդրում եմ՝ մի բարկացի, ես երկու օրում կավարտեմ ամբողջը»: Բայց նա հենց դրա համար էր բարկանում, որ շատ եմ կարդում (ծիծաղում է): Այդ դեպքից հետո մամայի հետ բանակցում էի գրքեր բերելու համար:

-Փորձեք  հիշել մի դեպք, որից վշտացել եք, Ձեզ որևէ կերպ  ցավեցրել է, հիմա այն կարևո՞ր է Ձեզ համար:

-Իրականում,  ինձ վշտացրել են տարբեր երևույթներ: Դրանցից որոշները մինչև այսօր կարևոր են և, կարծում եմ, մինչև կյանքիս վերջ կարևոր կլինեն: Որոշները կարևոր են եղել այդ փուլում և  հիմա այլևս կարևոր չեն: Առաջին շարքի երևույթներից կառանձնանեմ պապիկիս մահը, որից 17 տարի է անցել. 2000 թվականներ էր, մի քանի ամիս էր մնացել որպեսզի ընդունվեի ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ ու շատ անպսասելի կերպով պապիկս մահացավ : Նրա համար էլ էր շատ կարևոր, թե ես ո՞ւր կընդունվեմ, ինչպե՞ս, որքա՞ն միավորներով: Մահվան վերջին ժամերին էլ միայն ինձ հետ էր խոսում: Ես հիմա էլ  շատ ծանր ու ցավոտ եմ տանում այդ երևույթը ու այն ինձ միշտ կուղեկցի: Եղել է, որ որևէ ընկերոջ հատկության մեջ հիասթափվել եմ, բայց հետո համարել եմ, որ ես իրավունք չունեմ քննադատել կամ դատապարտել մարդկանց կամ պահանջել նրանցից այն , ինչ իրենք չեն կարող տալ: Մարդուց միշտ պետք է ուզես այն, ինչ ինքը կարող է քեզ տալ, երբեք իր հնարավորություններից բարձր պահանջներ բոլոր առումներով՝ բարոյականության, ընկերության նորմերի պահպանման, ճիշտ հաաբերությունների կառուցման չպետք է պահանջես:  Դու պիտի միշտ այդպես լինես՝ փոխադարձությունը տեսնելով կամ չտեսնելով, հետևություններ անես, բայց պահանջել այն, ինչ ինքը քեզ չի կարող տալ, դա սկզբունքորեն թունավորում է և՛ քեզ, և՛ դիմացինին: Դա ինձ համար շատ կարևոր է եղել  այդ հիասթափության փուլում, վշտացրել է, ցավ է պատճառել, բայց հիմա՝ այս պահին, կարող եմ ասել, որ կարևոր չէ:

-Ըստ Ձեզ՝ մենք ինչո՞ւ ենք վախենում սխալվելուց, եթե ասում են, որ սովորում ենք մեր սխալների վրա:

-Ասում են չէ՞՝ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում և պիտի վախենալ ոչ թե սխալվելուց, ալ այդ սխալները կրկնելուց: Ես երբեք չեմ վախեցել սխալվելուց, բայց նաև վախենում եմ շատ սխալվելուց: Սխալվելը շատ մարդկային հատկանիշ է, բայց մարդկային է նաև վախենալը սխալվելուց, որովհետև ես, օրինակ, միշտ չէ, որ վստահ եմ, որ այն սխալը, որը ես թույլ եմ տալիս, ընկալվելու է այնքան ադեկվատ, որքան սխալի արժեքն ու գինն է: Ամեն սխալ ունի իր արժեքը, գինը և դրան համարժեք վերաբերմունք պիտի լինի. չպիտի մի սխալի դեպքում քեզ ներեն միանգամից, կամ այդ նույն սխալի դեպքում քեզ կամ մեկ ուրիշին պատժեն ամենախիստ ձևով: Շատ հաճախ մարդկանց վախերը պայմանավորված են չհասկացված լինելով, իրենց սխալի պատճառները մարդկանց տեղ հասցնելու կարողության բացակայությամբ: Մարդ  միշտ  վախենում է՝ կկարողանա՞ ինքը բացատրել իր սխալի հիմքերը, մոտիվացիան, կամ արդյոք իր սխալը այնպիսի գնահատական կունենա՞, որը իրականում այդ սխալի արժեքն է: Այսպիսի  խոսք կա, ասում են՝ սխալվելը մարդկային է, ներելը՝ աստվածային: Ասել, որ այդ «աստվածային» կարողությամբ օժտված են բոլոր մարդկային էակները, ես վերապահումով կմոտենայի:  Իհարկե, չսխալվող մարդիկ չկան և սխալների վրա ես կառուցում փորձառություն:

3 առանձին, մշտական հարցեր՝

-Ի՞նչ կփոխեիք ամենաառաջինը մեր երկրում, եթե մեկ օրով լինեիք ղեկավար:

-Կարգադրություններ կարձակեի ոչ թե մեկ այլ մի քանի օրվա համար (ծիծաղում է):

-Կյանքի ամենամեծ ձախողումը:

-Բարեբախտաբար, ձախողում, որը ես կորակեի կյանքում ամենամեծը, չի եղել: Հուսամ՝ չի էլ լինի:

-Ի՞նչ գերբնական ուժով կուզեիք օժտված լինել:

-Չէի ուզենա ունենալ որևէ անբնական կամ գերբնական  բան, բայց եթ մի օր իմ կամքից անկախ ես ունենայի այդ ուժը, մարդկանց շատ բարություն կտայի, որը պակասում է շատերիս: Բարություն կսփռեի:

 

Կարինա Սահակյան

Խաչատուր Էլլոյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին